‘«Գելլափ» ըլնեմ, թե սուտ եմ ասում’

1440

Նախօրեին տխրահռչակ «Գելլափ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է իր իրականացրած «սոցիոլոգիական հարցման» արդյունքները: Լրագրողներին զարմացրել են ոչ միայն այդ «հետազոտության» արդյունքները, այլեւ դրա անվանումը: Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել է, որ հարցումն անվանել է … «Ընդդիմադիր ըլնեմ»:

Չխորանալով Արամ Նավասարդյանի հայտարարած թվերի մեջ՝ նշենք միայն, որ նա այն «Գելլափ»-ի տնօրենն է, որը տարիներ շարունակ թվեր էր «թխում» Սերժ Սարգսյանի համար, եւ որը, ինչպես պարզվեց մի քանի տարի առաջ, իրական «Գելլափը» չէ:

Իրական «Գելլափը» 1935-ին հայտնի սոցիոլոգ, վիճակագիր Ջորջ Գելլափի հիմնադրած ամերիկյան «Gallup Organization»-ն է, իսկ այս մի «Գելլափը» հայտնի բրենդը յուրացրած եւ դրա շնորհիվ հանրության մեջ վստահություն ներշնչելու փորձ անող կազմակերպություն է, որի հայաստանյան ներկայացուցչությունը տարիներ ի վեր իշխանական պատվերով «շոշափում է» հասարակական տրամադրությունները: Այս կազմակերպությունը յուրաքանչյուր պատեհ առիթով «հանրային հարցման» արդյունքներ է ներկայացնում, որոնց նպատակը այս կամ այն իշխանական գործչի նկատմամբ «վստահության բարձր ցուցիչը» ցույց տալն է, կամ հակառակը՝ ընդդիմության «անհեռանկարային» լինելը: Այդ առաքելությունը քվազի-գելլափը իրականացրել է 2013-ի նախագահական եւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Վերջերս էլ՝ նախորդ դեկտեմբերին ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչների դեմ աղմկահարույց բռնությունների ֆոնին, այս կազմակերպությունը շտապեց ներկայացնել, թե իբր հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում ոստիկանապետ Վովա Գասպարյանի գործունեությունը:  

Պատահական չէ, որ «Գելլափ Ինտերնեյշնլ Արմենիա»-ն սերտորեն համագործակցում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «ՊանԱրմենիան Մեդիա գրուպ»-ի հետ:

Այս անգամվա «հարցման» արդյունքներն էլ, նախորդների նման, միտված են սեւացնել ընդդիմությանը: Սա արտահայտվում է հենց հետազոտության անվանման մեջ՝ «Ընդդիմադիր ըլնեմ»:

Շատերը հասկանում են, որ փողոցային ժարգոնից վերցված այս արտահայտության մեջ «ընդդիմադիրն» ընկալվում է որպես հայհոյանք:Եւ միայն այս արտահայտությունից կարելի է հետեւություն անել, թե որքանով են անաչառ  ու արժանահավատ «հետազատության» արդյունքները:

Ի դեպ, սույն հետազոտության պրեզենտացիային, Նավասարդյանը «ուշագրավ» բացատրություն է տվել այն կապակցությամբ, թե ինչու է նման վերնագիր ընտրել:

«Ես անկախ հետազոտական կենտրոն եմ և ես իրավասու եմ իմ պրեզենտացիային տալ այն անվանումը, որը ես կարծում եմ՝ հարմար է, դա իմ իրավունքն է, դուք կարող եք համաձայնել, կարող եք չհամաձայնել»,- հայտարարել է նա:

Էստեղ կասեին՝ «նավասարդյանական «գելլափ» ըլնես, թե անկախ չես»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Միակ կարևոր բանը՝ Հայաստանի ազատագրումն այս վարչախմբի ճիրաններից’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր արտահանողների համար շահութահարկը 10 անգամ կիջեցի’