‘Գեղամյանը հետընտրական բողոքը համարում է «թուրք-ազերիական գաղափարական մեքենայի» աշխատանք’

1178

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այսօր ելույթի համար գրանցված ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ՝ նրանց թվում՝ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ականներ Նաիրա Կարապետյանը, Մանվել Բադեյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը եւ այլոք, իրենց ելույթները նվիրեցին ՀՀ պատմության մեջ «ամենաորակյալ» ընտրությունների թեզի պաշտպանությանը: Այս նպատակի համար հիմնական փաստարկը միջազգային դիտորդների գնահատականներն էին: Իսկ թիվ 37 ընտրատարածքը (Սյունիք)  ներկայացնող Հայկ Գեւորգյանն իր ելույթն օգտագործեց օրեր առաջ ԱԺ նիստերից մեկում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ուղղված քննադատությանը «հակադարձելու» գործին: Հայտարարելով, որ հանդես է գալիս «բազմաթիվ սյունեցիների» անունից, երիտասարդ պատգամավորը թվարկեց «արցախյան ազատամարտի մասնակից մարզպետի արժանիքները»:

«Բարոյական չէ, որ բարոյականությունից խոսացող գործիչը կորցնում է իր բարոյական նորմը», — դիմելով դահլիճից բացակայող Արամ Մանուկյանին, նշեց Գեւորգյանը: Նա իր ելույթը եզրափակեց Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքներով, որը «Գորիսում ջախջախիչ հաղթանակ է տարել»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ՀՀԿ-ՕԵԿ-ական պատգամավորների ելույթներն իրեն  ՍՄԿԿ համագումարները հիշեցրին. «Այդ ելույթներն այլ կերպ, քան քծնանքի, շողոքորթության կենացներ, բնորոշել հնարավոր չէ», — ասաց տիկին Զոհրաբյանը՝ ցավ հայտնելով, որ ընդդիմախոսին վարկաբելելու գործելաոճը մեծամասնության աշխատանքի անբաժան մասն է:

Նա նշեց, որ քաղաքական լրջագույն իրավիճակ երկրորւմ ստեղծվել է ոչ թե փետրվարի 18-ի ընտրություններից հետո, այլ բավական երկար ժամանակ ի վեր:

«Երբ ԲՀԿ-ը ասում էր, որ երկիրը կանգնած է  լրջագույն սոցիալ-տնտեսական քաղաքական ճգնաժամի առաջ, մեզ մեղադրում էին, որ մենք կառավարության ու նրա ղեկավարի դեմ խարչակրաց արշավանքի է ելել: Որեւէ մեկն արժանի չէ, որ մենք նրա դեմ անհատապես արշավանքի ելնենք: Մենք ասում էինք, որ եթե թալանելու եք, ճնշելու եք գործարարությունը, դրա պատասխանը լինելու է բողոքավորների թվի մեծացումը», — ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, երբ այս պայմաններում կառավարությունը թույլ է տալիս թանկարժեք զուգարաններ կայացնել այլ բան սպասելի չէ, եւ «պետք չէ դեմագոգիայով զբաղվել, թե տուրիզմ եք զարգացնում: Տուրիզմ զարգացնելու համար մտածեք այն մասին, որ ձեր տոմսերը ամենաթանկն են Եվրոպայում»:

Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, ընտրությւոնների «անբասիրությունը» ապացուցելու համար նշեց, որ վերջերս վերադարձել է Վիեննայում տեղի ունեցող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներից, որտեղ, ըստ նրա, բոլորը միահամուռ արձանագրում էին, որ Հայաստանում տեղի են ունեցել «լավագույն ընտրությունները»: Եվ դա, Գեղամյանի խոսքով, առաջացրել է «թուրք-ադրբեջանական գաղափարական մեքենայի» դժգոհությունը: Ըստ ՀՀԿ-ականի, «թուրք-ազերիական» տանդեմը հասավ իր նպատակին՝ Հայաստանում ներքին կայունույթունը փորձում են խարխլել:

 

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ՝ Բաբկեն Հարությունյանը’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Փետրվարի 18-ը համալրեց կեղծված ընտրությունների ցանկը’