‘Գեղարքունիքում սոցիալական բունտ է հասունանում. Կառավարությունն արգելում է խեցգետնի արտահանումը ‘

1798

Գեղարքունիքում սոցիալական բունտ է հասունանում: Տարիներ ի վեր Սեւանա լճի բարիքներից օգտվող մարզի բնակիչները լուրջ մտավախություն ունեն, որ իրենց վաստակի ավանդական աղբյուրը՝ ձկնորսությունն ու խեցգետնի որսը, կարողէ սպառվել:

Կառավարության որոշման համաձայն, մայիսի 13-ից Սեւանում արգելվել է խեցգետնի որսը, հետեւաբար նաեւ՝ արտահանումը: Վերջին մի քանի տարում խեցգետնի՝ հիմնակում Ռուսաստան արտահանումը բավական աշխուժություն էր մտցրել մարզի տնտեսական կյանքում: Շահույթ էին ստանում ոչ միայն արտահանողները, այլեւ որսացողները, մանր ու միջին ավազանների աշխատակիցները եւ այլք:

Վերջին արգելքից հետո տնտեսվարողները չեն կարողանում արտահանել շուրջ 150 տոննա մթերած եւ ավազաններում պահվող խեցգետինը: Նրանք ասում են, որ իրենց սնանկացում է սպառնում, որովհետեւ ապրանքի դիմաց վճարել են լճից որսացողներին, բայց շահույթ չեն կարողանում ստանալ, հակառակը՝ օրեցօր ավելի ու ավելի մեծ վնասներ են կրում պահպանման ծախսերի պատճառով:

Այսօր Գեղարքունիքի մի քանի համայնքների բնակիչներ պատրաստվում էին ի նշան բողոքի  փակել մայրուղին: iLur.am-ի խմբագրություն զանգած  եւ Գարուշ ներկայացած քաղաքացին տեղեկացրեց, որ ցուցարարները, տեղի տալով մարզային ոստիկանության սպաների խնդրանքներին, որոշել են առայժմ չփակել ճանապարհը եւ փորձել հարցը լուծել մարզային ու հանրապետական իշխանությունների հետ քննարկումների միջոցով: Նրանց մի մասին ընդունել է նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանը, խոստացել է հարցին լուծում գտնել:
«Մենք պապենական ձուկ ու ռակ բռնող ենք, ես փող աշխատելու ուրիշ ձեւ չգիտեմ: Հիմա եթե արգելում են ռակ բռնելը, ես կամ պետք ա գնամ Ռուսաստան, կամ գողություն անեմ, որ տունս պահեմ», — ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ տնտեսվարողների պահանջն է՝ թույլատրել արտահանել ավազաններում եղած խեցգետինը, մինչեւ հետագայի համար լուծումներ կգտնեն:

Նախորդ հոդվածը‘Ազնավուրը Երեւանի ինտերակտիվ թանգարանում կպատմի Ազնավուրի մասին’
Հաջորդ հոդվածը‘Կլիմայի վերաբերյալ փարիզյան պայմանագիրը. Թրամփն այսօր որոշում կկայացնի’