‘Գեորգի Խուցիշվիլի. Վրաստանի ԱԺ ընտրությունները ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա’

971

Հարցազրույց վրաց քաղաքագետ, «Հակամարտությունների եւ բանակցությունների հարցերով միջազգային կենտրոնի» տնօրեն Գեորգի Խուցիշվիլիի հետ

-Պարոն Խուցիշվիլի, ինչպե՞ս եք գնահատում վերջերս Վրաստանում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող իշխանությունները փաստացի ընդունեցին եւ արձանագրեցին ընդդիմության հաղթանակը, ինչն անսպասելի էր թվում: 

-Այո, դա անսպասելի էր, քանի որ իրավիճակն այնպիսին էր թվում, թե եթե Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթանակի, ապա իշխող կուսակցությունը դրա հետ չի համակերպվելու եւ չի արձանագրելու այդ հաղթանակը, եւ որ այն ավելի շուտ կգնա ինչ-որ էքստրեմալ սցենարների, որպեսզի մտցնեն արտակարգ դրություն, դադարեցնեն Սահմանադրության գործունեությունը, եւ ընտրությունները հայտարարեն անվավեր: Սակայն, ամեն ինչ ստացվեց լիովին այլ կերպ, ոչ միայն «Վրացական երազանքը» հաղթեց, այլեւ` իշխող կուսակցությունը համաձայնեց այդ հաղթանակի հետ, եւ դեռ ավելին` դառնալ ընդդիմադիր: Դա այնքան անսպասելի էր բոլորի համար, որ դժվար էր նույնիսկ վերատրամադրվելը: Եւ այդ պարագայում, եթե իշխող «Ազգային շարժումը» գտնվում է ընդդիմության մեջ, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանք համակերպվել են իրենց երկրորդական դերի հետ: Նրանք այժմ ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի մոտ ապագայում ցույց տան նոր իշխանությունների անգործությունը, հակառակ պարագայում նրանց սպասվում է տարրալուծում, այսինքն` քաղաքական անէացում: Այդ առումով՝ նրանք այժմ գտնվում են որոշակի իմաստով կրիտիկական վիճակում: Այդ պատճառով էլ նրանք հիմա փորձում են, այսպես ասած, արագ արձագանքել ամեն ինչին: Նոր իշխանությունը` Ւվանիշվիլիի գլխավորությամբ, դեռ կառավարության ձեւավորման փուլում է, եւ տեսնենք, թե ամեն ինչ ինչպես կընթանա:

-Այն բանից հետո, երբ նախագահ Սաակաշվիլին ընդունեց Իվանիշվիլիի հաղթանակը, կարծիքներ հնչեցին, որ չնայած պաշտոնապես արձանագրված պարտությանը՝ այդ քայլով Վրաստանի նախագահն, այդուհանդերձ, հաղթեց: Կիսո՞ւմ եք այդ տեսակետները:

-Կան այդ փաստի մի քանի վերլուծություններ: Ըստ տեսակետներից մեկի`այդ քայլով եւս մեկ անգամ փաստարկվեց Սաակաշվիլիի եւ նրա իշխանության ժողովրդավար լինելը` անգամ քաղաքական պարտության պարագայում: Այսինքն, նրանք շատ քաղաքակիրթ քայլ են կատարել, ինչը մեծ պլյուս էր նրա համար: Սակայն, այդ փաստի ներքին գնահատականը տարբերվում է, եւ Վրաստանում հնչող գերակշռող տեսակետն այն է, որ այդ ամենն արվել է Արեւմուտքի եւ, մասնավորապես, Միացյալ Նահանգների ճնշումների ներքո, եւ որ հակառակ պարագայում Սաակաշվիլին չէր գնա այդ քայլին: Եւ քանի որ Սաակաշվիլիի ներքին իմիջն արդեն իսկ բացասական էր, այսինքն՝ մարդիկ ներսում համարում էին, որ նրա իշխանությունն ավտորիտար էր, որ նա ամեն գնով փորձում է մնալ իշխանության ղեկին, ուստի եւ այդ քայլից հետո մարդկանց ուղեղում միայն մի միտք ծագեց՝ որ Ամերիկան ճնշեց: Բայց իմ տեսակետը մի փոքր այլ է:

-Ո՞րն է ձեր անձնական տեսակետը:

-Իմ կարծիքով՝ Սաակաշվիլին եւ նրա իշխանությունը հաշվարկ են արել, ըստ որի` նրանք զիջում են իրենց դիրքերը երկրի ներսում, այսինքն՝ արդեն շատ բան կորցրել են, եւ եթե հիմա էլ կորցնեն իրենց դիրքերը նաեւ դրսի իրենց աջակիցների եւ կողմնակիցների մոտ, ապա այդ դեպքում նրանք կհայտնվեն զրոյական դիրքում: Իսկ այսպես նրանք գոնե կպահպանեն իրենց միջազգային հեղինակությունը: Այսինքն, նրանք փրկեցին իրենց հեղինակությունը:

Հենց պարոն Իվանիշվիլին հայտնվեց քաղաքական հարթակում, բոլորի մոտ այն կարծիքը ձեւավորվեց, որ նա պրոռուսական դիրքորոշում ունի: Սակայն վերջին շրջանում նաեւ հակառակ տեսակետներ են հնչում: Ըստ ձեզ, ի վերջո, ո՞րն է նրա կողմնորոշումը, ո՞ւր է նա տանելու Վրաստանը` Սաակաշվիլիի՞ ճանապարհով, թե՞, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն:

-Սաակաշվիլին այժմ էլ, եւ մշապես էլ ընդգծել է, որ ինքը Իվանիշվիլիի հետ հիմնարար, ֆունդամենտալ քաղաքական տարբերություններ ունի: Որո՞նք են այդ տարբերությունները: Սաակաշվիլին եւ նրա ներկայացուցիչները համարում են, որ Ռուսաստանի հետ համաձայնության գալն անհնար է: Որ դա այն երկիրն է, որը ցանկանում է իր համար օգուտ քաղել`առանց կոմպրոմիսների: Միեւնույն ժամանակ՝ նրանք համարում են, որ չի կարելի միաժամանակ երկու տիրոջ ծառա լինել: Այսինքն, Վրաստանը պետք է հստակ կողմնորոշում ունենա` Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: Չնայած, իմ կարծիքով` այդ կատարյալ սեւ-սպիտակ տեսակետը, որ եթե արեւմտամետ ես, ապա պետք է լինես հակառուսական, տրամաբանությանը հակասում է:

-Եւ ո՞ր ճանապարհը կընտրի Իվանիշվիլին:

-Իվանիշվիլին այժմ գտնվում է դժվար երկընտրանքի առաջ: Նա պետք է հաղթահարի այդ կարծրատիպը, այն խախուտ պատկերացումը, թե եթե դու արեւմտամետ ես, ապա անպայման պետք է լինես հակառուսական: Ի դեպ, նույն Ռուսաստանն էլ մշտապես շեշտում է իր եվրոպականությունը, որ նա էլ հակված է եվրոպական արժեքներին, բայց միեւնույն ժամանակ ինքը չի ցանկանում Արեւմուտքի առաջխաղացումը դեպի արեւելք եւ, մասնավորապես, Վրաստանի` ՆԱՏՕ-ի հավանական անդամակցությունը: Ինչ վերաբերում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ապա դա չի կարող խոչընդոտ դառնալ, քանի որ դա այնքան էլ իրատեսական չէ: Վրաստանը զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, բայց միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը երկար տարիներ չի լինելու: Այդ պատճառով ես հնարավոր եմ համարում, որ Վրաստանը, պահպանելով իր արեւմտամետությունը եւ միաժամանակ չլինելով ոչ մի ռազմական դաշինքի անդամ, ունի հնարավորություն ոչ թե որոշակի չեզոքություն պահելու (ինչը պետք էլ չէ անել), այլ պետք է իրեն վերապահի այն հնարավորությունը, որ ցանկացած պահի կարող է անդամակցել այն ռազմական դաշինքին, որը ձեռնտու է իրեն` կախված արտաքին մարտահրավերներից: Բայց արտաքին քաղաքական այդ մարտահրավերները պետք է հասցնել մինիմումի եւ զարգացնել հարաբերությունները բոլոր հնարավոր հարցերում` անգամ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի չկարգավորված հակամարտության պարագայում:

-Բայց արդյո՞ք դա Իվանիշվիլիին կհաջողվի:

-Այ դրանում ես համոզված չեմ: Բայց տեսականորեն դա համարում եմ հավանական: Այստեղ շատ նուրբ դիվանագիտություն է պետք:

-Իսկ արդյո՞ք նրան կհաջողվի,որեւէ բան չզիջելով՝ հասնել հաջողության:

-Այս հարցում միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ այնպիսի զիջումների, ինչպիսին է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելը, Իվանիշվիլին չի գնա, քանի որ նրան ուղղակի չի աջակցի վրաց ժողովուրդը: Դա կհամարվի հակապետական քայլ: Իսկ եթե մի կողմ դրվի կարգավիճակի հարցը, եւ զարգացնեն հարաբերությունները մնացած հարցերում, ոչ միայն  Ռուսաստանի, այլեւ` Աբխազիայի եւ Հր. Օսիայի հետ երկկողմ հարաբերությունները, այ դա իրատեսական է:

-Իսկ, ըստ ձեզ, ինչպե՞ս Իվանիշվիլին կզարգացնի սահմանակից հարեւանների հետ հարաբերությունները:

-Ես ավելին ասեմ, ես կարծում եմ, որ Վրաստանը կարող էր հանդես գալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դերում: Բայց դա շատ բարդ էր անել Սաակաշվիլիի օրոք: Ի հակառակ՝ Իվանիշվիլին ունի ավելի շատ հնարավորություններ այդ քայլն անելու համար: Բայց այն պարագայում, եթե մինչ այդ նա մեռյալ կետից շարժի մեր սեփական հակամարտությունները: Իսկ դա էլ իր հերթին բարդ է, քանի որ Ռուսաստանը շահագրգռգված է ստատուս քվոյի պահպանման հարցում:

-Բայց որքա՞ն հավանական է այն, որ Վրաստանը կարող է միջնորդ լինել, եթե ինքը մշտապես հանդես է գալիս ոչ որպես չեզոք կողմ, այլ` ակնհայտ ընդգծված պրոադրբեջանական դիրքերից:

-Դա շատ բարդ է, բայց միեւնույն ժամանակ Վրաստանը հարեւան պետություն է, որն ավելի շատ ըմբռնում ունի այդ հարցում:

Վրաստանի ԱԺ ընտրությունները Հարավային Կովկասում առաջին ընտրություններն էին, որտեղ առաջին անգամ իշխանությունը ընտրությունների միջոցով հանձնեց իշխանությունը: Ըստ ձեզ, արդյո՞ք դա կարող է օրինակ կամ նախադեպ դառնալ հարեւան պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի համար:

-Անպայման, կարծում եմ, որ դա ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Քանի որ բոլոր երեք երկրները զուգահեռաբար զարգացել են դեպի ավտորիտար իշխանություն, եւ Վրաստանը նորից ստեղծեց հակառակ օրինակը: Այսինքն, հետքայլ է արել այդ ավանդույթից եւ ստեղծել է հիմք այն բանի համար, որպեսզի այլ երկրներում եւս տեղի ունենան փոփոխություններ: Այստեղ՝ Վրաստանում, մարդիկ առաջին անգամ համոզվել են, որ հնարավոր է սեփական կամարտահայտության միջոցով փոխել իշխանությունը: Եւ դա արդեն ուրիշների համար էլ կդառնա օրինակ: 

Քրիստինե Խանումյան

«Չորրորդ Ինքնիշխանություն»

10.11.2012 

Նախորդ հոդվածը‘Շրի-Լանկայի ամենախոշոր բանտում ապստամբություն է բարձրացել ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում ձերբակալվել են հիվանդներին անորակ սարքեր պատվաստած մի խումբ բժիշկներ’