‘Գերակա շահի նոր օբյեկտը. Քաղաքապետը սեփականության օտարումը վերագրում է քաղաքացիների ցանկությանը’

1705

Բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված` Պռոշյան  փողոցի տների բնակիչները ոչ մեկին չեն խնդրել քանդել իրենց բնակարանները եւ տեղում նոր բազմաբնակարան շենք կառուցել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Երևանի քաղաքապետի  առաջարկով Կառավարությունը քննարկեց Պռոշյան և Դ. Դեմիճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքի նկատմամբ բացառիկ՝  գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անթաքույց  դժգոհությամբ  լսեց, բայց այնուամենայնիվ հաստատեց այդ որոշումը: Նշենք, որ վերոնշյալ տարածքներում կառուցաատողը դարձյալ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն է:

Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրած տեղեկանք հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ նշված հատվածի «նկատմամբ գերակա շահ ճանաչվելու պարագայում սեփականատերերի խնդրանքով կկառուցվի բազմաբնակարան շենք, որից և փոխհատուցման կարգով բնակարաններ և տարածքներ կստանան վերը նշված սեփականատերերը»:

iLur.am-ը զրուցեց տարածքի բնակիչների հետ, որոնք սակայն հերքեցին՝ ասելով, որ իրենք որևէ մեկին նման բան չեն խնդրել: Պռոշյան փողոցի տներից մեկի բնակչուհի Օֆելյա Վարդանյանը երկրի ոչ մի պետական կառույցից ակնկալիք չունի:

«Ես իմ տանը կապրեմ, կկարողանամ կկառուցեմ, կբարեկարգեմ, չեմ կարողանա՝ իմ եղած քառակուսին ինձ բավական է: Ես պայմանագիր չեմ կնքի և չեմ էլ ուզում, որ քանդեն: Ինձ նամակ է եկել, որ հիսուն հազար են տալիս իմ տանը: Ես երեք հասուն երեխա ունեմ,հիսուն հազարով  չգիտեմ որ ծայրամասում նույնիսկ ոչինչ չեմ կարող առնել: Ոչ նրանց գումարն է ինձ ձեռք  տալիս, ոչ էլ նրանց կառուցապատման պայմանագիրը», — ասում է տիկին Օֆելյան` նշելով, «այդ խուժան պայմանագրերը» ամեն օր  էլ տեսնում է:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ  ամբողջ Կոզեռնի տարածքը ասֆալտապատել են, բացի իր տան առջեւի տասը մետրը, քանի որ «ինքը ՀՀԿ-ից չէ»:

Տիկին Օֆելյային վրդովեցնում է այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը («Լիսկա») իրենց թաղամասում իշխանությունների թողտվությամբ հսկա դղյակ է կառուցել, իսկ իրենց պատրաստվում են տներից դուրս հանել:  

Պռոշյան 35 տան բնակիչ 60-ամյա Սամվել Սարգսյանն էլ նշում է, որ գուցե թաղամասում որոշ մարդիկ համաձայնել են քաղաքապետարանի ծրագրին, բայց ինքն իր ու իր մի քանի հարեւանների անունից վստահեցրեց, որ ոչ մեկին ոչ մի բան չեն խնդրել:

«Իրենք են ընկել մեր հետևից: Եթե իրենք շատ են խնդրում, որ քանդեն, թող օրենքը ոնց որ թելադրում է, այդպես  մոտենան այս հարցին, մենք օրենքից առավել ոչ մի բան չենք ուզում», — ասում է բնակիչը: Սամվել Սարգսյանը պահանջում է, որ իրեն շուկայական գներին համապատասխան փոխհատուցում տան եւ թույլ տան ապրել իր ճաշակին ու հնարավորություններին համապատասխան միջավայրում:

«Մեր ծնողներն այս տները սարքել են, կյանք են դրել, ամեն անգամ մի մեխը խփելիս տանջանք ենք  քաշել, իսկ  հիմա եկել են, ասում են «սրանք քոնձախներ են», — ասում է Սամվել Սարգսյանը: Նրա խոսքով, եթե իշխանությունները գերակա հանրային շահի պատմությունը հորինած չլինեին, մարդիկ իրենց բնակարանները վաղուց վերանորոգած կլինեին:

Ի դեպ ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 19-ի որոշմամաբ մեկ անգամ արդեն այդ տարածքի նկատմամբ  ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ, սակայն հետո որոշումն  անվավեր է ճանաչվել:  Բնակիչները վստահ են, որ պատճառը սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններ էին, եւ իշխանությունները, վախենալով ժողովրդի  ըմբոստությունից, հրաժարվեցին տարածքներն օտարելու մտադրությունից:

Քաղաքապետարանի` տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ հայտարարելը «քաղաքացիների խնդրանքով» պայմանավորելու գործելակերպը նոր չէ: Հանրությանը հայտնի են նախորդ տասնամյակում գրանցված բազմաթիվ դեպքեր, երբ գերակա հանրային շահի անվան տակ մարդկանց զրկել են տներից`մինչ օրս համարժեք փոխհատուցում չտրամադրելով:  

«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է «գերակա հանրային շահից» տուժած քաղաքացիների խնդիրներով, նույնպես զարմացած է քաղաքապետի հիմնավորումից:

«Մեզ շատ զարմացրեց, որ մեր շենքերի բնակիչները խնդրել են, որ կառուցվի շենք, որ մեզ տեղափոխեն այնտեղ: Ես հայտարարում եմ  պաշտոնապես, որ դա բացարձակ սուտ է  ես մեղադրում եմ Տարոն Մարգարյանին ստախոսության մեջ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Գերավետյանը:

Նա հիշեցրեց նաեւ մի շարք այլ նախագծեր, որոնք իրականացնում է  Սամվել Մայրապետյանի «Լոկալ Դիվելոփըրզ»-ը:

«Այդ տարածքներից են Պուշկին 38, Աբովյան 3 հասցեում ԱՕՔՍ-ի շենքը, որի մի մասը Մայրապետյանն ապօրինաբար քանդեց և որի համար  ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ Մայրապետյանը պատասխանատվություն չկրեցին: Շենքեր օտարվել  են Աբովյան փողոցից մինչև Սախարովի հրապարակ, որտեղ Աբովյան-Պուշկին անկյունային հատվածում երկու շենքը ևս պատկանում են Մայրապետյանին:  Հրշեջ ծառայության նախկին շենքը նույնպես օտարվել է գերակա շահով նույն «Լոկալ Դիվելոփըրզ» կազմակերպությանը»,- նշեց Վարդան Գերավետյանը:

Վարդան Գերավետյանը, ով ինքն էլ ներկայումս բնակվում է Տերյան փողոցի` հանրային գերակա շահ ճանաչված շենքերից մեկում, հայտարարում է, որ դուրս չի գալու իր տնից:

«Եթե մենք պետք է օտարվենք այս երկրից, ուրեմն թող մեզ  ֆիզիկապես հանեն, մենք կխմենք այդ  դառը բաժակը մինչև վերջ: Ի տարբերություն մյուսների, չենք ասում` կգնանք, կփախնենք: Մենք կդիմենք բոլոր տեղերը բայց չենք գնալու, իրենք պետք է գնան, որովհետև  ի վերջո  չի կարելի ուրիշի ունեցվածքի վրա երկար անընդհատ աչք ունենալ: Փառք Աստծո, որ մենք ունենք երիտասարդություն, որոնք բռնել են այդ ճանապարհը, ոչ թե գնալու, գաղթելու, որի մասին իրենք երազում են, այլ  սա այն երիտասարդությունն է, որ մնալու է, իսկ մենք մի քիչ ավելի տարեց սերունդը սատարելու ենք և կանգնելու ենք իրենց կողքը»,- ասաց Վարդան Գերավետյանը:

Ինչպես տեսնում ենք, մեր երկրում այս իշխանությունները ամեն օր իրենց դեմ են տրամարդրում սոցիալական մի նոր խմբի: Ի դեպ դեկտեմբերի 10-ին  Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած` Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթին մասնակցում էին նաեւ հանրային գորակա շահի անվան տակ սեփական բնակարաններից զրկված մի շարք քաղաքացիներ:

Լիլիթ Թադևոսյան

 

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանի դատարանը որոշել է, որ համասեռական կապերը հանցագործություն են’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան կվերանայի իր պաշտպանական ռազմավարությունը Չինաստանի հետ լարվածության պատճառով’