‘Գերմանացի եպիսկոպոսը Կճոյանին «տվել անցել է»’

1623

53-ամյա եպիսկոպոս Ֆրանց-Պետեր Տեբարց-վան-Էլստը՝ Մայնի Ֆրանկֆուրտից ոչ հեռու գտնվող գերմանական Լիմբուրգ քաղաքի կաթոլիկ հովվապետը, հայտնի է դարձել նրանով, որ իր նստավայրի շինարարության վրա ծախսել է 31 միլիոն եվրո (48 միլիոն դոլար): Շքեղությունների սիրահար հոգևոր հովիվն այնտեղ կառուցել է սեփական մատուռը, սեփական այգին և բազմաթիվ կացարաններ իր սպասավորների համար, հաղորդում է Spiegel-Online-ն: Ընդ որում՝  տեղի իշխանությունները դեռևս չեն ավարտել շինարարության ծախսերի հաշվարկները և չեն ամփոփել արդյունքները: Եպիսկոպոսի ախորժակը, ինչպես ասում են, «ուտելիս է բացվել», քանի որ նա սկզբում նախատեսել էր ծախսել ընդամենը 5 միլիոն եվրո: Եպիսկոպոսի շքեղ կենցաղի մասին լուրերը հասել են Վատիկան, ինչն, իհարկե, բացարձակապես չի համապատասխանում Ֆրանցիսկոս պապի՝ համեստության կոչերին և այդ հարցում անձնական օրինակ ցույց տալուն:

Սակայն մինչ Սրբազան գահի արձագանքը՝ իրադարձությունները ծավալվել են հենց Լիմբուրգում: Առանձնատան հսկայական ծախսերը վրդովմունք են առաջացրել համայնքի անդամների շրջանում, և նրանք իրենց հովվին հիշեցրել են, որ նրա «քաղցր կյանքի» համար, փաստորեն, իրենք են վճարում՝ պարտաճանաչ վճարվող եկեղեցական հարկերից:  Հավատացյալները ցույց են կազմակերպել հոգևորականի շքեղ առանձնատան մոտ ու պահանջել պատժել «լյուքս կարգի եպիսկոպոսին», փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 75 հարց, միջազգային 31 պայմանագիր’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանում կմասնակցի խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովին’