‘Գերմանացի ֆաշիստներն ավերեցին Վարշավան, մեր տեղականները` Երեւանը ‘

3300

Տարիներ առաջ Վարշվայում զբոսավարը մեր ամեն ազատ ժամն օգտագործում էր քաղաքը ցույց տալու համար: Ինչ շինության կողքով անցնում էինք, պարտադիր պատմում էր դրա հետ կապված պատմություններ: Ժամերով մեզ պահեց ներկայիս նախագահական պալատից մի փոքր ներքեւ գտնվող անտառում, որտեղ ժամանակին թագավորական ամառանոց է եղել, մանրամասն պատմեց ամեն ծառի ու թփի մասին, բայց ամենաշատը մեզ ապշեցրեց այն ժամանակ, երբ հասանք, այսպես կոչված՝ հին քաղաք: Զբոսավարը, որպես նախաբան, պատմեց, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին գերմանացիները ավերել են ողջ քաղաքը՝ ձեռք չտալով քաղաքի միայն այն հատվածին, որտեղ այդ տարիներին բնակվել են գերմանացի սպաները: Վարշավայի հին պատմությունից գրեթե բան չէր մնացել: Բայց հետո զբոսավարի խոսքում մի տեսակ խրոխտություն հայտնվեց, նա առանձնահատուկ հպարտությամբ պատմեց, թե ինչպես են լեհերը փլատակների տակից բառացիորեն հավաքել հին քաղաքի ավերակ մնացորդները ու քաղաքի կենտրոնում նորից մի փոքրիկ հին քաղաք են կառուցել, որն այսօր քաղաքի ամենաշատ այցելվող վայրն է, եւ որը ինքն իրենով քաղաքի հնությունը փաստող մի յուրատեսակ անձնագիր է:

Որովհետեւ ինքն էլ հասկանում է, որ եթե քաղաքից ոչինչ չմնար, իրենք, իհարկե, կարող էին լուսանկարներ ցույց տալ, ու հին քարերը տանել ի ցույց դնել թանգարանում, եւ հայտարարել, որ Վարշավան հին քաղաք է, ուղղակի՝այսօր ապացույցներ չկան, քանի որ գերմանացիները ոչնչացրել են այն, ու մեր մեջ ասած` թերեւս բոլորը կհասկանային, որ հնի բացակայությունն օբյեկտիվ պատճառներ ունի, ու հազիվ թե հարցնեին՝ էդքան որ ասում եք, բա ո՞ւր է ձեր հինը: Բայց իրենք անգամ այդ դեպքում տեղի չտվեցին եւ որոշեցին փլատակներից վեր հանել քաղաքը, գոնե այնքանով, որքանով դա հնարավոր է:

 

Մի քանի օր առաջ Երեւանում ավերեցին Արամի 30 հասցեում գտնվող հին փոքրիկ շինությունը, ավերեցին հերթական շինությունը, որը Երեւանի հնության կենդանի վկայություններից էր, «հայտնի» ճարտարապետը նույնիսկ զարմացավ մարդկանց զայրույթի վրա եւ հայտարարեց, թե շինությունն ընդամենը մի սարայ էր, ու մինչ հասարակությունը ասում է` մի քանդեք, հերթում մեկ այլ հին շենք է, հետո` մյուսը, մյուսը….

Իսկ դրան զուգահեռ՝ ամեն տարի քաղաքապետարանը բյուջեից հսկայական գումարներ է ծախսում Երեւանի երկու հազար քանի ամյակները նշելու համար, տոնակատարություններ են անում, առիթ-անառիթ հայտարարում են, թե բա` մենք Հռոմից էլ հին ենք, թե բա՝ եկեք, զբոսաշրջիկներ, ավելի քան 2 հազար տարեկան քաղաքը տեսնելու, եւ երբ գալիս է զբոսաշրջիկը հազարամյակների քաղաքի հետ հանդիպման, պարզվում է, որ այս քաղաքի ամենահին շինությունը խորհրդային տարիներին են կառուցել, որովհետեւ որքան էլ ուզում եք պարոնտարոնմարգարյանների բերանով գլուխ գովեք, թե՝ հին է քաղաքը, զբոսաշրջիկը  քաղաքով քայլելիս չի տեսնի դրա ոչ մի վկայություն, եւ չի գտնվի ոչ մի զբոսավար, որը կկարողանա գլուխ գովել զբոսարջիկի մոտ` այս կամ այն շինության պատմությունը պատմելիս, որովհետեւ առանց այդ էլ հատուկենտ հինավուրց շինությունները պարզապես այլեւս չկան:

Ու գերմանացիներն էլ չկան, որ գոնե նրանց գլխին բարդվեր կատարված բարբարոսությունների մեղքը: Որովհետեւ եթե զբոսաշրջիկը հարցներ՝ իսկ դուք հին, լավ, շատ հին չէ՝ 2000 տարեկան չէ, գոնե 150 տարվա շինություն չունե՞ք, ու զբոսավարը պատասխաներ` ունեինք, ու զբոսաշրջիկը հարցներ` բա ո՞ւր են դրանք, ու զբոսավարը պատասխաներ` քանդել են: Ու հաջորդ հարցին՝ իսկ ովքե՞ր են քանդել, էլի գերմանացի ֆաշիստնե՞րը:

Ու զբոսավարը կամ պիտի լռի, կամ էլ ասի ճշմարտությունը` ֆաշիստները, բայց ո՛չ գերմանացի՝ մեր, տեղականները…

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ են լռում այլմոլորակայինները. նոր բացատրություններ’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում’