‘Գերմանիայի դեսպանն Էրդողանի հրավերի մասին. Յուրաքանչյուր երկիր ազատ է այս կամ այն միջոցառմանը մասնակցելու իր ընտրության հարցում’

971

Յուրաքանչյուր երկիր ազատ է այս կամ այն միջոցառմանը մասնակցելու իր ընտրության հարցում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` պատասխանելով այն հարցին, թե երկու միջոցառումներից որին կմասնակցի Գերմանիան 2015 թ. ապրիլի 24-ին` Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի՞ն, թե՞ Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին:

Ըստ որում, նա խուսափել է ուղղակի պատասխան տալ հարցին, թե երկու միջոցառումներց որին է մասնակցելու Գերմանիայի ղեկավարությունը: Սակայն, նշել է դեսպանը, անհրաժեշտ է հաշվի առնել հրավերի բուն նպատակը` այն արվել է լա՞վ, թե՞ վատ մտադրություններով:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Սարգսյանին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել: «Դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»,-ասված է նախագահի պատասխանում:

Հայտնի է, որ 2015 թ. ապրիլի 24-ին Ստամբուլ է այցելելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև թագաժառանգ Չարլզը: Իսկ 2015 թ. ապրիլի 24-ին Հայաստան կայցելեն Հռոմի պապը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ Պետդումայի պատգամավոր. Հնարավոր է՝ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին — ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ստորագրահավաք է սկսվում` Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով’