‘Գերմանիայի եւ Լեհասաստանի նախագահները միասին հիշատակել են Երկրորդ համաշխարհայինի մեկնարկը’

845

2014թ-ի սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը հիշատակելու համար Լեհաստանի և Գերմանիայի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկին և Յոախիմ Գաուկը հանդիպեցին Վեստերպլատտեում, որտեղ էլ հենց 75 տարի առաջ հնչել են Երկրորդ աշխարհամարտի առաջին կրակոցները, iLur.am-ին տեղեկացնում են ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից:

1939 թ-ի սեպտեմբերի 1-ին Լեհաստան գերմանական զորքերի ներխուժմամբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը` մարդկության պատմության ընթացքում ամենաշատ կյանքեր խլած ռազմական հակամարտությունը:

Իր ելույթում Լեհաստանի նախագահը նշել է պատմական փորձառության կարևորությունը մեր օրերում, երբ Եվրոպական միությունից դեպի արևելքում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել: «Մեր աչքի առաջ ռազմական միջոցներ են օգտագործվում մեր հարևանի նկատմամբ: Միջազգային իրավունքն ու քաղաքակիրթ աշխարհի նորմերը խախտվում են գիտակցաբար և ցինիկաբար»,- նշել է Բրոնիսլավ Կոմորովսկին:

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն իր հերթին հիշատակեց այն ողջ սարսափն ու դաժանությունը, որ ստիպված են եղել կրել տարբեր ժողովուրդներ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Նրա խոսքով`այսօր էլ Եվրոպան մեծ մարտահրավերների առաջ է կանգնած, ուստիև այն պետք է միացյալ մնա: «Միայն միասին կարող ենք հաջողության հասնել ժողովրդավարական և խաղաղ Եվրոպայի կառուցման հարցում: Եվ միայն միասին կարող ենք այն պաշտպանել»,- ամփոփել է Յոախիմ Գաուկը: Նա նաև շեշտել է, որ չի կարելի հանդուրժել միջազգային իրավունքի փոխարինումը ուժի իրավունքով: «Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կազմ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար»,- նշել է Գաուկը:

Երկու երկրների ղեկավարները նաև անդրադարձ են կատարել լեհ-գերմանական հաշտեցման գործընթացին` ընգծելով երկու ժողովուրդների կամքը հաղթահարելու պատմական խնդիրները`հանուն միասնական եվրոպական ապագայի:

Նախորդ հոդվածը‘Դի Մարիան Գերմանիայի հավաքականի դեմ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանի որդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման’