‘Գերմանիայում մեկնարկել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողների դատավարությունը’

693

Շտութգարդի երկրամասային գերագույն դատարանում սկսվել է Անդրեաս և Հայդրուն Անշլագ ամուսինների դատավարությունը, որոնց գերմանական արդարադատությունը մեղադրում է նախ ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի օգտին լրտեսության համար: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ընտանեկան զույգին  արդեն մեղադրանք է ներկայացվել:

Ռուսաստանյան ենթադրյալ լրտեսները, որոնք ձերբակալվել են 2011 թ. հոկտեմբերին, Գերմանիայում են բնակվում 20 տարուց ի վեր: Ըստ նյութերի՝ նրանք ԳՖՀ են ժամանել 1988-1990 թթ. շրջանում, ներկայացել իբրև ավստրիական ծագմամբ լատինաամերիկացիներ և զբաղվել են  Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ:  Բացի այդ, 2008-2011 թթ. ընթացքում Անշլագ ամուսինները գաղտնի փաստաթղթեր են ստացել նաև Նիդեռլանդների ԱԳՆ-ում աշխատող մեկ այլ գործակալից: Տեղեկատվությունը Մոսկվային փոխանցելու համար օգտագործվել է արբանյակային ինտերնետը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այն մասին, որ Գերմանիայում  գործում են քողարկված ռուսաստանյան գործակալներ, գերմանական հատուկ ծառայությունները տեղեկացել են «արևելաեվրոպական բարեկամական հատուկ ծառայություններից մեկի իրենց գործընկերներից», ինչպես նաև՝ ԱՄՆ-ից, որից հետո հսկողություն է սահմանվել ամուսինների նկատմամբ: Շուտով նրանց ձերբակալել են: Գերմանական օրենսդրության համաձայն՝ նրանց սպառնում է 10-ամյա կալանք: Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալներն ակնկալում են, որ Բեռլինն ու Մոսկվան գործարքի կգնան իրենց փոխանակման հարցով:

Նախորդ հոդվածը‘Պակիստանի գերագույն դատարանը վճռել է ձերբակալել երկրի վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների դեմ զանգվածային ցույցեր են անցել (ֆոտոշարք)’