Գերմանիայում վերացնում են ջրհեղեղի հետքերը և նախապատրաստվում նոր աղետների

548

Գերմանիայի արևմուտքում տեղացող հորդառատ անձրևները, որոնք ջրհեղեղի պատճառ են դարձել, դադարել են, և ջուրը կամաց-կամաց սկսել է նահանջել։ Սակայն տարերային աղետի զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Գերմանիայում զոհվել է 157 մարդ, հարևան Բելգիայում զոհերի թիվը 30-ից ավելի է։

Շատերը մինչև հիմա համարվում են անհետ կորած, դրա համար էլ, հավանաբար, զոհերի թիվը վերջնական չէ։

Հանգստյան օրերին գերմանացի քաղաքական գործիչներն այցելել են ամենատուժած շրջանները և խոստացել ֆինանսական օգնություն տրամադրել՝ աղետի հետքերը վերացնելու համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  կիրակի օրն այցելել է Շուլդ գյուղը և իրավիճակն անվանել է սոսկալի։ Ռեյնալդ-Պֆալց երկրամասը, որտեղ գտնվում է այդ գյուղը, ջրհեղեղից ամենաշատ տուժած շրջաններից մեկն է։ Մերկելը հայտարարել է, որ չորեքշաբթի իր կառավարությունը կընդունի ֆինասական օգնության (թե՛ անհապաղ  օգնության, որը հարյուրավոր միլիոն եվրոներ կարժենա, և թե՛ երկարաժամկետ, որի դեպքում խոսքն արդեն միլիարդավոր եվրոների մասին կլինի) փաթեթը։ Ինչպս այդ երկրամասից հաղորդել է BBC-ի թղթակիցը, այդ վայրերում շատ ճանապարհներ  ու կամուրջներ քանդվել են, և ստույգ հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել առանց տանիքի կամ կորցրել ողջ ունեցվածքը։

Թեպետ ջրերը նահանջում են, սակայն իշխանությունները շարունակում են պահպանել զգոնությունը։ Կիրակի օրը Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են Բավարիայի հարավ-արևելքում եղանակի վատթարացման և Դանուբ գետի՝ ափերից դուրս գալու հավանականության մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉԼ-ի եւ ԵԼ-ի եզրափակիչների քաղաքները՝ 2022-2025-ին
Հաջորդ հոդվածըՄոսկվայում չեղարկում են QR-կոդը