‘Գժանոց’

2646

Թվում էր` վաղուց հրաժեշտ ենք տվել Սովետական Միությանը, սակայն Շանթ Հարությունյանի ձերբակալությունն ու հոգեբուժարան տեղափոխելը ցույց տվեցին, որ ինչքան էլ  անցնի Խորհրդային Միության փլուզումից, միևնույն է՝ այն մարդիկ, ովքեր սովետի  ժամանակ ծառայել են կոմսոմոլին և ԿԳԲ-ին, իսկ այժմ էլ անկախ Հայաստանում զբաղեցնում են տարաբնույթ պաշտոններ, մնացել են նույն ԿԳԲ-ի ազդեցության տակ: Այստեղ են ասել՝ մարդ կարող է դադարել ԿԳԲ-ի գործակալ լինելուց, սակայն ինքն իր մեջ նա միշտ գործակալ է:

Անկախ Հայաստանի պատմության մեջ, «բիզնես» շահերից ելնելով՝ մարդուն առաջին անգամ «գժանոց» տարան այս տարի. գործարար-ուժային պաշտոնյաներից մեկն իր խանութի վերևի հարկում բնակվող «բողոքավոր» բնակչուհուց ազատվելու համար նրան ստիպողաբար տարավ հոգեբուժարան: Հասարակությունը մեծ աղմուկ բարձրացրեց, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց, որից հետո Կոմիտաս 56 հասցեում բնակվող Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանից հետ բերեցին տուն, ու աղմուկի մարման հետ միասին՝ հայ հասարակությունը մոռացավ նաև այդ դեպքի մասին:

Դրանից առաջ էլ՝ Մարտի մեկի գործով Շանթ Հարությունյանին էին անմեղսունակ ճանաչել, սակայն մի քանի տարի բանտում պահելուց հետո: Եթե, ըստ իշխանությունների, Շանթը իրականում անմեղսունակ էր, ապա ինչո՞ւ էին նրան մի քանի տարի պահում բանտում: Դեռ  ավելին, եթե Շանթը, ըստ իշխանությունների, անմեղսունակ էր, ապա, ինչո՞ւ էին նրանք այդքան հանգիստ վերաբերվում Շանթի հայտարարություններին, և 2013 թվականի նոյեմբերի 5-ին ոստիկանությունը «ազատ ունկնդրի» կարգավիճակում դիտում էր, թե նա ինչպես է փայտերով դուրս գալիս Մաշտոցի պողոտա: Կամ երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, անհարգելի ոստիկաններ՝ իսկ եթե Շանթն իսկապես անմեղսունա՞կ լիներ ու այդ հանգամանքից օգտվելով՝ «խլապուշկայի» փոխարեն իրական նռնակնե՞ր պայթեցներ, կամ էլ փայտով հրելու տեղը իրապես հարվածեր որևէ ոստիկանի գլխին ու անմեղսունակության «թղթով» էլ ազատվեր պատասխանատվությունից, այդ ժամանակ ի՞նչ էիք ասելու:

Կոմսոմոլ իշխանությունները ԽՍՀՄ-ից նաև ժառանգել են այն, որ ցանկացածին կարող են անմեղսունակության թղթով ազատել պատասխանատվությունից, և ցանկացածին հարկադիր կարող են տանել հոգեբուժարան: Որևէ մեկն արդյո՞ք հաշվել է, թե այս իշխանությունների օրոք քանի պաշտոնյայի որդի է, ծանր հանցագործություն կատարելուց հետո, «գժի» թղթով ազատվել պատասխանատվությունից: Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ սպանության համար մեղադրվող մարդն է ազատ արձակվում անմեղսունակությամբ կամ էլ նոր «մոդա» դարձած՝ հոգեկան ծանր վիճակում «հարկադիր ինքնապաշտպանությամբ»:

Փաստորեն, գժի թուղթը երկու կիրառման մեխանիզմ ունի Հայաստանում՝ մեկով իշխանությունները իրենց քաղաքական և տնտեսական այլախոհներին տանում են հոգեբուժարան ու շարքից հանում, մյուսով իրենց «սիրելի» հանցագործներին, որպես անմեղսունակ, ազատում են պատասխանատվությունից:

Ու գալիս է մի պահ, երբ Ջեկ Նիկոլսոնի մասնակցությամբ՝ օսկարակիր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պես՝ սկսում ես հասկանալ, որ երկրում նորմալ մարդիկ համարվում են գիժ, իսկ գժերն էլ, իրենց հերթին, համարվում են ամենախոցելի մարդիկ, որոնց հիվանդություններն իշխանությունները օգտագործում են իրենց մանր խնդիրները լուծելու նպատակով:

Զանազան Զարմանազարյան

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը Եվրամայդանից. Ոստիկանները արտասվում են արցունքաբեր գազից ‘
Հաջորդ հոդվածը‘Լարված վիճակ Բաղրամյան 26-ի մոտ. Երթի մասնակից կանայք պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ’