‘Գիշերային ցույցեր Եգիպտոսում. 16 զոհ’

1307

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաղորդել է առնվազն 16 զոհի մասին՝ երկրի մայրաքաղաք Կահիրեում նախագահ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած գիշերային բախումների արդյունքում: Եւս 200 մարդ վիրավորվել է:

Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Կահիրեի տարբեր շրջաններում: Մեծ հանարահավաք է տեղի ունեցել նաև Ալեքսանդրիայում:

Երեքշաբթի երեկոյան սպառվեց Եգիպտոսի նախագահին ընդդիմության կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը: Վերջնագրով Մուրսիից պահանջվում էր հրաժարական տալ և նոր ընտրություններ անցկացնել, հակառակ դեպքում ընդդիմությունը սպառնում էր քաղաքացիական անհնազանդություն հայտարարել: Զինվորականներն իրենց հերթին քաղաքական ուժերին տվել էին 48 ժամ ժամանակ՝ տարաձայնությունները հարթելու համար: Հակառակ դեպքում բանակը, ինչպես հաղորդեցին ԶԼՄ-ները, կարող է դադարեցնել սահմանադրության գործողությունը և ցրել խորհրդարանը:

Նախագահ Մուրսին երեկվա իր 45 րոպեանոց հեռուստաուղերձում հայտարարել է, որ չի ընդունում երկրի ռազմական հրամանատարության ներկայացրած  վերջնագիրը, և բանակից պահանջել է այն  ետ վերցնել: Մուրսին ընդգծել է, որ ինքը հանդիսանում է երկրի օրինական ղեկավարը՝ ընտրված ժողովրդավարական ընտրությունների միջոցով, և ավելացրել, որ երբեք չի ենթարկվի զինվորականների պահանջին, ու եթե հարկ լինի՝ «կյանքը կտա»՝ Եգիպտոսում սահմանադրական կարգը պաշտպանելու համար:

Ընդդիմության ներկայացրած վերջնագրի ժամկետն սպառվում է չորեքշաբթի, տեղական ժամանակով՝ ժամը 16.30-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 3-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Նորայր Ասլանյանը տեղափոխվեց «Վիլեմ II»’