‘Գլազգոյում սպանված մուսուլմանը խաղաղություն էր քարոզում’

1438

Շոտլանդիայի Գլազգո քաղաքի դատարանը փոքրիկ խանութի սեփականատեր Ասադ Շահի սպանության համար մեղադրանք է առաջադրել 32-ամյա Թանվիր Ահմեդին. 40-ամյա Շահը Զատկի տոնի առթիվ համացանցի իր էջում տոնական ողջույն էր հղել «սիրեցյալ քրիստոնյա ժողովրդին»: Ոստիկանության կարծիքով՝ սպանությունը կատարվել է կրոնական թշնամանքի հողի վրա: Հայտնի է, որ թե՛ հարձակվող անձը և թե՛ սպանվածը իսլամ են դավանել:

Մարտի 27-ին (արևմտյան քրիստոնյաներն այս տարի Զատիկը տոնել են այդ օրը) հանցագործը մտել է խանութ և խոհանոցային դանակով հարձակվել խանութպանի վրա: Մի քանի հարված հասցնելուց հետո նա վիրավորին քարշ է տվել խանութից դուրս և շարունակել հաշվեհարդարն անցորդների աչքի առաջ:

Տեղացիների հավաստմամբ՝ խանութի տերը հրաշալի մարդ էր՝ տեղական համայնքի սյուներից: Ինչպես պարզել են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները՝ Ասադ Շահը պատկանում էր ահմադականների (հայտնի որպես Ահմադիա) մուսուլմանական համայնքին, որը խաղաղասիրություն և հանդուրժողականություն է դավանում:

Շահի սպանությունը Բրիտանիայում շատերին է ցնցել: Գլազգոյի մի քանի հարյուր բնակիչներ հանգստյան օրերին մասնակցել են գիշերային հսկմանն այն վայրում, որտեղ սպանվել է Շահը: Նրանց է միացել նաև Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստարջենը, որի ընտրաշրջանում է տեղի ունեցել սպանությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արաս Օզբիլիսը Իսպանիա մեկնելիս կորցրել է ուղեբեռը’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմի Վարդին հետաքրքրել է «Ռեալին»’