Գլխավոր դատախազը Ալեն Սիմոնյանին պաշտպանելու համար հղում է անում չգործող իրավակարգավորումների

590

Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Մեկ ամիս առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Այս ընթացքում տիկին Վարդապետյանը, որպես Հայաստանում քրեական արդարադատության մարմինների անաչառության փաստարկ, հասցրեց մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հիշատակել մեր այդ դիմումի մասին (անգամ ավելին, տիկին Վարդապետյանը նաև մեզ վերագրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մասին հաղորդման ներկայացումը, թեև մենք նման հաղորդում չեն ներկայացրել):

Եվ ահա, այժմ, տիկին Վարդապետյանը, հղում անեով չգործող իրավակարգավորումների, պնդում է, որ Ալեն Սիմոնյանի գործողություններում հանցակազմ չկար:

Այստեղ միանգամից երկու մանիպուլացիա կա.

Նախ, նոր քրեադատավարական օրենսգրքով, քրեական վարույթ նախաձեռնելու համար հանցակազմի առկայությունը չի ստուգվում, ստուգվում է, թե արդյո՞ք հաղորդման մեջ դիմումատուն խոսում (և ոչ` ապացուցվում) է այնպիսի արարքի մասին, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Փաստական հանգամանքները (այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի մոտ խուլիգանական դրդապատճառների առկայությունը) ստուգելու համար պետք էր նախ վարույթ նախաձեռնել, ինչը, ինչպես տեսնում եք, չի արվել: Չէր կարող իրավապահ մարմինը պարզել Ալեն Սիմոնյանի գործողություններում խուլիգանական դրդապատճառների առկայությունը կամ բացակայությունը՝ առանց քրեական վարույթի նախաձեռնման:

Երկրորդ՝ վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը վերաբերվում է հին՝ 2003 թվականի քրեական օրենսգրքում խուլիգանության դիսպոզիցիային, որով իրոք շատ բարձր շեմ էր դրվում արարքը խուլիգանություն որակելու համար: Սակայն 2021 թվականից Հայաստանում գործում է նոր քրեական օրենսգիրքը, որով այդ շեմը էապես իջեցվել է, ու վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը՝ հասարակական կարգի խախտումը որպես պարտադիր պայման լինելու մասով, այլևս չի կարող կիրառվել:

Մասնավորապես, եթե նախկինում Խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն էր, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (և վճռաբեկ դատարանն էլ ասել էր, որ պետք է լինեն խուլիգանական դրդապատճառներ և հասարակական կարգի խախտում), ապա այժմ` նոր քրեական օրենսգրքով, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, որն արտահայտվել է անձին ստորացնելով (նույնիսկ եթե հասարակական կարգ չի խախտվել)` արդեն իսկ խուլիգանություն է համարվում:

Գլխավոր դատախազությունում, բնականաբար, այսքանը հասկանում են: Եվ իրոք ցավալի է տեսնել, որ գլխավոր դատախազը երկու տարի է ուժը կորցրած իրավակարգավորումները վկայակոչելով արդարացնում է քաղաքացու դեմքին թքող ԱԺ նախագահին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատական կարգով վիճարկելու է քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը, քանի որ մեր դիմումի և թքելուց տուժած քաղաքացու պատմածի մեջ հստակ նկարագրված է արդեն երկու տարի գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված արարք»:

Նախորդ հոդվածըԵղանակը Հայաստանում
Հաջորդ հոդվածը«Նապոլին» երրորդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)