‘Գլխավոր մաշկավեներաբանը մեկնել է Գյումրի՝ Գյումրիի հանրակացարանում ծագած վարակն ուսումնասիրելու. Տեսանյութ ‘

996

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրիի Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը և նշանակվել է բուժում: Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մամուլում երեկ հրապարակումներ եղան, որ Գյումրիի Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում բնակիչները շղթայական կերպով միմյանց վարակում են իրենց համար անհայտ հիվանդությամբ: Հիմնականում երեխաներն են ախտահարված: Հանրակացարանի բնակիչները դիմել են համապատասխան բժշկական հաստատություններ, ստացել խորհուրդներ, գնել նշանակված դեղորայքը, սակայն հիվանդությունը տեղի չի տալիս:

Վարակի մասին՝ Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության ռեպորտաժը

 

Նախորդ հոդվածը‘Կիվիրյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը’
Հաջորդ հոդվածը‘2015-ի հուվարի 1-ից նախատեսվում է ներդնել միասնական գույքահարկ’