‘Գլոբալ մրցունակության զեկույցում Հայաստանը հետընթաց է ապրել’

1316

Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015»-ում զբաղեցնում է 85-րդ տեղը աշխարհի 144 երկրների մեջ: Անցած տարվա համեմատ` երկիրը դիրքերը զիջել է 6 կետով։ Զեկույցից մանրամասներ է ներկայացնում civilnet.am-ը.

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Ղրղզստանը (13 կետով, 108-րդ տեղ), Ռուսաստանը (11 կետով, 53-րդ տեղ) և Ուկրաինան (8 կետով, 76-րդ տեղ): Վրաստանն իր դիրքերը բարելավել է 3 կետով. այս տարի այն ցուցակում 69-րդն է: Ադրբեջանը 38-րդն է (2013թ.` 39-րդ տեղ), Թուրքիան` 49-րդը (2013թ.` 44-րդ տեղ),  Իրանը` 83-րդը (2013թ.` 82-րդ տեղ):

Համաձայն զեկույցի, որի արդյունքները ներկայացրել է ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, Հայաստանն առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Միաժամանակ` վատթարացել են մնացած հենասյուների ցուցանիշները: Մասնավորապես` ավելի քան 20 կետով վատթարացել են աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացվածության հենասյուների ցուցանիշները:

Ըստ առանձին ցուցանիշների` զգալի բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակի, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի և դպրոցներում ինտերնետի հասանելիության ցուցանիշները: Վատթարացել են գնաճի, ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման, քլաստերային զարգացման և իրավական դաշտի ցուցանիշները:

Նոր բիզնես սկսելու հետ կապված գործընթացների և ժամկետների բնագավառը Հայաստանի առավելությունների շարքում է: Մրցակցային թերությունները արտահանման և երկրում տաղանդների պահպանման ոլորոտներում:

Մրցունակության համաշխարհային զեկույցի առաջատարը շարունակում է մնալ Շվեյցարիան: Լավագույն հնգյակում են նաև Սինգապուրը, ԱՄՆ, Ֆինլանդիան և Գերմանիան:

Վարկանիշի կազմման համար հիմք են ընդունվում 12 խմբում (ինստիտուտներ, ենթակառուցվածք, մակրոտնտեսական դրություն, տեխնոլոգիական զարգացում, առողջապահություն) ներառված մոտ 100 ցուցանիշներ: Վարկանիշի համար որպես տվյալներ են ծառայում պաշտոնական վիճակագրությունը և խոշոր ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումները:

Նախորդ հոդվածը‘Ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ Մուրացանի հոսպիտալից’
Հաջորդ հոդվածը‘Հոսպիտալում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր’