‘Գծատերերի ցույցը նույնն է, որ նախարարները պահանջեն ատկատը դարձնել 30 տոկոս. Մամուլ’

1165

«Առավոտը» անդրադարձել է օրերս տեղի ունեցած գծատերերի երթին, որտեղ վերջիններս պահանջում էին ուղևարձը դարձնել 200 դրամ: Թերթը գրում է.

«Օրերս իրենց ցույցը որոշեցին անել նաև «գծատերերը»՝ պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ։ Ես կասկածում եմ նման ցույցերի «ինքնաբուխ» լինելու մեջ՝ նախ այն պատճառով, որ նրանք, ովքեր ներկայանում են որպես «գծատեր», իրականում «proxy»–ի դեր են կատարում, նրանք գիծը «աշխատեցնողներն» են, ոչ թե տերերը։ Բայց ոչ աշխատեցնողները, ոչ էլ տերերը չեն կարող ցույց անել առանց իշխանությունների ցուցումի՝ որովհետև նրանք կախյալ մարդիկ են։ Դրա վառ ապացույցն այն է, որ հակառակ բիզնեսի տրամաբանության՝ նրանք չեն աշխատում, երբ իշխանությունները նրանց հրահանգում են։ Իսկ երբ են իշխանություններն այդպիսի հրահանգ տալիս, հիշո՞ւմ եք։ Այո, այն ժամանակ, երբ վախենում են ընդդիմության հանրահավաքներից և ուզում են, որ մարդիկ գան Ազատության հրապարակ։ Նաև այն ժամանակ, երբ ընտրակաշառք ստացած քաղաքացիներին անվճար տեղափոխում են ընտրատեղամասեր։ Այդ օրերին նրանք չե՞ն մտահոգվում, որ իրենց բիզնեսը տուժելու է։ Ինձ թվում է՝ այս պարզ օրինակներից հասկանալի է, որ գծատերերն իրենց գլխի տերը չեն։

Գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն և պահանջեն ավելացնել իրենց կաշառքների «ստավկեքը», կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց, գրպանը դնել։ Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ «Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս» պաստառով։ Գծատերերը նույն համակարգի մի մասն են, նույն՝ այսպես ասած, «կանտորան» են՝ վերը թվարկված քաղաքացիների հետ միասին, և նրանց «ընդվզման» պահանջները, ի վերջո, նույն պետական չինովնիկների ձգտումներն են։ Դրա բնական ռեակցիան է՝ «յոլա տարեք ձեր՝ արդեն իսկ ոչ քիչ եկամուտներով»։

Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը (բնականաբար, իսկական գծատերերը) անեն այնպիսի ներդրումներ, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից և, հետևաբար, «պլանից», և երբ բոլոր ուղևորները կերթևեկեն նստած, ինչպես որ պահանջում է օրենքը։ Թանկացման մասին պետք է մտածել ներդրումներից հետո, ոչ թե առաջ։ Այսինքն՝ գծատերերը պետք է ներդրումներ անեն իրենց՝ արդեն ստացած գերշահույթներից, ոչ թե ժողովրդից հավաքեն այդ փողերը։ Որ նման ներդրումները հնարավոր են, ապացուցում է հետևյալ փաստը. «Պալաչ» նրբագեղ մականունով գործարարը կիսաքաղաքական-կիսաանձնական դրդապատճառներով (Հայաստանում դրանք մշտապես միահյուսված են) ներդրումներ արեց և գնեց թանկարժեք և հարմարավետ ավտոբուսներ։ Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանն արարատցիներին հորդորեց չվախենալ (Տեսանյութ, լրացված) ‘
Հաջորդ հոդվածը‘Պատահար Արաքս-Լենուղի ճանապարհին. Մեքենան ամբողջությամբ այրվել է ‘