‘Գծատեր վարչության պետը հանդիպել է գծատերերի հետ. Տեսանյութ’

1590

Այսօր կեսօրին մինչ երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա էին անում քաղաքապետարանի դիմաց, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Օպերայի շրջակայքում գտնվող այգում հանդիպել էր երթուղայինները սպասարկողների՝ «գծատերերի» հետ։ Տեղեկացնում է «Ազատությունը»:

«Տարբեր քաղաքացիներ, գիծ սպասարկողներ են։ Ամեն մեկը եկել է իր երթուղուն, իր ունեցվածքին տեր կանգնի, որպեսզի չկոտրեն ապակիները։ Երեկ Նորքի զանգվածում դռան վրա ուզեցել են փչել «Ուղեվարձը 100 դրամ», վիճաբանության մեջ են մտել վարորդի հետ, վարորդը ուզեցել է քշի, գնա, խփել են, ապակին կոտրել են։ Ո՞վ է դրա փողը վճարելու։ Ամեն մեկը փող է դրել, ներդրում է արել, և այսօր պարտավոր է իր վարորդին, որին քաշքշում, երբեմն ծեծում են, և իր տրանսպորտային միջոցին տեր կանգնել»,- ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց Նավասարդյանը։
Վերջինս նաեւ հավելել է, թե «սակագները փոխելու տարբերակը պետք է ուսումնասիրվի։ Այն, ինչ արվել է, հիմնավորված է արվել»։

«Եթե որևէ մեկը կապացուցի, որ դա հիմնավոր չէ, այն ժամանակ կքննարկենք։ Եթե գները իջեցնելու տարբերակ լիներ, այդքան չէր բարձրացվի։ Մենք աշխատել ենք տեղավորվել օպտիմալ, մինիմալ հաշվարկի մեջ։ Ես հետագա ընթացքի մասին չեմ կարող մեկնաբանել»,- ասել է Նավասարդյանը։

Ի դեպ, այսօր արդեն հայտնի է դարձել, որ Նավասարդյանն ինքն էլ երթուղայինի գծատեր է, եւ շատ ուշագրավ է փաստորեն՝ գծատեր վարչության պետի հանդիպումը գծատերերի հետ: 

Չի հաղորդվում սակայն «գծատերերի» հավաքին մասնակցել են արդյոք Տարոն Մարգարյանը և իր աներձագ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որոնց են պատկանում N 5, N 32 երթուղայիները:

Նախորդ հոդվածը‘Դատապարտում են լրագրող Սարգիս Գեւորգյանի աշխատանքը խոչընդոտելը’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ինքնաբուխ «մինի-ակցիաներ»՝ Երեւանի փողոցներում. Freecar ակցիան թափ է հավաքում (տեսանյութ)’