‘Գյուղապետը արտագաղթել է, կառավարությունը նոր ընտրություն անցկացնելու որոշում է կայացրել ‘

1523

Կառավարությունն այսօրվա արտագնա նիստում ընդունել է Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում: Այդ մասին փոխանցում է կառավարության մամլո ծառայությունը՝ չմանրամասնելով, թե ինչ պատճառով է առաջացել համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու անհրաժեշտությունը: Իսկ ահա ԳԱԼԱ-ն հաղորդում է, որ Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ղեկավար Հովագիմ Սարգսյանը ընտանիքով արտագաղթել է Հայաստանից: Նա գնացել է ՌԴ՝ առայժմ կրտսեր որդու հետ, որպեսզի հետո կանչի նաեւ կնոջն ու ավագ որդուն: «Խեղճ մարդը հոգնավ ամեն ինչից, ինքը վերջը արտագաղթեց: Հիմա իրա տեղը տեղակալն է, ասում է՝ գյուղում նոր ընտրություններ պիտի նշանակեն: Բայց էլ ընչի՞ են նշանակում որ…էլ մարդ չկա գյուղում, ինչ նոր ընտրություն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժգոհել են համագյուղացիները:

 

Նախորդ հոդվածը‘Ըստ վարչապետի՝ կառավարությունը կարկուտից տուժածների համար արեց առավելագույնը ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ Դանիայի հետ խաղում. Տեսանյութ’