‘Գյուղապետի թեկնածու. Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական էր’

1480

iLur.am-ի զրուցակիցն է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունում որպես համայնքապետի թեկնածու ինքնառաջադրված  իրավաբան, քաղաքագետ,  անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ընտրությունները նախատեսված են հուլիսի 14-ին:

Ցոլակ, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

Վերջին 8 տարում քաղաքական ընտրությունները բերեցին առճակատման համայնքում: Բոլոր ընտրությունները, անկախ նրանից՝ տեղական լինեն, թե համապետական, լարված էին անցնում: Լարվածությունը և կաշառքը բերեցին բախումների և տարանջատման: Բոլոր դեպքերում՝ ես հեռու եմ մնացել, ինձ չեն կարողացել ներգրավել այդ պրոցեսների մեջ: Խնդիրները խորքային առումով ոչ ոք չի կարող լուծել, ովքեր որ առաջադրվել են՝ արդեն անցել են այն շեմը, երբ իրենք իրենց թիմից դուրս չեն կարող հանրության շահերը պաշտպանել ամբողջությամբ: Իրենց աշխարհընկալումը թույլ չի տա, հետո էլ մեծ է անձնական շահի գործոնը:

Հաշվի առնելով ավանդական դարձած ընտրակեղծիքների մեխանիզմը՝ ինչպե՞ս եք պայքարելու դրանց դեմ:

Ընտրակեղծիքներից մասնավորապես՝ ընտրակաշառքը մեզ մոտ լինում է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ ՏԻՄ ընտրություններին սովորաբար նման վտանգ չի սպասվում: Չնայած դրան՝ օգտագործվում են տարբեր մեխանիզմներ, որոնք անթույլատրելի են: Չկա ընտրությունների հստակ ընկալում, թեկնածուն կարող է գալ և ասել, որ պետք է իրեն ընտրեն՝ մոռանալով, որ մարդուն ընտրում են իր արժանիքների համար: Ես, որպես իրավաբան, հետևելու եմ օրենքի տառին, տանելու եմ քաղաքական ու քաղաքակիրթ պայքար: Ամենակարևորը՝ չեմ զբաղվելու քաղաքական մուրացկանությամբ:

Ի՞նչ հրատապ խնդիրներ կան համայնքում, և ինչպիսի՞ լուծում եք տեսնում:

Համայնքն օրեցօր զարգանում է, գյուղում կա մեծ դպրոց, սակայն երեխաների մի մասը դպրոց է հաճախում Երևանում: Ընտրվելու պարագայում գյուղում կրթադաստիարակչական աշխատանքներ եմ տանելու և համայնքում ապահովելու եմ որակյալ կրթություն:

Ամենակարևոր խնդրներից է մարդկային փոխհարաբերություններում լարվածությունն ու թշնամանքը: Երբ կլինի չեզոք մարդ, լարվածությունը կթեթևանա: Ես երբեք կուսակցական չեմ եղել, չունեմ կուսակցական մտածելակերպ:

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո նրա պաշտոնի հավակնորդներից եք, կա՞ արդյոք ներքին տագնապ, որ կփորձեն սպառնալիքի միջոցով Ձեզ վրա ներազդել:

Նախ ասեմ տեսակետս, թե ինչու սպանեցին Հրաչ Մուրադյանին:  Միանշանակ կարող եմ ասել, որ քաղաքական սպանություն էր, իսկ թե քաղաքականից գնացել էր անձնական դաշտ, և դրանից էր տեղի ունեցել սպանությունը, չեմ կարող ասել: Իսկ ես չունեմ մտավախություն:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

Մարդիկ հոգնել են բոլորից: Հանրային շահի գիտակցում ունեցող մարդիկ ընտրություններում ձայնը տալու են ինձ:

Լիլիթ Լալայան

Նախորդ հոդվածը‘620 հազար դրամ պետբյուջեից՝ Սերժ Սարգսյանին եւ Գարեգին Բ-ին հյուրասիրելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի իշխանությունները մտադիր են Մուշարաֆին դատել պետական դավաճանության համար’