‘Գյուղապետն ու հիվանդանոցի տնօրենը մեղադրվում են լրագրողին խոչընդոտելու մեջ’

3671

«Armday.am»  լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 7-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լրագրողը մեկնել է Վայոց Ձորի Շատին գյուղ՝  ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հարցազրույցի համար։ Լրագրողը տնօրենի հետ հանդիպել է ՊՈԱԿ-ի մասնաշենքում, իսկ հարցազրույցին ներկա է գտնվել նաև տնօրենի քույրը, որն աշխատում է նույն ՊՈԱԿ-ում՝ որպես ընտանեկան բժիշկ։  Մասնաշենքում է գտնվել նաև նրա ամուսինը՝ Քարագլուխ համայնքի ղեկավարը։ 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն ի սկզբանե համաձայնել և պատասխանել է լրագրողի հարցերին, որը ձայնագրվել է։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը ՊՈԱԿ-ի տնօրենին հարցեր է ուղղել նաև որոշակի գումարի դիմաց բժշկական տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է տնօրենին: Քննության տվյալներով՝ վերջինս քրոջ հետ միասին պահանջել է ջնջել հարցազրույցի տեսաձայնագրությունը և կանչել մոտակայքում գտնվող համայնքի ղեկավարին, որպեսզի թույլ չտան լրագրողին հեռանալ՝ նախքան հարցազրույցի ձայնագրությունը ջնջելու մասին իրենց պահանջը կատարելը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին, նույն ընկերության ընտանեկան բժշկին և Քարագլուխ համայնքի ղեկավարին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, հայտնում են Քննչական կոմիտեից:

 

Նախորդ հոդվածը‘Վարչապետն առաջարկում է ավելի շատ անտառ կտրել ու ավելի խիստ պատժել’
Հաջորդ հոդվածը‘Վինչենցո Մոնտելլա. «Միլանը» պետք է ընդունի քննադատությունը»’