‘Գյուղացիները ստրուկ չեն. Բողոքի ակցիա Արարատի մարզում’

1599

Այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիա է սկսվել Արարատի մարզում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, թվով 2000 գյուղացիներ՝ Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ գյուղերի բնակիչներ, արդարացիորեն բողոքում են, թե ինչ-որ ֆուռատերեր, գյուղացիներին ստրուկի տեղ դնելով, փորձում են գրոշներով գնել իրենց աճեցրած ծիրանը: Գյուղացիները ասում էին, որ օրեր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելել է գյուղեր և խոստացել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի գյուղացու աճեցրած միրգն ինչ- որ արտոնյալներ ստիպողաբար չգնեն ջրի գնով: Մինչդեռ գյուղնախարարի այցից հետո գինն ավելի է իջել: Գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, իրենք գալու են Երևան և իրենց պահանջն են արտահայտելու  կառավարության առջև: Ըստ գյուղացիների՝  առաջարկված գնով իրենք չեն կարող մարել նույնիսկ ոռոգման ջրի պարտքը: Ֆուռատերերը, տեսնելով գյուղացիների զայրույթը՝ իրենց հետ բերած փայտե արկղերը թողել են ու ճողոպրել: Գյուղացիները հայտնել են նաև, որ Արարատի փոխմարզպետը խոստացել էր իրենց  հետ հանդիպել այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, բայց «երևի դեռ աչքը կպած ա՝ անկողնում ա», ասում էին գյուղացիները:

Նախորդ հոդվածը‘Մերաբիշվիլիի գործը լուրջ մոնիթորինգի կարիք ունի’
Հաջորդ հոդվածը‘Թաիթիի կառավարությունը ընդհատել է նիստը հավաքականի խաղի ժամանակ’