‘Գյուղացիները փակել են ճանապարհը. Մթերողները գցում են ծիրանի գինը’

2059

Արմավիրի մարզի Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչները (մոտ 300 մարդ) առավոտյան ժամը 10-ից փակել են Հոկտեմբերյանից Թալին տանող ճանապարհը: Tert.am-ին այս մասին տեղեկացրել է Պռոշյան գյուղի բնակիչ Դավիթ Սողոմոնյանը: Պատճառը մեկն է՝ մթերող ընկերությունները գյուղացիներին ստիպում են ծիրանը վաճառել 200-250 դրամով:

«Ասում են՝ Լուկաշինից ու Մյասնիկյանից էլ են գալու, որ մեզ միանան, բայց մեծ քանակով ոստիկաններ են ուղարկել: Քաշում են, հրում են մեզ, չեն թողում, ասում են մարդ կգա, կխոսի ձեզ հետ, բայց մարդ էլ չի գալիս: Իսկ մթերողները գալիս են, գինը գցում են: Պայմաններ չկան մեզ համար ստեղծված, ապրանքը մնացել ա, մենք սենց մեր ծախսերն էլ չենք կարողանում հանենք»,- ասել գյուղի բնակիչը:

Գյուղացին ընդգծել է, որ իրենք պահանջում են, որ մթերումն իրականացնող գործարարները ծիրանի գինը չիջեցնեն:

Tert.am-ի հարցին, թե կոնկրետ որ մթերող ընկերություններն են իջեցնում ծիրանի գինը, Դավիթ Սողոմոնյանը նշել է.

«Դե «Սպայկան» ա ամենամեծը, երևի, ինքն ա իր կամքը թելադրում, ինքը ոնց ուզում ա, տենց էլ ուղղորդում ա բոլորին: Պետական հովանավորություն էլ ունի, ամեն ինչով իրան պաշտպանում են, ուրեմն՝ ինքն ա թելադրողը»,- ասաց նա:

Կայքը հիշեցնում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հունիսի 21-ին այցելելով «Սպայկա» ընկերություն, լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ծիրանը մթերվում է 400-500 դրամով, սակայն հաջորդ օրն իսկ նույն գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց զգուշացրել են, որ այն մթերվելու է 250-300 դրամով:

 Գյուղացիները ցանկանում են, որ իրենց հետ հանդիպի ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը, ով իրենց հարցը լուծելու խոստում կտա ու հետո խոսքին տեր կկանգնի:

Նախորդ հոդվածը‘Պռոշյանում առաջադրվել է հինգ թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Կանյոնը՝ լարի վրայով և առանց անվտանգությունն ապահովող միջոցների (տեսանյութ)’