‘Գյումրեցի փոքրիկին վիրահատել են 2-րդ անգամ ‘

1983

Գյումրիում վիրավորված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին ներկայումս երկրորդ անգամ են վիրահատում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը, վիրահատությունն իրականացնում է Սանկտ Պետերբուրգից հրավիրված նեյրովիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը: Նախարարությունն առայժմ ձեռնպահ է մնում փոքրիկի առողջական վիճակի, ինչպես նաև վիրահատական միջամտության պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից:

Քիչ առաջ էլ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով վիրահատության մանրամասները.

Վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն:

Ժամը 14:00-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում:

Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարում է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հաշվի առնելով, որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռևս առկա չեն, սակայն մասնագետների կարծիքով կարող են ձևավորվել կարճ ժամանակահատվածում:

Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում:

Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Գյումրիի հանցագործությունը հղի է զանգվածային հուզումների շարունակմամբ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների փչացման պատասխանատու’