‘Գյումրիի սպանությունների մեջ կասկածվողը հայտնաբերվել է. Ո՞վ է իրականացնելու քննությունը’

2344

Ռուսաստանցի սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։

Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:

Ասլանյանն նաև ասել է, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, արյունալի դեպքերի գործով հիմնական կասկածյալին գտել են հայ-թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում։

Դատախազը տեղեկացրել է, որ Վալերի Պերմյակովը հիմա ռուսական կողմի մոտ է։

Վալերի Պերմյակովին հայտնաբերելու մասին տեղեկություններն panarmenian.net–ի հետ զրույցում հաստատել է նաև Երազգավորս համայնքի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, նշելով, որ Վալերի Պերմյակովը փորձում էր հատել Թուրքիայի հետ սահմանը:

Վալերի Պերմյակովն ռուսական ռազմաբազայում է: Այս մասին news.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Քանի որ իրեն բռնել են ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը հատելու փորձ անելիս, նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը»,- ասել է Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ռազմաբազայում են են նաեւ հայ իրավապահները, Հատուկ քննչական ծառայության հատուկ օպերատիվ քննչական խումբը:

Հարցին՝ կհանձնեն արդյոք կասկածյալին հայկական կողմին, թե ոչ, Ասլանյանը պատասխանեց, որ առայժմ որեւէ հստակ բան ասել չի կարող:

«Այս պահին տարվում են աշխատանքներ հետագա քայլերը որոշելու համար »,- ասել է նա:

Vesti.ru-ն` դեռ մինչև Պերմյակովին հայտնաբերելը հաղորդել էր, որ Գյումրիում կատարված մասսայական սպանության հետաքննությունը իրականացնելու է ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը` նախարարի առաջին տեղակալ Բախինի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի վեց անդամները հունվարի 12-ի առավոտյան սպանվել էին: Սպանվածներից հինգը չափահաս են, մեկը՝ երկու տարեկան երեխա: Իսկ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, վիրահատվել է եւ ինչպես բժիշկներն են հայտնում այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դաժան սպանության հիմնական կասկածյալը Գյումրիում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովն է:

Երեկ երեկոյան ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել Ավետիսյանների տնից։

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ 2014» մրցանակաբաշխությունը. Քրիստիանո Ռոնալդուն` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ(տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն ու Մեսսին չեն քվեարկել միմյանց օգտին Ոսկե գնդակի քվեարկությունում’