‘Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն՝ կապված Վարդան Ղուկասյանի գործունեության հետ ‘

832

«Մենք Վարդան Ղուկասյանի դեմ գործ հարուցելու լիազորություն չունենք, մենք մեր մասով կարող ենք ուղղակի հրավիրել ստուգումներ իրականացնող մարմիններին, որ կատարեն իրենց ստուգումները, ու այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկելու»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Մեր հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը մամուլի այն հրապարակումները, թե դատախազությունը քաղաքապետարանից պահանջել է 2005-2011 թվականների փաստաթղթային արխիվը, Եգանյանն ասաց՝ չի կարող հաստատել:

«Պարզապես ասեմ, որ մամուլում հրապարակումները՝ կապված քաղաքապետարանի կատարած նախկին ծախսերի, մուտքերի հետ, հիմք են, որ իրավապահ մարմինները համապատասխան վարույթ սկսեն, և անհրաժեշտություն է, որ համապատասխան փաստաթղթեր պահանջեն քաղաքապետարանից: Բայց կոնկրետ դատախազության մասին ոչինչ չեմ կարող ասել», — նշեց նա:

Մեր այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենան իրականացվելիք ստուգումները, Եգանյանն ասաց՝ ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում քաղաքապետի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանն ասել էր, որ մեկ միլիարդ դրամից ավելի պարտքով է ընդունել քաղաքապետարանը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան նախապայմաններ է ստեղծում Սիրիայում ռազմական միջամտության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հույն ոստիկանը աշխարհի ամենաունիվերսալ մրցավարն է’