‘Գյումրիի քաղաքապետը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ’

1036

Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել  Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ: Այս մասին հաղորդում են Գյումրու քաղաքապետարանից:

Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ  քննարկված հարցերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկեցին անցկացված միջոցառումների և տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած՝ Գյումրիում  զինտեխնիկայի և զինվորականների տեղաշարժման ճանապարհային  քարտեզին: Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել: Ռուսական կողմը ներկայացրեց  ներքին կարգապահական ուժեղացված  վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր  ևս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած խնդրի  ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Դիվերսանտներից մեկին կարող ենք փոխանակել Ռամիլ Սաֆարովի հետ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Գործող իշխանությունները պետք է հեռանան’