‘Գյումրիում ոստիկանները բռնություն են կիրառել արվեստի գործչի նկատմամբ’

2161

Երեկ Գյումրիում, քաղաքն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու առիթով տեղի ունեցած տոնակատարությունների ընթացքում, հասարակական կարգ պաշտպանող ոստիկանները բռնի ուժ են կիրառել արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանի նկատմամբ:

Ըստ «Շիրակ» բարեգործական միության տարածած հայտարարության՝ արարողության ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Մութաֆյանը ստիպված է եղել մի քանի րոպեով հեռանալ հյուրերի համար նախատեսված վայրից:

«Վերադառնալ, սակայն, նրան չհաջողվեց, որովհետ ոստիկանության մեկ մայոր և կապիտան, գերազանցելով իրենց լիազորությունները, ցուցաբերելով ոստիկանին անհարիր պահվածք, լկտիաբար և ցինիկ կերպով ոչ միայն արգելեցին նշանավոր մտավորականի վերադարձը հանդիսության վայր, այլև նրա նկատմամբ կիրառեցին ֆիզիկական ուժ, ստորացրեցին հասարակության առջև նրան, թևերից բռնելով քարշ տվեցին ինչ-որ մեքենայի մեջ և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ շաքարային դիաբետ ունեցող մարդու մոտ տվյալ պահին առաջացել են լուրջ առողջական խնդիրներ, սկսեցին կիրառել նվաստացնող և ֆիզիկական ցավ պատճառող գործողություններ», — ասվում է «Շիրակ» միության հայտարարության մեջ:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն, իր հերթին, միջադեպի վերաբերյալ գրառում է թողել «Ֆեյսբուքում»:  

«Միլիցոնց, փաստորեն, երեկ հաջողվեց մի քիչ փչացնել Գյումրու տոնակատարությունը, բայց քիչ. պատնեշել էին հրապարակի մուտքը բոլոր կողմերից, ինչ է, թե վարչապետ-նախարար-մախարար կային կենտրոնում նստած: Աջ պատնեշը ինձնից մոտ տասնհինգ մետր էր աջ` 2 մետրը մեկ մի միլիցի էր կանգնած, Երեւանից բերված հատուկ ջոկատայիններ էին, հրավիրվածների մուտքն էլ, հրավիրատոմսերն էլ էին Երեւանից բերված ինչ-որ խորհրդավոր անվտանգության ուժեր հսկում, նույն ջոջերի պատճառով, ամենայն հավանականությամբ: 

Համերգի կեսին, տեսնեմ, իր նստած տեղից Լեւոնը Մութաֆյան ելավ գնաց այդ շրջապատված տարածքից դուրս` անցավ միլիցոնց պատնեշի արանքով, իրենք էլ տեսան, որ մարդը իրենց կողքով անցավ գնաց դուրս, երեւի` ծխելու: 10 րոպեից ետ եկավ, նույն միլիցիք ներս չեն թողնում: Հանգիստ բացատրում էր մի քանի րոպե, չեն թողնում անցնի, գնա իր տեղը նստի: Տեսա` չեն թողնում, ելա մոտեցա, թե` ինչ բան է: Միլիցիք ասում են` մեր պետի հրամանն է` այստեղից ելնողը չի կարող ներս գալ, մենք հրաման կատարող ենք: Ասում եմ՝ կանչեք ձեր պետին, բացատրեք, որ մարդը մշակույթի գործիչ է, նստած էր, հրավիրված է, ելավ դուրս, հիմա վերադառնում է, ի՞նչ է պատահել: Սրանք իրենցն են զոռում: Մութաֆյանը նույն բաներն է բացատրում, երկուսս էլ հանգիստ եւ քաղաքավարի էինք խոսում, ոնց որ սկսեցին պետին որոնել, թոռս սկսեց ղժժալ, ես վերադարձա տեղս: 3-4 րոպե չէր անցել, տեսնեմ՝ Մութաֆյանին շրջապատել են մի 7-8 միլիցի, ու սկսում է տաքանալ, մինչեւ ելա տեղիցս, Մութաֆյանին բռնեցին ուժով, քաշքշելով հեռացրին», — նկարագրում է Լեւոն Բարսեղյանը:

Այնուհետեւ, ըստ Լեւոն Բարսեղյանի, ծառայություն իրականացնող ոստիկանության սպայի ցուցումով մի քանի րոպե անց մարդիկ ազատ ելումուտ էին անում այն տեղով, որտեղից Մութաֆյանն էր ուզում անցնել, ու չթողեցին:

 «…Սատկեք դուք ձեր քոսոտ անվտանգության համակարգով, որ կարող է 10 րոպեն մեկ այնպես փոփոխվել, ինչպես պուտանկեքն են կերպարանափոխվում գործից առաջ ու հետո …», — գրում է Լեւոն Բարսեղյանը:  

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակ. Լևոն Արոնյանը երկրորդն է’
Հաջորդ հոդվածը‘Ողբերգություն՝ լեգենդար Cirque du Soleil-ի ներկայացման ժամանակ’