‘Գյումրի. Դատարանը հնարավորություն չունեցավ դիտել տեսաերիզները (տեսանյութ)’

979

Asparez.am-ը փոխանցում է, որ կալանավորին ժամանակին տեղ չհասցնելու պատճառով՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով սեպտեմբերի 4-ին նշանակված հերթական դատական նիստը սկսվեց մեկ ու կես ժամ ուշացումով: Դեռ նախորդ նիստից պարզ էր դարձել, որ դատարանն այս նիստին պետք է դիտեր գործում առկա տեսաերիզները, իսկ դրա դիտման ժամանակ, համաձայն կողմերի ներկայացրած միջնորդությունների, պետք է մի քանի վկաներ ներկա գտնվեին, այդ թվում նաեւ Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, ընկերը՝ Ռոման Ղարաքեշիշյանը եւ եւս երկու վկաներ: Վերը նշված վկաները պատշաճ ծանուցվել էին դատարանի կողմից, բայց նրանցից եւ ոչ մեկը չէր ներկայացել, միայն Անահիտ Իսկանդարյանը գրություն էր ուղարկել, որ առողջական խնդիրների պատճառով ներկայանալ չի կարող:

Կողմերը եւս չհամաձայնեցին տեսաերիզները դիտել առանց վկաների ու միջնորդեցին բերման ենթարկելու որոշում կայացնել նրանց նկատմամբ: Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանի մեկնաբանմամբ՝  չի կարելի հարգելի համարել նաեւ Ա.Իսկանդարյանի բացակայությունը, չնայած նրան, որ դատարանը նրանից դիմում ստացել էր, բայց առողջական վիճակի հետ կապված որեւէ փաստաթուղթ չէր ներկայացվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը նշեց, թե հաջորդ նիստին ինքը կկարողանա ապահովել Ա.Իսկանդարյանի ներկայությունը, բայց եթե վերջինս էլի չկարողանա գալ դատարան, ապա առողջական վիճակի մասին փաստաթղթեր անպայման կներկայացնեն: Այնումամենայնիվ, դատարանը վկաների նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Այնուհետ դատարանն անցավ գործում առկա իրեղեն ապացույցների զննությանը: Կողմերի անմիջական մասնակցությամբ դատարանում բացվեց եւ զննվեց գործով իրեղեն ապացույց համարվող՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին պատկանող տաբատը, որն առգրավվել էր Հարությունի մեքենայից: Տաբատի զննության ընթացքում պաշտպանական կողմի փաստաբանները մի քանի նկատառում առանձնացրեցին, նախ փաթեթավորման հետ կապված, ապա նաեւ տաբատի. նշեցին, թե դրա վրա վառված հետքեր եւ կեղտաբծեր կան, որոնց առկայության պարագայում, ըստ նրանց, մարդը դժվար թե այդ տաբատը հագներ եւ դուրս գար տանից: Տոպրակում, որով տաբատը բերվել էր դատարան, կար նաեւ «սվիտրի» մասին վկայող փաստաթուղթ, բայց ինքը՝ «սվիտրը», տոպրակում չկար: Ըստ տոպրակում գտնվող փաստաթղթի՝ «սվիտրն» առգրավվել էր Հարությունենց բնակարանից:

Տաբատի զննությունից հետո ամբաստանյալ Հ.Սարգսյանը միջամտեց եւ, ինչպես ինքն էր ասում, ուզում էր հասկանալ, թե իր «ռաբոչի շալվարն» ինչու է հետազոտվում: Ի պատասխան Հարությունի այս հարցադրմանը՝ դատախազ Արմեն Մարուխյանը նշեց, թե այդ անդրավարտիքի ձախ փողքի վրա հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ:

Դատավոր Մարտին Սարոյանը որոշեց այնուհետ անցնել ամբաստանյալի հարցաքննությանը, մինչդեռ երկու կողմ էլ առարկեցին՝ կարեւորելով գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտությունը, ինչը, ըստ նրանց, պարտադիր է: Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին:

Սոնա Առաքելյան

www.asparez.am

Նախորդ հոդվածը‘Հորդանանի ՌՕՈՒ-ն լիակատար մարտական պատրաստականության է բերվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ամփոփում. Կարեւոր իրադարձությունները’