‘Գնան ձորն ընկնե՞ն այն լրագրողները, ովքեր իշխանության համար չեն աշխատում…’

1630

Հետաքրքիր երիտասարդ է Շարմազանովը՝ քաղաքական հնչեղություն ստացած ցանկացած հարցի իր արեւին փափուկ ելքեր կամ փափուկ վայրէջք է առաջարկում: Միայն թե ինքնաթիռից իջնեն:

Հիմա էլ iLur.am-ի լրագրողի միջադեպը համարում է մի սովորական «դմփածեծ» եւ առաջարկում է՝ գործը «միլիցեքին տալ»: Լրագրողին վիրավորելը, ծեծելն իր մեջ քաղաքական տարր չի պարունակում: Հետաքրքիր է, որ մի «միլիցի» իր պարտականությունը կատարելիս ծեծեին կամ պագոնը պոկեին, ոստիկանության համար վիրավորական չէ՞ր լինի, եթե Շարմազանովն ասեր՝ «մի 10 » սուտկա նստացրեք ծեծողին, թող գնա»: Շարմազանովի վերջին առաջարկն ուղղակի «փափուկ բարձիկով պասադկա է». «iLur.am-ի լրագրողի հետ կապված միջադեպը պետք չէ տեղափոխել քաղաքական հարթություն»: Չասե՞ս՝ բա որտե՞ղ տեղափոխեն… Տեղն էլ է ցույց տալիս:

Այնտեղ «պասադկայի տեղ չէ», արտոնված չէ, մի քիչ ձախ թեքվեք, իրավական հարթությունն է, այնտեղ իջեք… Իրավապահ մարմիններն այնտեղ «կդիմավորեն» ձեզ, «կզբաղվեն դրանցով»: Սա ինձ մի պատմություն է հիշեցնում, երբ տանտերը հյուրեր ունենալու գլխացավանքից ազատվելու համար նրանց ասում է՝ մուտքը ա՜յ այն ճանապարհով է: Իսկ այդ ճանապարհին չոքած –սպասում են նրա ամեհի շները… Ով էլ որ բռնում է այդ ճամփան՝ չգիտի՝ ոնց կվերադառնա, երբ կվերադառնա… կամ կվերադառնա՞… Մամուլի խոսնակի աշխատանքն էլ լրատվական աշխատանք է: Ինչպե՞ս կզգա իրեն պարոն էդուարդ Շարմազանովը, եթե լրատվություն իրականացնելիս իրեն ծեծեին… Նրան անպայման կպաշտպաներ նախագահը, կխառներ քաղաքական ու իրավական դաշտը, որովհետեւ իշխանության շահերն է պաշտպանում… Գնա՞ն ձորն ընկնեն այն լրագրողները, ովքեր իշխանության համար չեն աշխատում… Նրանց ո՞վ պետք է պաշտպանի: Միլիցե՞քը… Ասել էի…

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Այստեղով հայն է անցել. Վառել են Հաղարծնի դարավոր ընկուզենին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սաքունց. Մի օր էլ կհասնեն Օպերայի շենքին ‘