‘Գնում են կոալիցիա, որ ի՞նչ անեն’

3439

Նորմալ երկրներում կուսակցություններն այլ քաղաքական ուժերի կոալիցիայի առաջարկ են անում միայն մի դեպքում՝ երբ կառավարություն չեն կարողանում ձեւավորել: Ընտրություններից հետո: Բայց Հայաստանում կարծես ամեն ինչ շուռ է տված գլխիվայր: Այստեղ կարեւոր չէ` քաղաքական ուժը կարողանո՞ւմ է միայնակ կառավարություն ձեւավորել, թե՞ ոչ: Ավելին, այսօր էլ, ԱԺ ընտրություններից շատ անցած, նորից կոալիցիա ձեւավորելու խոսակցություններ են ընթանում; Այն էլ ինչ խոսակցություններ՝ բանակցություններ, որոնց մասին խոստովանում են, մի կողմից, թե՛ ՀՀԿ-ականները, մյուս կողմից էլ` թե՛ դաշնակցականները: Քաղաքական առումով, իհարկե, պարզ չէ՝ ՀՅԴ-ն կոալիցիա մտնում է, որ ի՞նչ անի: Սա ավելի շատ նման է «լավության» դիմաց մի փոքր մերսի ասելուն, քան քաղաքական գործընթացի: Եւ այդպես էլ, թերեւս, կա: ՀՅԴ-ն պաշտպանեց սահմանադրական փոփոխությունները, եւ որպես մերսի` մի երկու պաշտոն կստանա քաղաքական առեւտրին ծիրին մեջ: Այնպես որ, այս բանակցային գործընթացներին չենք նայում դասական քաղաքականության տեսանկյունից, այլ զուտ հայաստանյան իրողությունների ծիրին մեջ: Ու այստեղ էլ, սակայն, հարց է, առաջանում՝ մտնում են կոալիցիա, որ ի՞նչ անեն: Ինչպես հիշում ենք, ՀՅԴ-ի  ջրերը մի առվով չսկսեցին հոսալ իշխանությունների հետ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Բանը բանից անցավ, երբ Դաշնակցությունը մտավ քառյակի մեջ, որը իշխանություններին ներկայացրեց հայտնի 12 կետանոց պահանջը:

Որոնք էին դրանք.

1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին:

2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:

3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը:

4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:

5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:

6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:

7. Բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:

8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:

9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:

10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռման հնարավորությամբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:

11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:

12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Ընդ որում, եթե հիշում ենք, այս պահանջները չկատարելու դեպքում քառյակը պահանջելու էր Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հիմա հարց, կատարվե՞լ են այսօր այդ պահանջները: Թերեւս միայն կետերից մեկի մեկ ենթակետը` համամասնական ընտրակարգի վերաբերյալ, նույն կետի մյուս ենթակետերը` «ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի, որոնման և ներբեռման հնարավորությամբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում»,  ոչ միայն չեն կատրավել, այլեւ` նորից բացառվել են: Ու այսօր, չնայած այդ կետերի չկատարմանը, արդեն նախկին քառյակի ուժերից միայն Հայ ազգային  կոնգրեսն ու Ժառագությունն են շարունակում պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ Դաշնակցությունն էլ, Բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանի շուրթերով, հայտարարում է, թե բանակցություններ է վարում կոալիցիա կազմելու շուրջ: Բայց որեւէ տրամաբանական հիմնավորում, թե մտնում են կոալիցիա, մի երկու աննշան պաշտոն են ստանալու, ու հետո ի՞նչ անեն, կամ ինչի՞ համար, չի հնչում: Իսկ գուցե կան իրական բացատրություններ, որոնք չե՞ն հնչում: Անխոս, կան: Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանը կիմանան, նրանք այդ գործի վարպետն են:

Հ.Գ. Ի դեպ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է: Փաստորեն, իրենք են խոստովանում, թե ինչ տեսակ ուժի հետ են բանակցություններ վարում: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ն Անկարային կոչ է անում հետաքննել քրդերի գնդակահարությունը Ջիզրայում’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Մի կործանեք երկիրը’