‘«Գնված ապրանքը ետ չի ընդունվում» ցուցանակը անօրինական է’

1029

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ը հիշեցնում է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ սպառողն իրավունքն ունի 14 օրվա ընթացքում փոխանակել անգամ պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ) կամ այն չի կարող օգտագործվել ըստ նշանակության, իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը:

«Հետևաբար «գնված ապրանքը ետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում», — iLur.am-ին տեղեկացնում են կազմակերպությունից:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը պարբերաբար շրջայցեր է կազմակերպել Երեւանում՝ իրազեկելով այս նորմի մասին, եւ արձանագրել է, որ հարցի վերաբերյալ իրավիճակը որոշակի փոփոխություն է կրել:

Սակայն կազմակերպությունը շարունակում է ստանալ բողոքներ՝ կապված բրենդային հագուստների խանութների սեփականատեր «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության հետ, որտեղ տնտեսվարողը մշակել է ինքնուրույն քաղաքականություն ու ապրանքը ենթարկում է միայն փոխանակման, և անգամ, երբ սպառողը ոչ մի համարժեք ապրանք չի գտնում, հրաժարվում է կազմակերպել վերադարձը՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները:

«Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության կազմում են գործում  Զառա (Zara), Բերշկա (Bershka), Փուլ ընդ Բիըր (Pull&Bear), Մասսիմո Դյութի (Massimo Dutti), Ստրադիվարիուս (Stradivarius), Օյշո (Oysho), Մարքս ընդ Սփենսեր (Marks&Spencer), Գափ (Gap), Թոփ շոփ (Topshop), Սի ընդ Քեյ (C&K), Վալլիս (Wallis), Միսս Սելֆրիջ (Miss Selfridge), Ջեննեֆեր (Jennefer), Մոնսուն (Monsoon), Աքսեսորայզ (Accesorize), Լա Սենզա (La Senza), Նյու լուք (New Look), Բլանկո (Blanco), Սթիվ Մադդեն (Steve Madden), Չարլզ ընդ Քեյթ (Charles  & Keith), Սերջնթ Մեյջր, (Sergent Major), Գարաժ (Garage) խանութները, իսկ վերջին բողոքը կազմակերպությունը ստացել է՝ կապված Թոփ շոփ (Topshop) խանութի հետ:

 

Նախորդ հոդվածը‘«Աջ սեկտորը» Պոռոշենկոյին զգուշացնում է չկրկնել Յանուկովիչի ճակատագիրը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Շոտլանդիայում անկախության հանրաքվեի օրն է ‘