‘Գոհար Սիմոնյան. Газпром VS Socar, թե՞ West vs Russia’

3562

Օրերս Ազատ Վրաստան կուսակցության նախագահ Կախա Կուկավան հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, ըստ որի՝ SOCAR Georgia-ի բաժնետոմսերի 48%-ը պատկանում է Միխեիլ Սաակաշվիլիի կնոջը՝ Սանդրա Ռուլոֆսին: Այսպիսով՝ Газпром VS Socar առճակատումը Վրաստանի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի կողմից կազմակերպված օպերացիա է ներկայացվում, որի արդյունքում, իբր, Իվանիշվիլին պատրաստվում է Սանդրա Ռուլոֆսին փոխարինել իր զարմիկ Ուչու Մամացաշվիլիով եւ Սաակաշվիլիի կուսակցությանը զրկել իր հիմնական ֆինանսական միջոցից:

Դժվար է ասել՝ ձախ կողմնորոշմամբ այս գործիչը, որն ավանդաբար եթե ոչ պրոռուսական, գոնե Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների կողմնակից  է ընկալվում, ինչու է հենց այս պահին բարձրաձայնում ժամանակին, իբր, կոռուպցիոն եղանակով իրականացված գործարքի մասին, եթե, ըստ որոշ լուրերի, իր կուսակցությունը շատ ավելի վաղ է իմացել նախկին նախագահի տիկնոջ՝ օֆշորային գոտում գրանցված լինելու եւ Socar-ի բաժնետերը լինելու մասին: Մի՞թե ասպարեզում ոչ միայն Սաակաշվիլիի եւ նրա ընտանիքի վրա ստվեր գցելու ցանկությունն է, այլեւ Վրաստանի ձախողված ռուսականացումը՝ անհանգստանում է Արեւմտյան մամուլը:

Հավանաբար, սույն հռետորական հարցը հաստատական պատասխան է ստացել գոնե երկրից դուրս (թեպետ, ես, օրինակ, կասկածով կվերաբերվեի նման եզրակացությանը. ի վերջո, եթե համարենք, որ արտահոսքը Իվանիշվիլիի համաձայնությամբ է տեղի ունեցել, վտանգվում  է ոչ միայն Սաակաշվիլին, այլեւ Իվանիշվիլին ի՛նքը), եւ դա է պատճառը, որ արեւմտյան մամուլն էլ իր հերթին է բացահայտումներ անում՝ այս անգամ թիրախավորելով Բիձինա Իվանիշվիլիին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ  ներկայումս այս գործի ավանգարդը նախկինում շատ ավելի չեզոք շվեյցարական մամուլն է:

Այստեղ պնդում են, թե Բիձինա Իվանիշվիլին Գազպրոմի խոշոր բաժնետեր է, հետեւաբար նաեւ՝ կոնկրե՛տ, բայց լավ սքողած կողմնորոշման տեր մեկը, բացի այդ՝ անթաքույց են հեգնում այն հանգամանքը, որ հենց իրենց խորհրդատուներից մեկի պատճառով այս պահին Իվանիշվիլին բավական լուրջ ֆինանսական կորուստների առջեւ է կանգնել:

Բանն այն է, որ  Բիձինա Իվանիշվիլին, ըստ շվեյցարական մամուլի, տեղի  Credit Suisse բանկում 100 միլիոն ֆրանկի բաժնետոմսեր  է ունեցել, որոնք բանկի խորհրդատուն, առանց Իվանիշվիլիի հետ խորհրդակցելու, ներդրել է ամերիկյան դեղագործական RAPTOR ընկերությունում: Վերջինս այս պահին բավական խոցելի վիճակում է հայտնվել, եւ եթե իրավիճակը չկայունանա, կկանգնի սնանկացման եզրին՝ ի վիճակի չլինելով վերադարձնել ոչ միայն մնացած ներդրողների, այլեւ Իվանիշվիլիի ներդրումը:

Մամուլն, իհարկե, այդպիսի ուղիղ եզրակացություն չի անում, բայց ակնհայտ է, որ որոշակի կապ է տեսնում Վրաստանի էներգետիկ ոլորտում կատարվողի եւ Իվանիշվիլիի կրած նյութական կորուստների միջեւ (ի դեպ, այս պահին բանկի հիշյալ խորհրդատուն ձերբակալված է Իվանիշվիլիի կողմից ներկայացված հայտի հիման վրա, թեպետ փաստաբանը պնդում է, որ խոսք անգամ չի կարող լինել յուրացման մասին. առկա է միայն լիազորությունները գերազանցելու եւ ներդրողի հետ չհամաձայնեցնելու անպատասխանատու վարք, բայց դժվար է ասել՝ ինչ կերպ կընթանան պրոցեսները…): Կարծես թողնում են, որ ընթերցողն ի՛նքը եզրակացություններ անի, մանավանդ որ՝ Գազպրոմի գործերն էլ առանձնապես լավ չեն: Հայտնի՛ պատճառներով՝ չմանրամասնենք նավթի գների անկումն ու դրա հետ կապված այլ իրողություններ…

Թե ինչպես կզարգանան պրոցեսները, ամենայն հավանականությամբ՝ պարզ կդառնա շատ մոտ ապագայում: Փաստ է, սակայն, որ այս պահին տիկին Սանդրան եւ նրա ամուսինը լուռ են, կառավարությունը հերքում է բոլոր այսօրինակ լուրերը, իսկ էներգետիկայի նախարար, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն Ազատություն ռադիոկայանի հետ իր այսօրվա զրույցում շարունակում է պնդել, որ իրենց նպատակն անփոփոխ է՝  վերջ տալ Վրաստանի էներգետիկ կախվածությանը մեկ երկրի մեկ կազմակերպությունից:

 

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Վանա Իշխանը ազատական մամուլի դերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սահմանին կպած. Երասխի գինու գործարանը տանուլ է տալիս «գյադաների համակարգին»’