‘Գոհար Սիմոնյան. «Ադամանդի արքան» հեռանում է Հայաստանից’

7089

Ռուսական լրատվամիջոցներն օրերս իբր ցավով են արձանագրել, թե ադամանդագործության ոլորտում համաշխարհային հռչակ վայելող, հրեա գործարար Լեւ Լեւիեւը սխալ ժամանակ է ընտրել Հայաստանից ընդմիշտ հեռանալու եւ «Շողակն» ՓԲԸ-ն վաճառելու համար:  Տրվում են նաեւ գնորդների անունները՝ ծագումով հայազգի Ահարոն Պապոյան եւ Վարդան Տողանյան: 

Ահարոն Պապոյանն, ի դեպ, ռուսական «Աթոն» հայտնի ընկերության ինվեստիցիոն դեպարտամենտի ղեկավարն է եւ համարվում է Կրեմլի մարդը հենց միայն այն պատճառով, որ այս ընկերության ակունքներում կանգնած է Պուտինի Սոցիալական հարցերով խորհրդական Եվգենի Յուրեւը:

Բայց եթե Ահարոն Պապոյանը գոնե բիզնեսի հետ այս կամ այն կերպով կապված մեկն է, ավարտել է «London Business School»-ը  եւ աշխատել ամենատարբեր հեղինակավոր ներդրումային ընկերություններում, բոլորովին պարզ չէ, թե Քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանն ինչ կապ ունի ադամանդագործության հետ եւ ինչպիսի շահեր:

Ինտերնետային փնրտուքներիս արդյունքում պարզեցի, որ Տողանյանը ծնվել է 1965-ին, Երւանում: Ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների բաժինը, տեղում ավարտել ասպիրանտուրան, իսկ անկախության տարիներին՝ ՝1993-95թթ. նշանակվել ՀՀ  արտգործնախարարության առաջին քարտուղարը: Այնուհետ որոշել է մեկնել Մոսկվա, քաղաքագիտության գծով դոկտորական է պաշտպանել, ստաժավորում անցել Ճապոնիայում, Հարվարդում:

Ինչպես է հասցրել այս ամենն անել, երբ Հայաստանից տեղափոխվելուց  անմիջապես հետո՝ 1995-2000-ին, եղել է նաեւ Հանրության հետ կապերի հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդականը, միաժամանակ՝ «NNG Consulting» ընկերության նախագահը, անպատկերացնելի է: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Տողանյանը բավական փակ մարդ է, այդուհանդերձ, ակնհայտ է, որ առաջանալու համար նրան օգնել են ռուսական, ինչպես նաեւ՝ Ղազախստանում ունեցած կապերը: Այստեղ նա լուրջ PR ակցիա է իրականացրել ղազախական «ԹուրանԱլեմ» բանկային ընկերության համար, նաեւ բազմաթիվ գործարարների մտերմությունն է վայելել:

2001-ին, սակայն, Տողանյանը վերադարձել է քաղաքագիտությանը, հիմնել  «Եվրասիական մեդիագրուպ» ընկերությունը եւ ցայսօր դրա նախագահը, իսկ այժմ նաեւ՝ «Շողակնի» բաժնետերն է:

Հիմա թե ինչպես կզարգանան իրադարձությունները «Շողակնում», դժվար է ասել: Սկզբի համար, թերեւս, արժե սպասել գոնե կառավարության պաշտոնական հայտարարությանը, հընթացս քննարկել այն իրավիճակը, որում Լեւիեւը որոշում է ընդունել վաճառել դեռեւս 2007-ից պարապուդի մեջ եղող «Շողակն» գործարանը:

Բայց նախ՝ մի փոքր նախապատություն:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում ադամանդագործության կենտրոններից մեկն էր համարվում: Ընդունված տեսակետ էր, թե լավագույն վարպետներն այս գործում հայերն են, իսկ հայերի մեջ՝ նոր հաճնցիները:

Երեւի դա էր պատճառը, որ ժամանակին Անտոն Քոչինյանը որոշեց Նոր Հաճնը դարձնել ադամանդագործության կենտրոն: 1973-ին հենց այստեղ բացվեց առաջին «Սապֆիր» արտադրական միավորումը, իսկ երեք տարի անց  «Շողակն» գործարանը՝ տարեկան 140,000 կարատ ալմաստի վերամշակման հզորությամբ: Զարգացման պիկային տարիներին ոլորտի արդյունաբերական անձնակազմի թիվը հասել է մինչև 3,000-ի, իսկ հայ վարպետներն իրականացրել են ադամանդի ամենաբարձր՝ «գերազանց» կարգի մշակում:

Անկախության հաստատումից անմիջապես հետո ոլորտի վերականգնման գործը ստանձնեց հայտնի Արսլանյան ընտանիքը, որի ջանքերով Հայաստան եկան նաեւ օտարերկրյա այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսիք են «Tashe»-ը, «Rosy Blue»-ն:

Ավանդաբար, այդ շրջանին ադամանդի հումքը ներկրվում էր հիմնականում Բելգիայից, եւ ոլորտի համար կարեւորագույն իրադարձություն էր «Շողակնի» սեփականաշնորհումն ու 2000 թ. իսրայելյան «Lev Levaev Diamonds» հանրահռչակ ընկերության մուտքը Հայաստան, որն աշխատում էր աֆրիկյան հանքերից արդյունահանված սեփական հումքով:

Ի դեպ, ժամանակին մամուլում կիսաձայն քննարկվում էր այն լուրը, թե Բաղրամյան 26-ը որոշել էր ռուսների միջոցով կրկնակի շահույթ ունենալ ոլորտում՝ ասպարեզից հեռացնելով հրեա Լեւիյեվին:

Նրան, ում ամբողջ աշխարհում «Ադամանդի արքա» են կոչում, եւ ով իր առաջին բիզնեսն ընդամենը տասներեք տարեկանում էր ստեղծել, ծննդավայր Տաշքենդից Իսրայել տեղափոխվելուց անմիջապես հետո: Որպես «սեւ օրվա հաց»՝ ծնողները հետները ադամանդներ էին տարել իրենց պատմական հայրենիք, եւ որքան մեծ էր եղել զարմանքն ու սարսափը, երբ պարզել էին, որ քարերը կեղծ էին:

«Հենց այդ օրը ես երդվեցի, որ ի՛մն են լինելու աշխարհի ամենաիսկական ու ամենասիրուն քարերը: Ես առանց այդ էլ տառապել էի համադասարանցիներիս ու շատերի կողմից «ջհուդ, Թորա կրծող» համարվելով, չէի կարող թույլ տալ, որ ամբողջ կյանքս փչանա ինքս ինձ  խղճալու «գործ վրա»: Ես դարձա ադամանդի արքա, եւ դա իմ պատասխանն է այն մարտահրավերին, որ կոչվում է կյանք թշնամական միջավայրում»,- մի առիթով ասել է Լեւիյեւը…

Մի խոսքով՝ ահա այս մարդուն մեր երկրում հաջողացնում են անկյուն քշել:

Նախ՝ կառավարությունը ռուսական «Alrosa» ընկերության հետ պայմանագիր էր կնքել ՌԴ-ից նպաստավոր պայմաններով ալմաստի ավելի ցածրորակ հումք ներմուծելու մասին, եւ ստացվել էր այնպես, որ Լեւիյեւի համար այլեւս ձեռնտու չէր Իսրայելից սեփական հումքի ներմուծումը: Ճի՛շտ է՝ սկզբում պայմանավորվածություն կար, որ ռուսական հումքի մեծ մասը հենց «Շողակնում» կվերամշակվի /այս մասին, ի դեպ, մինչեւ այսօր գործող  shoghakn.am-ում էլ է գրված/, մանավանդ որ՝ Լեւիյեւն ի՛նքն էլ ռուսների համար օտար մեկը չէր ու այդ տարիներին, ի թիվս շատ այլ գործերի, «Մոսկվա սիթի» ներդրումային ծրագիրն էր իրականացնում ռուսական մայրաքաղաքի սրտում, բայց, որքան հասկանում եմ, հայկական կառավարությունը ոչ միայն չի պահում իր խոստումը, այլեւ տեղի են ունենում մութ եւ անհասկանալի բաներ: Ակնհայտորեն, ինչ-որ մեկը շատ էր ուզում, որ «Շողակնը» կամ Լեւիյեւը դադարեցներ իր բիզնեսը Հայաստանում:

Եւ ահա Պետեկամուտների կոմիտեն էլ այնտեղ է ինչ-որ շատ խուճուճ դատավարություն սկսում «Շողակնի» դեմ, ինչի պատճառով ընկերությունը 2007-ից դադարեցնում է իր աշխատանքը Հայաստանում, եւ հիմա այնտեղ նույնիսկ մի պահակ չկա, որ հեռախոսազանգերին պատասխանի: Չնայած՝ հեռախոսահամար էլ չկա. Սփյուռից մեզ ասին, թե իրենք միայն կարող են ընկերության հասցեն տրամադրել…

Փաստորեն, ստացվում է այնպես, որ «Շողակն»-ՊԵԿ դատական քաշքշոցը մինչեւ օրս էլ չի հանգուցալուծվել: Վարպետների մեծ մասը, որքան հետաքրքրվեցի, տեղափոխվել են կամ այլ ընկերություններ կամ առհասարակ հեռացել են Հայաստանից: Բայց թե Լեւիյեւին ինչպես է հաջողվել վաճառել նման կարգավիճակով ընկերությունը, դա էլ մի ուրիշ հանելուկ է: Ավելի ճիշտ՝ փաստ, որով ապացուցվում է, որ ինչ-ինչ մարդիկ անընդհատ եւ ամեն գնով պարզապես նրա հեռանալն են երազել:

Դե տեսեք՝ երբ Սերժ Սարգսյանը 2009-ին կեղծիքների ու արյան միջոցով «ընտրվեց» նախագահ, հիմա էլ նրա վարչապե՛տն է բառացիորեն տարվեց այս ոլորտով: Վկան՝ օֆշորային սկանդալը, Հայրապետյանների ընտանիքի դժբախտությունը եւ բազում այլ նրբերանգներ՝ կապված վարչապետի ադամանդասիրության հետ, որին մենք դեռ անպայման կանդրադառնանք, որովհետեւ կծիկը ոնց որ թե քանդվում է, եւ ամեն բան ավելի պարզ է երեւակվում…

Գալով ոլորտին՝ հարկ է նշել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ուղղակի կաթվածահար արեց այն, եւ միայն վերջին երեք տարին է, որ որոշ փոքրիկ հաջողություններ, այնուամենայնիվ, գրանցվում են այն յոթ-ութ ընկերությունների /հիմնականում՝ էլի՛ օտարերկրյա ընկերությունների դուստր-ձեռնարկություններ են դրանք/ շնորհիվ, որոնք դեռ զբաղված էին այստեղ:

Ի միջի այլոց, նրանք մեծ հույսեր էին կապում ՌԴ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված համաձայնագրի հետ՝ ադամանդի հումքի անմաքս ներկրման առումով, եւ չնայած նրան, որ ՌԴ նախագահն արդեն վավարեցրել է այդ համաձայնագիրը, բայց հիմա էլ ուրիշ պատային խնդիր է առաջացել:

Պարզվում է՝ Ռուսաստանից ներկրված հումքը վերամշակելուց հետո ՀՀ ձեռնարկություններն իրավունք չունեն այն փոխանցել երրորդ երկիր: Այսինքն՝ պատրաստի արտադրանքն ուղարկվելու է միայն Ռուսաստան, գուցե նաեւ՝ Ղազախստան, Բելոռուս, եթե նույնիսկ դա շահեկան չլինի մեր գործարարների համար:

Վստաաբար, ուրեմն, ահա սա է պատճառը, որ յոթ տարի չաշխատող գործարանն, այնուամենայնիվ, պահելուց, ուրեմն նաեւ՝ որոշ հույսեր փայփայելուց հետո, հրեա գործարարը որոշել է ընդմիշտ լքել Հայաստանը, գիտակցելով, որ անիմաստ զբաղմունք է ուրիշի հումքով ուրիշի համար «քար տաշելը»…

 

Նախորդ հոդվածը‘Դ!ԵՄ ԵՄ. Պարտադիր կուտակային բեռից ժամանակավոր ազատվելու դիմումներ’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 7-14-ը Իսրայելում տեղի կունենան հայկական մշակույթի օրեր ‘