‘Գոհար Սիմոնյան. Բաքվու՛մ էլ է Պուտինն ամեն ինչի մեղավորը’

2332

Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարված իրավիճակը ոչ մի կերպ չի հանդարտվում: Եւ մտահոգիչ է դառնում հատկապես այն հանգամանքը, որ չնայած Մինսկի խմբի համանախագահների, այս ու այն փորձագետի կամ կազմակերպության խաղաղարար հայտարարություններին, Բաքվի խանն, ըստ էության, վերածվում է  «կամակոր տղայի», որին բոլորը մատնացույց են անում, բայց ոչ մի կերպ «չեն կարողանում վերահսկել»:

Անշուշտ, մատնացույց անողներն առաջի՛նն են հասկանում, որ այսպես շարունակել այլևս չի՛ կարելի, և որ՝ կեղծ պարիտետ պահելու բոլոր ջանքերը դատապարտված են:

Անհրաժեշտ է, այսինքն, կոնկրետ մեղավորներ մատնանշել և բացատրել, ինչ ծանր գին կվճարեն բոլոր նրանք, ովքեր հատկապես աշխարհի հզորների համար գլխացավանք դարձած ուկրաինական և մնացած իրադարձությունների ֆոնին՝ նոր թեժ օջախներ կբորբոքեն այս ու այնտեղ: 

Բայց այդ դեպքում ու՞մ և ինչի՞ վրա է իր հույսը դրել Ալիևը, և ինչու՞ արդեն առանց կրակոցների անցնող ժամերի՛ մասին էլ չենք կարողանում խոսել:

Միանգամից պատասխանեմ՝ «միջազգային սադրանքի՛», մի մեծ արկածախնդրության, որը հղի է չգիտեմ էլ՝ ինչ հետևանքներով: Ընդ որում՝ ամբողջ տարածաշրջանի համար…

Նաև անմիջապես էլ հավելեմ, որ խնդրի կամ սադրանքի էությունը հասկանալու համար մեզ «անգնահատելի ծառայություն մատուցեց» դեռ Հեյդար Ալիևի «հին աղվես», այժմ արդեն՝ Իլհամի՛ մտքինը հրապարակներում հնչեցնող Վաֆա Գուլուզադեն:

Ըստ այս քաղաքագետի՝ «Սահմանի երկայնքով վերջին լարումը ռուսական ուղերձն էր Արևմուտքին այն մասին, որ մենք ի վիճակի ենք ջարդուփշուր անել նրա շահերն ու կոմունիկացիաները Ադրբեջանում…և ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ հակամարտության նոր սրացումը կապված էր Գյումրիում կատարվածի և հայաստանյան հանրության ներսում առաջացող որոշակի տրամադրությունների հետ»…

Ինչպես տեսնում եք՝ զարմանալիորեն, սա մեր «ազատ-անկախների» սիրած թեման էլ է:

Ստացվում է՝ Ադրբեջանը նախագահ չունի, և այնտեղ է՞լ է Պուտինը նստած, ով հրամայում է կրակել հայերի ուղղությամբ:  Թե՞ ադրբեջանական բանակում ռուսակա՛ն զինվորներ են ծառայում, ոչ թե ադրբեջանական: Իսկ գուցե հենց այս գիշեր մեր խաղաղ բնակչին ռուս դիպուկահա՞րն է սպանել:

Բա էլ ինչպե՞ս հասկանալ Գուլուզադեի այն միտքը, թե հենց այսօր, երբ Ալիևն իր տիկնոջ հետ Մյունխեն լինի՝ մասնակցելու Մյունխենյան համաժողովին, ուղղակի պարտավո՛ր է բոլորին հասկացնել տալ այն փաստը, որ «ղարաբաղյան հակամարտության՝ ադրբեջանական և արևմտյան կողմերի մերձեցումից և Բաքվին ԵԱՏՄ մտցնել չկարողանալուց զայրացած Մոսկվան ընթանում է հակամարտության նոր բորբոքման և ճակատում իրադրության սրացման ճանապարհով…»:

Կամ որ՝  «Մենք պիտի պատրաստ լինենք պատերազմի: Միաժամանակ՝ պիտի մշտական կապի մեջ լինենք մեր դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի հետ, ճակատի իրադրությունը միասին վերլուծելով»:

Թե՞ Գուլուզադեն կարծում է, թեայնքան հիմար ենք, որ չենք հասկանում ոչ թե Ռուսաստանից, այլ հենց իրենցի՛ց տարածվող գլխավոր ուղերձի ինչ լինելը:

Եւ գիտե՞ք՝ որն է այդ ուղերձը: Այն նույնպես ձևակերպվում է Գուլուզադեի կողմից և ահ՝ ինչ տեսք ունի. «Չսպասելով պատերազմի վերսկսմանը՝ դաշնակիցները մեզ պիտի լրջագույն օժանդակություն տրամադրեն: Ադբեջանն այլևս չի կարող թաքցնել իր դիրքորոշումը: Մենք պիտի ամբողջ աշխարհի առջև հայտարարենք, որ այս հակամարտության ետևում կանգնած է Ռուսաստանը, որը պատրաստ է ցանկացած պահի բորբոքել այն»:

Դժվար է, իհարկե, ասել, թե ինչ կստացվի այս ամենից, և ինչ չափով կարող են Բաքվում համաշխարհային մասշտաբի սադրանքներ հրահրել, բայց որ Հեդարի որդի Իլհամը կրակի հետ է խաղում, և ճիշտ պահն  է, որ Սերժ Սարգսյանի հետ միասին դուրս գա ասպարեզից, այ սա արդեն՝ փաստ է…

Նախորդ հոդվածը‘Այսօր կրճատվել են Նաիրիտի 1700 աշխատակիցներ’
Հաջորդ հոդվածը‘Վացկե. «Մենք շարունակում ենք վստահել Կլոպին»’