‘Գոհար Սիմոնյան. Գազը չի էժանանա՝ հասկացա՛նք, իսկ կթանկանա՞’

8044

Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա՝ մեր հանրությանը կամ գոնե առայժմ մեդիա դաշտին «ռուսականության եւ հակառուսականության» միջակայքում տառապելու հերթական առիթն է ընձեռել: Ի թիվս այլ հարցերի՝ այս պահին բոլորին, կարծես թե, հետաքրքրում է գազի սակագնի շուրջ հնարավոր հայ-ռուսական համաձայնությունը, ինչի առնչությամբ թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ Գազպրոմը խորհրդավոր լռություն են պահպանում:

Ավելի ճիշտ՝ հայկական կողմում լռությունը երբեմն խախտվում է իրարամերժ հայտարարություններով, որոնցից այդպես էլ պարզ չի դառնում՝  2016-ի ապրիլի 1-ից սկսած՝ գազի սակագինը շարունակում է մնալ 165 դոլար, ավելանում է՝ դառնալով 189, թե՞ հնարավորություն կա նույնիսկ 165 դոլարից էլ ցածր սակագնով գազ ներկրել, ինչպես ակնարկել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ ինչի հետ կապված՝ ակնկալիքներ կային Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից:

Ակնկալիքը՝ ակնկալիք, բայց իշխանությունները, կարծես թե, նույնիսկ այցից հետո՛ չեն շտապում որեւէ ռեալ տեղեկություն հաղորդել մեր հանրությանը, եւ բոլորս ստիպված ենք բավարարվել Էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանի ոչինչ չասող  մեկնաբանությամբ:

«Ռուսական կողմից ես զգացել եմ բավական դրական վերաբերմունք, առողջ բանականության դաշտում հարցը քննարկելու ցանկություն»,- ահա այսպիսի անձնական զգացողություններով է լրագրողներին ներկայացել  նորանշանակ նախարարը, ու թեպետ ապրիլին հաշված օրեր են մնացել, ոչ ոք այդպես էլ չգիտի՝ արդեն մայիս ամսին որքա՞ն գումար է վճարելու քաղաքացին՝ նախորդ ամիս օգտագործած գազի դիմաց: 

Բոլոր այն փորձագետները կամ մեկնաբանները, որոնք արտահայտվել են խնդրո առարկայի վերաբերյալ՝ հիմնականում բաժանվում են երկու մասի. մի մասը պնդում է, թե Սերժ Սարգսյանը հերթական անգամ ձախողվել է Մոսկվայում, եւ հիմա կառավարությունն ինքն է չգիտի՝  ինչպես է այս «գույժը» հասցնելու հանրությանը, եւ հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին ինչպիսի հանրային արձագանքի է բախվելու, մյուս մասն էլ փորձում է սքողել առանց դրա էլ անհայտը եւ, ինչպես նախարարը, հուսադրող ակնարկներ է անում դեռեւս «շարունակվող բանակցությունների» վերաբերյալ:

Ուղիղն ասած՝ ելնելով տարիների տխուր փորձառությունից եւ  իշխանությունների անձեռնհասության աստիճանից, մենք եւս հակված ենք այն տեսակետին, որ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը Մոսկվայում չի ստացել այն, ինչ ակնկալում էր ավելիով: Այսինքն՝ 165 դոլարից էլ ցածր սակագնով գազ:

Ավելին, դատելով այն նյարդայնությունից, որով այսօր առանձին ՀՀԿ-ականներ փայլեցին Ազգային ժողովում, կարելի է ենթադրել, որ այս պահին միակ խնդիրը, որ դրված է ասպարեզում, հետեւյալն է՝ ամեն բան անել, որպեսզի, գոնե մինչեւ ընտրությունները, երկարաձգվի հայ-ռուսական նախկին պայմանավորվածությունը՝ սակագնի չփոփոխման վերաբերյալ,  եւ ժամկետը լրանալուն պես՝ 165 դոլարը ավտոմատ կերպով չդառնա 189:

Հաշվարկը պարզ է. սահմանադրությունն ընդունվեց, հիմա անհրաժեշտ է ամեն գնով սղղացնել ցանկալի ընտրական օրենսգիրքը, իսկ դրանից հետո արդեն՝ թեկուզ ջրհեղեղ: Սերժ Սարգսյանը, միեւնույն է, հասած կլինի պլան մաքսիմումին եւ գենսեկի իր դիրքին:

Այնպես որ՝ վերադառնալով մեդիա դաշտին եւ վերը նկարագրվածին, անհրաժեշտ է ամրագրել շատ կարեւոր մի բան. մեր փորձագետները, փոխանակ շատ պարզ տեքստով իրենց սլաքներն ուղղեն Սերժ Սարգսյանի եւ առհասարակ իշխանությունների ուղղությամբ, հերթական անգամ նենգափոխում են իրականությունը եւ այս անգամ արդեն, ռուսների հետ միասին, նաեւ վրացական կողմին են մեղադրում (կամ որպես դասագրքային օրինակ մատուցում՝ ռուսների հետ բանակցություններում, որ, խոշոր հաշվով, էլի՛ նույն բանն է՝ հանկարծ միայն Սերժ Սարգսյանին մեղավոր չհանեն…):

Իբր՝ եթե վրացիները ադբեջանական գազի փոխարեն նախընտրեին իրանականը, Հայաստանը կարող էր գոնե մասամբ դուրս գալ շրջափակումից՝ մեկ, ավելի ինքնավստահ կբանակցեր ռուսների հետ՝ երկու:

Իրականում, սակայն, մեզ մատուցվողը կեղծիք է կամ կիսաճշմարտություն, որն, ինչպես գիտենք, որոշ դեպքերում կարող է ավելի վտանգավոր լինել, քան մաքուր սուտը:

Բանն այն է, որ մարտի 9-ին Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շատ պարզ կերպով իրենց խորհրդարանում, երեք հանձնաժողովների անդամների ներկայությամբ, բացատրել է հետեւյալը. «…եթե նույնիսկ պաշտոնական Թբիլիսին որոշում ընդուներ՝ Հայաստանով իրանական գազ ներկրել Վրաստան, պարզվեց, դրա համար պիտի սպասեր ուղիղ երկու տարի, որովհետեւ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունն անչափ փոքր է: Այդ պարագայում, քննարկելով Գազպրոմի եւ SOCAR-ի առաջարկները, մենք հանգեցինք Ադրբեջանի՛ց գազ ներկրելու որոշմանը, ընդ որում՝ ավելի լավ պայմաններով, ինչն առավելագույնս շահավետ դարձավ մեր պետության համար»:

Ահա՛: Ստացվում է՝ Իրանը, այո, կարող էր փրկել Հայաստանին, եթե Հայաստանն ինքը կամենար փրկվել, եւ եթե այս տարիներին իշխանությունը որեւէ իրական քայլ ձեռնարկած լիներ այդ ուղղությամբ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ժամանակին որոշեց ուղղակի ոչինչ դարձնել Իրան-Հայաստան գազամուղը:

Վրացական խնդիրն, ուրեմն, դուրս եկավ մեջտեղից. այս մարդիկ ընդամենը հետապնդել են իրենց պետական շահը եւ կարողացել են հասնել նրան, որ հիմա SOCAR-ն ի՛նքն է  ռուսներից  3 մլրդ. խմ. գազ գնելու, որպեսզի ոչ միայն ներմղի իր նավթաշերտեր՝ նավթի կայուն արդյունահանումն ապահովելու համար, այլեւ կարողանա Վրաստանին խոստացված գազի չափաբաժինը մատակարարել:

Վերջին մասը, իհարկե, բարձրաձայն չի ասվում, բայց ինչպես Վրաստանում են կատակում՝ ո՞վ չգիտի, որ Բաքուն իրականում այդքան պաշարներ չուներ եւ նույնիսկ նախկին՝ ավելի քիչ քանակն էր երբեմն ընդհատումներով Թբիլիսիին մատակարարում…

Ինչ վերաբերում է Գազպրոմին՝ խելամիտ որեւէ մեկը նրան էլ չի մեղադրի իրեն նվիրված մենաշնորհը սեփական շահերին ծառայեցնելու համար: Ակնհայտ է, ուրեմն,  որ եթե  ստեղծված իրավիճակում անպայման մեղավորներ է պետք փնտրել, առանձնապես ջանք թափելու անհրաժեշտություն չկա:

Նրանց տեղը բոլորին շատ լավ հայտնի է:

Գոհար Սիմոնյան

 

 

Նախորդ հոդվածը‘Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշման դեմ ներկայացված բողոքը բավարարվել է’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը, հաղթելով առաջիկա ընտրություններում՝ վառելիքի սպառման գները կպակասեցնի առնվազն 25 տոկոսով’