‘Գոհար Սիմոնյան. Դուք ձեզ հարգեք, տեսնեմ՝ ո՞վ է, որ ձեզ չի հարգելու’

2797

Գյումրիի ողբերգությունը լցրել է նաև Ռուսաստանում ապրող հայերի համբերության բաժակը: Եւ չնայած  Ռուսաստանի հայերի  միության ղեկավար Արա Աբրահամյանի ու նրա տեղակալ Լևոն Մուքանյանի հրաժարականի պահանջը ձևավորվել է հենց այս հիմքի և այն փաստարկի վրա, թե «Արա Աբրահամյանն առհասարակ անտեսեց կատարվածն ու չկամեցավ նույնիսկ գիշերային ակումբների իր խրախճանքներն ու համերգներն ընդհատել», ակնհայտ է, որ ե՛ւ սկսված ստորագրահավաքը, ե՛ւ առկա լրջագույն խնդիրներն անհրաժեշտ է ոչ թե «Գյումրիում», այլ  բոլորովին ուրիշ տեղ փնտրել:

Այլ կերպ ասած՝  Աբրահամյանն ու Մուքանյանը, ովքեր այս բողոքից հետո վերջապես «արթնացան իրենց արջաքնից» և կիսատ-պռատ մի ցավակցություն հայտնեցին մեր ժողովրդին, եթե դեռ չեն հասկացել, թե ինչու են մարդիկ նույնիսկ «դրանից հետո՛ շարունակում բողոքել», գոնե այս պահից սկսած՝ պիտի հասկանան,  որ եթե համարձակություն են ունեցել ավելի քան երկու միլիոնանոց սփյուռքին առաջնորդելու հայտ ներկայացնել, ուրեմն՝ պիտի նաև պատրաստ լինեն բացատրություններ տալ, կոնկրետ կառույցի աշխատանքի շուրջ հաշվետու լինել, ինչու ոչ՝ գնահատականների էլ ականջալուր լինել:

Թե չէ՝ պարզից էլ պարզ է, որ  հիշյալ «ֆիլոսը», ով ոչ հայերեն նորմալ խոսել գիտի, ոչ ռուսերեն, ով իր կուտակած միլիոնների համար սոսկ Քաջ Նազարի  բախտին ու տարատեսակ մութ պատմությունների «հաջող հանգուցալուծմանն» է պարտական, ոչ թե ինտելեկտին և այլ առաքինությունների, որևէ մեկին պիտի չհետաքրքրեր անձնապես:

Խնդիրն, ուրեմն, այն կառույցում է, որը ղեկավարվում է այս անձանց կողմից, և որի վիճակը ստորագրահավաք նախաձեռնողներն ահա այսպե՛ս են ներկայացնում. «Այն օրից ի վեր, երբ այդ մարդիկ ստանձնել են Ռուսաստանի հայ համայնքի գլխավոր կազմակերպության դերը, համայնքը չի՛ զարգանում: Հայ համայնքի բոլոր հաջողությունները ձեռք են բերվել այն կազմակերպությունների շնորհիվ, որոնք ՌՀՄ-ն չի հովանավորում: Այդ ստրկամիտ կազմակերպությունը Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար ոչ մի գործունեություն չի իրականացնում: Ռուսաստանի հայ համայնքը սարսափելի արագությամբ ասիմիլացվում է, երիտասարդության մի մասը մայրենի հայերենին չի տիրապետում, հեռանում է հայկական ավանդույթներից և մշակույթից, իսկ ՌՀՄ ոչինչ չի ձեռնարկում այդ երևույթի դեմ պայքարելու համար` վարելով հակազգային քաղաքականություն»:

Պարզ է, չէ՞. անունը կա, իսկ ամանում՝ ոչինչ: Եւ եթե Արա Աբրահամյանը սրան համաձայն չէ՝ խնդրե՛մ, կարող է հակընդդեմ փաստեր ներկայացնել:

Ճիշտ է, խոստովանում եմ, որ հենց սկզբից հակված չեմ հավատալ, իբր՝ ներկայացվելիք այդ փաստերին, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է Աբրահամյանը ամեն հարցազրույցում հայտարարում, թե «իրենք պոլիտիկայով չեն զբաղվում», բայց մեկ էլ հանկարծ Երևանից-Մոսկվա և Մոսկվայից-Երևան՝ «սատարում Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Պուտինին, Տարոն Մարգարյանին» և բոլոր նրանց, ովքեր «ձիու վրա են», ում քծնելու հնարավորություն, առիթ, և որոնցից «փախցնելու» բան կա:

Բոլորին, բայց ո՛չ մեր ազգին, և ո՛չ Ռուսաստանում ապրող հայությանը: Եւ այս իրավիճակին հարկավոր է մեկընդմիշտ վերջ տալ:

Շատ պարզ պատճառով. եթե Ռուսաստանի հայերի միությունն աներ այն, ինչ, օրինակ, ամերիկահայերն են կարողանում անել իրենց երկրում, մեր հայրենակիցներն այսօր Ռուսաստանում ոչ թե պատանդի դերակատարում կունենային, այլ հզոր և հարգանքի արժանի համայնքի:

Այդ դեպքում ռուսական իշխանությունը նրա հետ հաշվի կնստեր ճիշտ այնպես, ինչպես՝ ամերիկյան սենատը, կոնգրեսը, Սպիտակ տունը և այլք են հաշվի նստում ամերիկահայերի և նրանց լոբբինգի հետ:

Կասեք՝ անհաջող համեմատություն էր՝ միայն այն պատճառով, որ Պուտինը Օբամա չէ, դուման՝ կոնգրես, իսկ ռուսական կենտրոնացված կառավարումն էլ շատ հեռու է ամերիկյան ժողովրդավարությունի՞ց:

Ներեցե՛ք, բայց մենք հո տեսնու՞մ ենք, որ Ռուսաստանում էլ, այնուամենայնիվ, լոբբիստական շատ կարևոր պրոցեսներ են ընթանում՝ հարկ եղած դեպքում, և հրաշալի գիտենք՝ ովքեր և ինչով են զբաղված:

Ուրեմն, ինչու՞ մեր հայրենակիցները, մանավանդ՝ ռեզիդենտ, պիտի Արա Աբրահամյանի ստրկահաճ-տապարային, ոչ թե մեկ այլ՝ արժանապատիվ դեմքով ներկայանան:

Խնդիրը սա՛ է, և այստեղ է «թաղված շան գլուխը»:

Հետևաբար, ժամանակն է, որ Ռուսաստանում ապրող հայերն իրենք իրենց թափ տան, ազատվեն արաաբրահամյաններից, կայացնեն իրենց կառույցը, միավորվեն դրա շուրջ, նախ՝  սեփական մատի փուշը հանեն, ապա օգնեն այս երկիրը ոտքի կանգնացնել: Ոչ թե միայն երկրորդ սորտի կովկասցու դերում հացի փող ուղարկեն իրենց հարազատներին և լռեն այնտեղ, որտեղ պատվիրում են, խոսեն այն, ինչ հրամայվում է:

Կրկնում եմ՝ Ռուսաստանի ղեկավարությունը բոլորովին մեղավոր չէ, որ իր առջև ստորաքարշ և գլխահակ «հայկական զանգված» է կանգնած:

Կլինի՞ Հայստանում նորմալ-արժանապատիվ ղեկավարություն, իսկ Ռուսաստանում՝ կարգին-հզոր համայնք, Կրեմլը ստիպվա՛ծ կլինի հաշվի նստել մեզ ու մեր շահերի հետ: Չի՞ լինի՝ կլինի այն, ինչ կա:

Ավելի՛ վատ, թերևս…

Նախորդ հոդվածը‘Սպանվածի ընկերները հորդորում են ապատեղեկատվություն չտարածել’
Հաջորդ հոդվածը‘Արգելվել է չինական մի շարք ապրանքատեսակների ներմուծումն ‘