‘Գոհար Սիմոնյան. Դուք ձեր «սգո մշակույթի» մասին մտածեք’

5866

Ես չգիտեմ՝ ինչ է իրականում կատարվել Ավետիսյանների տանն այդ չարաբաստիկ գիշերը: Ես նույնիսկ չեմ կարողանում հավատալ, թե ողբերգությունը միայնակ և ընդամենը «մատնության» վախից ելնելո՞վ է հեղինակվել ինչ-որ խելագարի  կողմից, թե՞ էլի՛ ուրիշ մասնակիցներ ու պատճառներ կան. ինչ-որ չափից ավելի՛ են տարօրինակությունները՝ պաշտոնական կեսբերան հայտարարություններին հավատ ընծայելու համար:

Բայց ես հաստատ միայնակ չեմ իմ «անհասկացողության և անհավատության» մեջ. ինչպես Գյումրիի թեմակալ առաջնորդ Միքայել Աջապահյանը նկատեց՝ այս օրերին մեզնից և ո՛չ մեկը չի կարողանում ըմբռնել անըմբռնելին կամ գիտակցել այն, ինչ դուրս է մարդկային բանականության ընկալման սահմաններից՝ ոճրի մոտիվացիան:

Թվում է՝ շտապում եմ:

Կթվա՝ գյումրեցիներն ինձնից առավե՞լ:

Եւ միայն այն պատճառով, որ հետաքննությունը չավարտված՝ իրավապահները՝ հայ, թե ռուս, չե՞ն  կարող ասելիք ունենալ հանրությանը:

Իսկ ինչու՞ չենք ուզում սպասել և, առհասարակ՝ ի՞նչ է մեր ուզածը:

Շատ պարզ բան՝ իմանալ ողջ ճշմարտությունը, որը կոծկվելու առանձնահատուկ «բնավորություն» ունի մեր երկրում: Համոզված լինել, որ իսկապես արդարադատությու՛ն կկայանա, ոչ թե կփրկվի ինչ-որն մեկի մունդիրի պատիվը: Վստահ լինել, որ մենք ոչ թե մեզ մեր տանը սպանող հոգեգարների առաջ ենք երկրի դուռը բացել, այլ ապահովություն ներշնչող զինվորի:

Վերջապես՝ տեսնել, որ պետությու՛ն ունենք, հասարակություն, որի հետ հաշվի են նստում, նախ և առաջ, այդ երկրի ոչ բարով կառավարիչները:

Իսկ ինչ տեսանք մե՞նք:

Հենց այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը մղկտում էր ցավից՝ Սերժ Սարգսյանը երիտհհկ-ականների հետ շախով-շուխով Ամանոր էր նշում, այնուհետ՝  ինչ-որ շախմատային մրցության մասնակցում, հետո վերադառնում նախագահական, ընդունում ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին՝ ասես ոչինչ էլ չի եղել. սովորական կյանք, սովորական առօրյա, հանդարտ ետտոնական թմբիր:

Նույն իրավիճակն, ի դեպ, Մայր աթոռում էր տիրում՝ տոնական հաղորդումներ «Շողակաթով», Փրկչի անվանակոչություն, Հովհաննես Մկրտչի հիշատակման օր, սովորական պատարագներ՝ ասես ամեն բան կարգին է, և միայն մի Աջապահյան չէր Գյումրիում վշտից մորմոքում …

Ոչ մի ցավակցություն Վեհի կողմից, ոչ մի մխիթարական բառ, և միայն Աշոտյանն էր այդտեղ պակասում, որ գար ու հայտարարեր, թե մենք մի կարգին «սգի մշակույթ էլ չունենք»:

Իհարկե չունենք, պրն. Աշոտյան: Որ ունենայինք, Ազատության հրապարակում քուրձ կհագնեինք ու մոխիր կթափեինք գլխներիս, որ այսքան տարի հանդուրժել ենք ձեզ ու ձեր թիմին:

Ամբողջությա՛մբ՝  հին նոր տարի նշող Սերժ Սարգսյանից մինչև անհետ-անհիշատակ անհետացած Հովիկ Աբրահամյան: Իբր՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից մինչև ՌԴ սահմանադրությունը մեկնաբանող գլխավոր դատախազ: Ռուս զինվորին որոնելու հարցում՝ անճարակ, իսկ սեփական հայրենակցին մահակով ծեծելու հարցում՝ ճարտարագույն ոստիկան:

Այնպես որ, դուք այլևս անկարող եք թաքցնել այն ճշմարտությունը, ինչ այսքան տարի խնամքով էիք պարտակում՝ որպես մախաթը պարկում:

Եւ գիտե՞ք՝ որն է այդ ճշմարտությունը:

Դուք ոչ մեկն եք: Մեր պետությունն անտեր է: Մեր ժողովուրդը՝ մենակ՝ իր վշտի ու ցավի հետ:

Մյուս կողմից էլ՝ գուցե Գյումրին հենց սրա վե՞րջն էր:

Ցավալի է, իհարկե, որ այսպիսի ողբերգությա՛ն գնով, որ այստեղ նույնպես չկարողացան խուսափել սադրանքներից: Բայց որ գյումրեցին հերթական անգամ կարողացավ ապացուցել, որ մեր հասարակությունը արժանապատիվ է, արթուն է, կանգուն է՝ փա՛ստ է:

Այնպես որ՝  «մկան ծակին օխտը թուման տված իշխանություններդ» լավ կանեք՝ ձե՛ր «սգո մշակույթի» մասին մտածեք: Այս ժողովրդի գործուն ուրախության ժամը դեռ գալու է…

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Ադրբեջանը մտադիր է խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի ողբերգության միջազգային համատեքստը. Lenta.ru’