‘Գոհար Սիմոնյան. Ենթադրենք՝ աբորտները զրոյի հասան, հետո՞ ինչ’

2401

Վերջին օրերին ֆեյսբուքահայությունը «սելեկտիվ աբորտների» դեմ (հղիության՝ պտղի սեռո՛վ պայմանավորված ընդհատում)  քարոզչական արշավ է ձևավորել ֆլեշմոբի տեսքով: Որ կողմ նայում ես՝ ծնողներն իրենց դստրիկների լուսանկարներն են ներբեռնում հետևյալ հարցադրմամբ՝ իսկ դու չե՞ս կամենում այսպիսի հրաշք ունենալ…

Առաջին հայացքից թվում է՝ սքանչելի և մեծապես հումանիստական «շարժում» է հատկապես քրիստոնյա՛ ազգի համար, որովհետև տղա երեխային կռապաշտորեն մեծարելու, նրան ցեղը շարունակողի առանձնաշնորհյալ «կարգավիճակ տրամադրելու» մտածողությունը, որ հատուկ է, ասենք, մահմեդականներին, համարձակվեմ պնդել, որ ոչ միայն սոսկալի երևույթ է, այլև  իրականում խորթ ու օտարածին ախտ է մեր պարագային:

Մեր էպոսն, օրինակ, կոնկրետ հիմնավորումներով, հրաշալի՛ է տալիս այդ բանաձևը. առյուծն առյուծ է՝ էգ ըլնի, թե որձ…

Առանձին զեկույցներ, սակայն, պնդում են, որ Հայաստանում գնալով ավելի ու ավելի մեծ թիվ են կազմում սելեկտիվ աբորտները, որ ծնված ամեն մի 100 աղջկա կողքին ծնվում են 114-115 տղաներ, և որ ժամանակի ընթացքում, այսպես ասած՝ գենդերային այս խախտումը լուրջ խնդիրներ է առաջացնելու մեր հասարակության համար:

Ամեն ինչից անկախ, այսինքն, էլեմենտար հարց է առաջանալու՝ իսկ ու՞մ հետ են ընտանիք կազմելու այն տղաները, որոնց համար ժամանակին աղջիկներ չեն ծնվել: Միմյա՞նց…

Հասկանալի է, ուրեմն, թե՛ ֆեյսբուքահայության, թե՛ առհասարակ մտածող մարդու վրդովմունքն այս երևույթի առնչությամբ:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը, ինչը նկատելու և որի մասին մտորելու առիթ է տալիս հե՛նց սելեկտիվ աբորտների կողմնակից մի մեծ զանգված: Զարմանալիորեն՝ հիմնականում կանայք, որոնք համարում են, որ, անկախ պատճառներից, հղիության ընդհատումը կնոջ անբեկանելի՛ իրավունքն է…

Ի՞նչ է ստացվում. որ խնդիրը մեզանում հատկապես սելեկցիոն աբորտներն են, որոնց արդյունքում աղջիկներ ավելի քիչ են ծնվում, քան տղաներ:

Համարյա՝ կնոջ իրավունքների պաշտպանության պես մի բա՞ն, ինչը ոչ թե առավել լայն՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում է սովորաբար քննարկվում, այլ կամ «հ/կ-ական փեշակի», կամ` «հիստերիկ ֆեմինիզմի» դաշտում: Եվ այնպիսի ջանասիրությամբ ու բառամթերքով, որ մտածում ես՝ իսկապես էլ կնոջ իրավունքի համար պայքարող որոշ կանայք հենց իրե՛նք խնդիրներ ունեն իրենց սեռի հետ կապված, և տղամարդկանց հաջողվել է նրանց իսկապե՛ս էլ համոզել, որ իրենք առավել ցածրակարգ արարածներ են, քան նրանք, ումից իրենք իրավունք են խնդրում կամ պահանջում…

Հարցն, ուրեմն, ընդհանրական է պետք դիտարկել:

Հասկանալ՝ ինչու՞ են մեր կանայք գնում մարմինն ու հոգին խեղող այս քայլին, կամ՝ հաճույքո՞վ են գնում դրան: Ո՞րն է այս դեպքում պետության, ընտանիքի, կնոջ կողքն ապրող տղամարդու դերակատարումը, որո՞նք են այս երևույթը ծնող պատճառները, ավելի շատ ամուսնացա՞ծ, թե՞ չամուսնացած կանայք են գնում այս քայլին:

Եվ ամենակարևոր հարցը, որ պիտի անպայման հնչի, հետևյալն է՝ մենք պիտի զրույց ծավալենք հենց հղիության ընդհատմա՞ն, թե ընտանիքի պլանավորմա՛ն, այսինքն՝ անցանկալի հղիությունը հենց սկզբից թույլ չտալու իմացության վերաբերյալ: Այսինքն՝ հետևա՞նքը, թե՞ պատճառ-արմատը պիտի լինի մեր դիտակետում:

Եթե համաձայնության գանք, որ պատճառը, որովհետև դա՛ է տրամաբանականը, այդ դեպքում պիտի հասկանալ՝ ինչպիսի՞ պետական քաղաքականություն պիտի վարել, որպեսզի ընտանիքի պլանավորումը զուգահեռ քայլի մեր անվտանգության հիմքերը շոշափող դեմոգրաֆիական հետաքրքրությունների կամ պետության շահերի հետ:

Կամ՝ հնարավո՞ր է, որ բոլոր այդ քննարկումների արդյունքում պարզվի, որ մենք ոչ այնքան հղիության ընդհատման խնդիր ունենք այսօր, որքան  ընդհանրապես դեմոգրաֆիական (կապված, օրինակ, դրա գլխավոր պատճառի՝ արտագաղթի հետ), կամ նույնիսկ՝ ծնելիության պակասի…

ԱՀԿ-ն, օրինակ, անցած տարվա իր զեկույցում բավական դրական շեշտադրմամբ էր խոսել այն մասին, որ ինչքան էլ տարօրինակ է՝ Հայաստանում մոտ երեք անգամ աբորտների թիվը նվազել է, և որ մեր երկիրը զարգացած երկրների շարքում 29-րդ տեղն է գրավում:

Կա նաև դրական և մի շա՛տ կարևոր ցուցանիշ. չնայած նրան, որ ամբողջ աշխարհում ամեն տարի կատարվող 40-50 միլիոն աբորտներից մայրական մահացությունը կազմում է մոտ 13%, իսկ բացարձակ թվերով՝ 70.000, Հայաստանում այս ցուցանիշը բացարձակ զրոյական է:

Այս դեպքում, ուրեմն, հարց է առաջանում՝ եթե նույնիսկ երևակայենք, որ մեր երկրում հենց այսօր աբորտների թիվը զրոյական է, բայց եթե

ա. նույն տեմպերով շարունակվի արտագաղթը

բ. բոլորը շարունակեն սոցիալական կամ այլ պատճառներից ելնելով՝ մեկ-երկու երեխա ունենալ, դրությունը կփրկվի՞:

Իհարկե՝ ո՛չ:

Դա նույնքան աղետալի կլինի, որքան օրինակ՝ 2000-ին էր, երբ ունեինք 60% աբորտների ցուցանիշ, 2005-ին, երբ 48% էր, և այժմ, երբ հղիության ընդհատման դեպքերը ընդհանուրի մեջ  25-30% են կազմում…

Ուրի՛շ մտահոգիչ տվյալներ բերեմ մեջտեղ. իսկ հղիության ընդհատումը կնոջ անբեկանելի իրավունքը համարող և սոսկ սելեկտի՛վ աբորտներին դեմ եղող կանայք տեղյա՞կ են, որ կնոջն իր իրավունքի հետ մեն-մենակ թողնելու արդյունքում, համաձայն ՀՀ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանեի Ավագյանի բերած տվյալների, մենք ուղղակի սարսափելի՝ 31.8% կազմող անպտղության «ներսում» ունենք 16.8% կազմող երկրորդային անպտղություն կամ չբերություն, որի մեծ մասը դեռահասային աբորտի հետևանք է:

Ինչ է սա նշանակում՝ ակնհայտ է. մեր ընդհանրական օրգանիզմը հիվանդ է: Մեզանում խնդիրներ ունեն ոչ միայն կանայք, այլև տղամարդի՛կ: Ախտահարված է ոչ միայն մեր ընտանիքը, այլև պետությունը…

Ավելին չծավալվենք, բայց փաստենք, որ ֆլեշմոբային այս արշավը, որ առաջին հայացքից, իբր, հանրության առողջացմա՛նը միտված շարժում է, իրականում ի՛նքն էլ կտրված է իրական խնդիրներից, և թող ներեն բոլոր նրանք, ովքեր ազնվորեն և մտահոգվա՛ծ են միացել դրան, բայց հարցի այսօրինակ արծարծումն ինձ համար, օրինակ, չափազանց վիրավորական է…

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ»-ը թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի առեւտրի թույլտվություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Գայսկոյնը հնարավոր է մարզադաշտ վերադառնա ‘