‘Գոհար Սիմոնյան. Երբ Եվրոպան ներկայանում է Պեդրո Ագրամունտի նավթոտ դեմքով’

3323

Չնայած «էշի ականջում ննջած» հայկական դիվանագիտությունն ու առհասարակ իշխանությունը փորձում են մեր հանրությանն իբրեւ հաղթանակ մատուցել ԵԽԽՎ վերջին նստաշրջանում հակահայկական բանաձեւերից մեկի մերժումը (ավելի ճիշտ կլիներ ասել` հետաձգումը, որովհետեւ այն շարունակում է օրակարգում մնալ), այդուհանդերձ, կարելի է վստահաբար պնդել, որ Վեհաժողովի նախագահի պաշտոնում իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի ընտրվելը պարտությունների նորանոր դռներ է բացելու Հայաստանի առջեւ:

Պատճառն ակնհայտ է` իսպանացի պատգամավորը մեկն է այն «պատվավոր եռյակից», որը սրանից երկու տարի առաջ մեղադրվում էր Ալիեւի «խավիարա-նավթային դիվանագիտությանը» տուրք տալու համար, ավելի կոնկրետ` Ալիեւից կերակրվելու, այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերը արհամարհելու, նենգափոխելու եւ եվրոպական հանրությանը կեղծ զեկույցներ ներկայացնելու համար:

Իսպանական մամուլն այդ օրերին շոկի մեջ էր. այստեղ ամենուր հոդվածներ էին հրապարակվում այն մասին, որ առանց դրա էլ՝ իրենց երկիրը չափազանց քիչ է ներկայացված եվրոպական բարձր ատյաններում կոնկրետ պաշտոնյաների տեսքով, իսկ Պեդրո Արգամունտը, որ ԵԽԽՎ պատգամավոր էր իսպանական Ժողովրդական կուսակցությունից, «կեղտոտ նավթ է քսել եւ ծանր խավիարահոտ տարածել նախ եւ առաջ` Իսպանիայով մեկ»:

Վերջին ձեւակերպումներն, ի դեպ, El Pais իսպանական պարբերականում հանդես եկող փորձագետ Խոսե Իգնասիո Տորրեբլանկայինն են: Նա 2013-ի հունվարի 25-ին հանրության դատին էր ներկայացրել այս պարոնի արկածները եւ բացահայտել, որ European Stability Initiative (ESI)-ին կամ «Եվրոպական կայունություն» նախաձեռնության հարգարժան ղեկավար Ջերալդ Քնաուսը Իսպանիայի ավտոնոմ մարզ Վալենսիայից պատգամավոր ընտրված Պեդրո Արգամունտին բացահայտ է առաջարկել անհարմար զգալ եւ ինքնակամ լքել իր պաշտոնը:

ESI-ն, ի միջի այլոց, 1999-ին Սարաեւոյում կազմավորված անկախ վերլուծական կենտրոն է, որ ներկայացուցչություններ ունի Բեռլինում, Ստամբուլում, Բրյուսելում եւ մասնագիտացած է Բալթյան երկրներում, Արեւելյան Եվրոպայում եւ հետսովետական տարածքում ժողովրդավարության հաստատման գործընթացները ուսումնասիրելու, հարկ եղած դեպքում` որոշ դետալներ հետաքննելու գործում:

Փորձագետը պնդում է, թե ողջ Եվրոպայում չկա մեկը, որ ճանաչի այս կազմակերպությունն ու դրա ղեկավարին եւ կասկածի տակ առնի կամ խմբի պարկեշտությունը, կամ` հնարավոր համարի նրանց կողմից անհիմն մեղադրանքներ տարածելու փորձը: Մանավանդ որ` եվրոպացիների ու նախ եւ առաջ իսպանացիների համար  բերվում էին կոնկրետ փաստեր, Վալենսիայի բնակիչներին էլ առաջարկվում էր հաջորդ անգամ ավելի լավ մտածել` «Ագրամունտի պես անսկզբունքային եւ անազնիվ մեկին իր դեմքով Եվրոպան ներկայացնելու գործը պատվիրակելու ժամանակ» («Խավիարային դիվանագիտություն, կամ` ինչպես Ալիեւը ստիպեց լռել Եվրոպայի խորհրդին» —La diplomacia del caviar: cómo Azerbaiyán silenció al Consejo de Europa,  եւ «Խաբեության դիմանկար. Ինչպես մոնիտորինգի ենթարկեցին Ադբեջանին, կամ` ինչու պիտի Ագրամունտը հեռանա իր պաշտոնից»- Un retrato del engaño: monitorizando a Azerbayán o por qué Pedro Agramunt debe dimitir):

Ամենատհաճը, սակայն, այն է, որ կաշառվելով Բաքվի կողմից եւ պարսավանքի ենթարկվելով սեփական երկրում իսկ, այս մարդը ոչ միայն ինքնուրույն չի հեռացել իր պաշտոնից, կամ` չի հեռացվել ԵԽԽՎ-ից, այլեւ, «Եվրոպական կայունություն» նախաձեռնության ղեկավար Ջերալդ Քնաուսի պնդմամբ, «դարձել է Ալիեւի թիվ մեկ լոբբիստը եւ շարունակում է կեղծիք տարածել Ադբեջանում ինչ-որ երեւակայական ժողովրդավարության առաջընթացի մասին…»:

«Դոն Պեդրոն հասել է այնտեղ, որ պատրաստ է անգամ Լեյլա Յունուսին պատառոտել` միայն թե փրկի իր նավթոտ դեմքն ու խավիարով լի փորը», — նույն շրջանում գրեց իսպանական մեկ այլ պարբերական:

Եւ ահա ընդամենը երկու տարի անց այդ նույն մարդը դառնում է ԵԽԽՎ նախագահ` բացահայտ արհամարհելով ԵԱՀԿ-ին, երկար քիթը մտցնելով այնտեղ, որտեղ իրեն չեն սպասում եւ չափից ավելի «լայն լիազորություններ տրամադրելով տարատեսակ` իրենից ոչ պակաս նավթոտ ու խավիարոտ միլիցաների»:  

Ցավոք, «քաշքշվող թուշիկներով» մեր հայտնի հաստատությունն ու հերմինենաղդալյանները չկարողացան նույնիսկ այսպիսի ակնհայտ փաստերն օգտագործել` ԵԽԽՎ-ում հաջողության հասնելու համար եւ, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են հերթական անգամ «մեր դոշին լաց լինել» իրենց պարտության առիթով: Կասկածից վեր է, որ կփորձեն մեզ մխիթարելԵԱՀԿ Մինսկի խմբի այս ու այն հայտարարությամբ, կամ` ԱՄՆ սենատորների` նախագահ Օբամային հղված բողոքի նամակով: Անիմաստ, անպտուղ բաներով՝ այսինքն, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ այս պատմությունը դեռ նոր է սկսվում, քանի որ այս անգամ դոն Պեդրոն՝  իր նավթոտ դեմքով ու խավիարոտ շուրթերով,  ներկայացնում է ողջ Եվրոպան:

Կասեք` ինչ-որ բա՞ն պետք է մտածել: Դե` այո, բայց ես էլ կհակադարձեմ` իսկ ովքե՞ր են լինելու մտածողները: Եթե նույն մարդիկ, ապա ավելի լավ է էս գլխից հաշտվեք պարտությունների նոր շղթայի հետ, որովհետեւ պակաս «դոն պեդրոներն էլ սրանք չեն…»: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ. Հունգարիան ու Ադրբեջանը պատասխանատու են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու համաներման համար’