‘Գոհար Սիմոնյան. Երբ երկրիդ մեջքն է ջարդված՝ էլ ի՞նչ պարիսպ, ի՞նչ դարպաս’

1846

Գյումրվա ողբերգությունը ողջ Հայաստանն է ցնցել: Ինքս էլ  էմոցիոնալ շոկի մեջ եմ եւ դժվարանում եմ բառեր գտնել՝ զգացողություններս արտահայտելու կամ որեւէ այլ թեմայի վրա կենտրոնանալու համար…

Եւ, այնուամենայնիվ, չեմ կարող հենց այս պահին չձեւակերպել առանձին խնդիրներ, որոնց բարձիթողի վիճակն ուղղակի ապշեցնում է:

Մտածում եմ՝ մի՞թե անպայման նման մասշտաբի մի ողբերգություն պիտի տեղի ունենար  (դեռ թողնենք այն հանգամանքը, որ ա՛յլ նախադեպեր էլ են եղել), որպեսզի ռուսական ռազմա-քաղաքական միտքը, ինչպես հիմա, փորձեր լուծումներ գտնել  ՀՀ-ում իր ռազմաբազան առավել արդյունավետ կերպով կառավարելու ուղղությամբ:

Չէ, իսկապե՛ս:

Մի՞թե Գյումրիի Սրբ. Նշան եկեղեցում պիտի միանգամից վեց հոգու խաղաղության համար աղոթք բարձրացվեր, որպեսզի ռուսական կողմը, ինչպես «Գազետա.ռու»-ն է պնդում, սկսեր մտածել այն մասին, որ գուցե անհրաժեշտ է առհասարա՛կ արգելել ժամկետային զինծառայողների զորահավաքը այլ երկրներ:

Հետո՞ ինչ, որ «խնդիրն առավել ծանր տնտեսական հարթության վրա է ներկայանում, որովհետեւ պայմանագրային զինծառայողներին Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է ավելին վճարել»:

Թող վճարի՛: Ի վերջո՝  մեզ ոչ միայն մի գրոշ էլ չի տրամադրում, ի տարբերություն ուրիշների, այլեւ, մի բան էլ՝  մեր հարկերով ձեւավորվող բյուջեի՛ վրա է «ծանրացած»: Եւ ուրեմն, ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե մի փոքր էլ ռուսական բյուջեն «նեղվի»՝ սեփական զինվորներին կերակրելու համար…

Կասեք՝ իսկ ինչ պիտի փոխվի դրանի՞ց:

Ուղիղն ասած, ի՞նչ մեղքս թաքցնեմ, թեկուզ ինձ չի համոզում կոնկրետ Գյումրիի ողբերգության առիթով հանրությանը ներկայացվող պաշտոնական վարկածը՝ կասկածյալի՝ «ծարավ լինելու եւ միայն այդ հիմքով սպանություն կատարելու» մասով, միեւնույն է, չեմ կարող չհամաձայնել, օրինակ, ռուսական պետդումայի՝ Պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչի հետ, ով փորձառու զինվորական է, նաեւ՝ Աֆղանցիների ռուսական միության նախագահը:

«Դա տրամաբանական որոշում կլիներ՝ հրաժարվել ժամկետային զինծառայողներին դրսում տեղակայված մեր ռազմաբազաներ ուղարկելու մտքից: Ամեն դեպքում, երբ դու տասնութ տարեկան չես, զինվորական ծառայության որոշակի փորձառություն ունես, վերաբերմունքդ էլ ա՛յլ է ծառայությանը»,- դեպքի առիթով ասել է Կլինցեւիչը՝ այսպես կոչված՝ «տեղում բուն չդնելու եւ քաղաքացիական հասարակության ներսում սխալներ թույլ չտալու» խնդիրն էլ առաջարկելով լուծել ռոտացիայի միջոցով:

Ի դեպ, Սիբիրյան ռազմական շրջանի հետախուզական բաժնի նախկին ղեկավար, գեներալ Սերգեյ Կանչուկովն էլ ի՛ր հերթին է վերը նշված հարցերի շուտափույթ լուծման կոչ հնչեցրել ՌԴ պաշտպանության նախարարությունում՝  հավելելով, թե այլ երկրներում պիտի ծառայեն ոչ թե ուղղակի պայմանագրային զինծառայողներ, այլ բացառապես առողջ, պինդ, հոգեպես հավասարակշիռ եւ, այսպես կոչված, հումանիտար պատրաստվածություն անցած մարդիկ:

«Դա ե՛ւ տվյալ երկրի պատմության, ավանդույթների իմացությունն է, ե՛ւ լեզվի իմացությունը, որովհետեւ տարրական լեզվական իմացությունը ոչ միայն հարկ եղած դեպքում նորմալ շփման միջոց է, այլեւ այդ երկրի բնակչության նկատմամբ հարգանքի դրսեւորում…Անհրաժեշտ է գնա՛լ սրան, եթե մենք հիմա էլ ուզում ենք Վենեսուելայում եւ Կուբայում ռազմաբազաներ ունենալ»,- ասել է Կանչուկովը:

Ընդ որում՝ շատերի կողմից է ընդգծվել, որ խնդրի տնտեսական կողմի չափազանցությունը սխալ մոտեցում է, քանի որ Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ընդհանուր առմամբ՝ 8-9.000 ռուս զինվորներ են ծառայում, եւ որ վերը նշված մոդելին անցումը ծախսերն ամենաշատը 40%-ով կավելացնեն:

Այսպիսով, չնայած նրան, որ այս օրերին բոլորիս վիրավորեց ռուսական լրատվամիջոցների՝ հիմնականում քար-լռությունն ու հատկապես հեռուստաընկերությունների պահվածքը, այնուամենայնիվ, ուրախալի է, որ այդ հասարակության կոնկրետ շրջանակներում  նաեւ այսպիսի՛ քննարկումներ են ընթանում, իսկ այն հատուկենտ նյութերի ներքո, որոնք տպվեցին ռուսական մամուլում, ամենասուր եւ իրենց իսկ ղեկավարությանը ձաղկող մտքերը հենց սովորական ռուսների կողմից էին արտահայտվում:

Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական էլիտան, ուրեմն, պիտի այս ամենից լուրջ հետեւություններ անի, որովհետեւ պարզ բան է՝ մենք որքան էլ իսկապե՛ս անվտանգության լուրջ խնդիրներ ունենանք եւ այդ կոնտեքստում ստիպված լինենք նաեւ որոշ բաներ էլ հանդուրժել, հո չե՞նք կարող թույլ տալ, որ ինչ-որ անասուններ մեր երկրում անարգել մեզ կոտորեն՝ այդկերպ առհասարակ կասկածի տակ առնելով «ռուսական օգնությամբ անվտանգության երաշխիքներ ունենալու» փառաբանվող   համոզումը:

Մյուս կողմից էլ՝ չափազանցության մեջ չընկնենք, որովհետեւ հայ ժողովուրդն, այնուամենայնիվ, Պուտինին չի նախագահ կարգել իր գլխին, եւ բոլոր այն ստորացումները, որոնց մասին հիմա կամ առհասարակ է խոսվում, բացառապես հայաստանյան թուլամորթ եւ անձեռնհաս «իշխանությունների» գոյության պայմաններում են հնարավոր դառնում:

Երե՞կ չէր «Ռեգնումի» հայտնի Մոդեստ Կոլերովը խոսում ռուսական ռազմաբազայի «հին լինելու» եւ նույնիսկ՝ ջարդված պարիսպների ու դարպասի մասին:

Կամ՝ ռուս իրավապաշտպաննե՞րն առաջինը չխոսեցին Գյումրիի ռազմաբազայում տիրող բարքերի՝ ծեծի, ստորացումների, սպաների կողմից զինվորների մոտ եղած փողը խլելու եւ այլնի մասին: Բաներ, որոնք, վստահաբար, մեր բանակում էլ են առկա, եւ այս իմաստով մերոնք էլ իրե՛նց հերթին մտածելու մեծ առիթ ունեն:

Եւ, այսուհանդերձ, իմ արձագանքը կատարվածին մե՛կն է՝ երբ երկրիդ մե՛ջքն է ջարդված այսպիսի «իշխանություններով», ռուսական ռազմաբազայի դարպասն է՛լ ջարդված կլինի, հայ մարդու գանգն էլ:

Բոլոր հարցերի լուծումը, նախ եւ առաջ, ահա այստե՛ղ է պետք փնտրել:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի որդին մոտեցավ Մեսսիին, եւ արգենտինացին, ողջունելով նրան, կատակով հարցրեց. «Իսկ հիմա չես ամաչո՞ւմ» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հուժկու ավտոերթ Գյումրիում (ուղիղ)’