‘Գոհար Սիմոնյան. Զատկին՝ հավկիթ, Պահքին ՝ լոբի թանկացնող չարչիդ մրցունակ է, բա ո՞նց չէ’

1943

Եւ այսպես, Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով Սերժ Սարգսյանն ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի՝ հարյուրից ավելի ներկայացուցիչների:

Եւ, բնականաբար, հրավիրվել էին նրանք, ովքեր ժամանել էին «երջանիկ՝ 77 777, 99 999, 33 333» պետհամարանիշերը կրող թանկարժեք ավտոմեքենաներով, շքեղ կոստյումներով, ասես՝ ներկայացուցիչն են ոչ թե աղքատության ու անիրավության մեջ տնքացող, այլ հարուստ ու երջանիկ «Ոսկե քաղաքի»:

«Բա հո սոված բոմժե՞րը չէին գնալու»՝ կհարցներ գեներալ Սեյրան Սարոյանը, ով մի քանի օր առաջ անկեղծության հերթական անդիմադրելի պահանջն էր զգացել ու լրագրողներին ասել՝ «Ո՞վ ասաց՝ երկրում փող չկա, լավ էլ կա՛, բայց հո ձեզ համա՞ր չէ..փողը փողատիրոջ մոտ ա..համ էլ խի՞ եք տենց ըլնում, որ մի քանի հոգի իրանց լավ են զգում…թող մի քանի հոգի էլ իրանց լավ զգան, որ սաղ ազգը իրանց վատ զգացին, լա՞վ կլնի»…

Սեյրան Սարոյանն, ինչպես միշտ, դիպուկ է՝ ուղիղ թիրախն է խոցում, այսինքն:

Իսկապես էլ՝ մեր երկրում միայն «77 777, 99 999, 33 333-անոց տղերքն» են իրենց լավ զգում: Հետո՞ ինչ, որ վերոնշյալ երջանկության, հաջողության, առողջության, սիրո, գիտելիքի «նումերոլոգիան» ժողովրդի համար սատանայական «666»-ով է հաշվարկվում:

Կարևորը՝ «մի քանի հոգին» ողջ-առողջ են, բախտավոր, «ճիշտ թվերից՝ տեղյակ», դրանք իրենց կյանք ներգրաված, իսկ որ ամենակարևորն է, բախտավոր է ինքը՝ «Ոսկե քաղաքի թագավորը»: Սերժ Սարգսյանն, այսինքն, ճոխ հավաքույթի նույնքան ճոխ կազմակերպիչը:

Ափսոս միայն, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս մի անգամ նաև թեթև «ամպիկներ են սահել Ոսկե քաղաքի երկնակամարում», որովհետև հավաքվածներից յուրաքանչյուրը, ինչպես Սերժ Սարգսյանն է պնդել՝  «նաև դժվարություններով լի 2014 թվական է ունեցել»:  

«Օբյեկտի՛վ պատճառներ ունեցող դժվարություններ և անորոշություններ», որոնց  մի մասն էլ, ըստ ընդունելության տիրոջ, «ամենայն հավանականությամբ, կարող է նաև գալի՛ք տարում շարունակվել՝ մեզնից անկախ պատճառներով»:

Հետաքրքիր է՝ եթե ամեն բան այնքան լավ է, որքան այս ընդունելության արտաքին փայլով էր ի ցույց դրվում, և եթե «կառավարությունն ու գործարարներն արել են իրենցից կախված ամեն բան», էլ ինչի՞ մասին է խոսում Սերժ Սարգսյանը:

Մի՞թե միայն այն պատճառով, որ «դուխ տա» առանց այդ էլ երջանիկ՝ «77 777, 99 999, 33 333-անոց տղերքին», որպեսզի նրանք «դժվարությունների, բարդությունների պահերին անմիջապես չսկսեն մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսեն պատասխանատուներ ման գալ, և եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձեն դափնիներն իրենց ուսերին քաշել»:

Իսկ ինչո՞ւ:  Դափնիների  իրավունքը միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են վաստակե՞լ: Թե՞ «պատասխանատուների փնտրտու՛քն» է վտանգավոր ձեռնարկ. հանկարծ ու մի քանիսը, որոնք դեռ ի վիճակի են «իրենց գրպանից դուրս էլ» մտածել, որոնք հանրության շրջանում լիովին չեն վարկաբեկվել, կամ՝ հարգված են դեռ, կարող են իսկապես էլ գլխի ընկնել, որ երկրի «666»-ի համար իսկապես էլ պատասխանատուներ կան, որ կառավարություն կա վերջապես և այլն: Ավելին՝ որ իրենք հենց գլխավոր պատասխանատուի կողմի՛ց են ընդունելության հրավիրված…

Զավեշտ չէ, ի՞նչ է:

Հենց այս օրերին, երբ «լֆիկները միլիոններ դիզեցին» մի քանի օրում, երբ երկիրը վերուվար է լինում աղքատության, տագնապի և անորոշության «դանթեական պարունակներում», ինչպե՞ս կարող էր որևէ մեկն ասել՝ «և, այնուամենայնիվ, տարին պետք է համարել արդյունավետ»:

Ինչո՞վ արդյունավետ, պարո՛ն Սարգսյան: Ո՞ր ոլորտներում հատկապես: Մանավանդ՝ ի՞նչ չափով չափեցիք ու եկաք նման եզրակացության:

Եւ գլխավորը՝ ու՞մ հետ. Զատկին՝ հավկիթ, Պահքին՝ լոբի թանկացնող չարչո՞ւ, ով այս օրերին լիուլի տռզեց ձեր պատերից դուրս հաց փնտրող ժողովրդի՝ «սև օրվա» հանդեպ տածած կենսաբանական վախից…

Եւ ընդհանրապես՝ ո՞րն է այս ամենամյա հավաքների իմաստը: Բաղրամյան 26 եք մարդկանց հրավիրում, որ ի՞նչ անեք: Որ ասեք՝ ձեզ մարդու տե՞ղ ենք դնում, որ պարտավորեցնե՞ք, թե՞ ինչ:

Եթե հստակ ուղերձ կա հղելու, այն առաջին հերթին ժողովրդին էր պետք հղել, այն էլ՝ խուճապային այս օրերին: Եթե տարի է ամփոփվում՝ գործարարներն առանց ձե՛զ էլ կարող են դա անել՝ հազար ու մի ձեռնարկատերերի, գործարարների, արդյունաբերողների ու չգիտեմ՝ է՛լ ինչերի միություններ ու պալատներ ունեն:

«Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողության հետ: Բայց նաև գիտենք, որ նոր հնարավորությունները նաև նոր մարտահրավերնե՛ր են: Չեմ կասկածում, որ մեր ձեռներեցները մրցունակ են, իրենց լուրջ ասելիքն ունեն և այդ ասելիքն ասելու են նաև նոր տնտեսական միության ներսում: Դուք կարող եք դա ասել ձեր գործերով, արդյունավետ աշխատանքով և նոր գաղափարներով»:

Ձեր այս ազատ ոճի շարադրությունն, օրինակ, ու՞մ է պետք: Ինչո՞վ է այն օգնելու գործարարին, եթե ձեր կառավարությունն ամեն բան անում է, որ խանգարի իրական գործ անող մարդուն, օրինակ՝ «Անտարես» գրահրատարակչական ընկերությանը: Կամ՝ նրա՞նք ինչպես են ձեզ համոզում, որ իրապես մրցունակ են:

Իսկ որ ամենաառարկայական հարցն է՝ ու՞մ եք դուք ժողովուրդ համարում, որին, օրինակ, «մրցունակ» Սամվել Ալեքսանյանը պիտի բարօրություն բերի… 

Նախորդ հոդվածը‘Բորսայում կատարվել է 6 մլն դոլարի առքուվաճառք, ԿԲ-ն վաճառել է 2 մլն’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.75 տոկոսային կետով’