‘Գոհար Սիմոնյան. Ընդդեմ Արցախի, ՀՀ-ի եւ ի հեճուկս բանականության’

1545

Նապաստակք ժողովեցան եւ ասեն.

— Եկա՛յք երթիցուք  ի ծովն անկեալ մեռցուք ամենեքեան, զի կարի տկարք եմք եւ անզէն, եւ կհալածեն զմեզ…

Վարդան Այգեկցի

Տե՛ղ հասանք, տիկնայք եւ պարոնայք: Տարոնա-նժդեհական հաղթողականությունը, որ կրկին փարվել է հին ու սիրած` «փրկենք Ղարաբաղը» մոլուցքին, վերջապես դիմակազերծվեց՝ երեւան բերելով տկար ու անզեն «նապաստակի» իրական դեմքը:

Հիմա եթե հավատ ընծայելու լինեինք Այգեկցու առակի ճշմարտությանը` նապաստակի ցեղը սոսկ ինքն իր նվաստ տեսակով պիտի ծովը հագեցներ, կամ գոնե գորտերից ամաչելով` հրաժարվեր սուիցիդի մտքից: Բայց տես որ` հայտնի ճանապարհորդ Զորիի գլխավորությամբ, հավակնություն ունի մի ամբողջ «անտառ» էլ հետը քարշ տալ անէության գիրկը: Եւ զարմանալին այս պատմության մեջ ոչ թե այն է, որ անտառում էլի՛ «գազաններ» գտնվեցին, որոնք Զորիի ու նրա առաջնորդների հետ ինքնակամ նույն ծովն ընկնելու պատրաստակամությունը հայտնեցին, այլ  այն, թե ինչպես մի ամբողջ անտառ այսքան տարի նապաստակին Առյուծ արքայի հետ շփոթեց` քիչ է, մի բան էլ՝ չնկատեց, որ  իր կյանքը՝ սպառվում, եւ տունը փոքրացնում են անկման ծովի աստիճան:

Ուրեմն, ասում եք` ձեր սիրած Արցախ աշխարհը միացնենք Ռուսիո կայսրությանը: Ասում եք` փրկվելու անհրաժեշտությո՛ւն կա, եւ փրկության միակ եղանակն ահա ա՛յս է: Իսկ ո՞ւմ եք փրկում, ներեցե՛ք: Ձեր տհասության ու ագահության արդյունքում` Արցախում չբնակեցվածի՞ն, թե՞ նրան, ով դեռ ապրում է այդ հողի վրա, բայց ձեր ջանքերով իջեցված է սոցիալ-բարոյական նիհիլիզմի անդունդը: Փողի եւ իշխանության խղճուկ քրմերդ դեռ չհասկացա՞ք, որ այն  հզորները, որոնցից սարսափած, իբր, փրկության ելք եք որոնում, սոսկում եւ նողկում են բոլոր նրանցից, ովքեր չկարողացան պաշտպանել իրենց անտառ-հայրենիքը: Գլխի չընկա՞ք, որ հայրենիք ունեցող ու նրանից ինքնամատույց մերկությամբ հրաժարվողին ոչ թե գրկաբաց են ընդունում, այլ վերակացուի ստորացնող մահակով:

Եւ վերջապես` անհաց-անտուններին էլ մի կողմ թողնենք: Ժամանակին դուք` տարբեր ռանգի արքայադավնե՛րդ, մեզ իրական չափերով ու միջազգայնորեն ճանաչված Արցախ էիք խոստացել: Կարծեմ` դրա՛ համար այսքան տարի ձեր կողմից այդչափ հոլովվող ցուրտ ու մութ, սով ու զրկանք տեսանք: Թե չէ` մենք էլ պակաս գնալու տեղեր չգիտեինք: Կամ` ավելի քիչ փողի կարիք չունեինք, քան դուք:

Ուրեմն` ո՞ւր է այդ Արցախը: Դե տվե՛ք, կամ գոնե դրա հնարավորությունը ցույց տվեք մեզ, ոչ թե փրկության օղակ դիտարկեք այն նույն «կոլցոն», որից հազիվ փախանք:

Լա՛վ, բայց եթե նույնիսկ մեռնողների գործը թողնենք մեռնողներին եւ ապրողներով բավարարվենք, օրինակ` Զորիին  ու բոլոր մնացածին անձնապես իրենց ուզած տեղում կցել-կցմցելով, ումի՞ց օգնություն հուսալ: Կամ որտե՞ղ դատապարտումի խոսք  լսել: Ստեղծագործական միություններում կռիվ տվող մտավորականի խոսքին սպասելն ինքնին անիմաստ է, որովհետեւ նրանց չգոյությունն առնվազն հարգանք է պահանջում հանդերձյալ աշխարհի նկատմամբ: Աշխատավորների՞ց` նրանք հատկապե՛ս չկան. գիլդիաներն ու արհմիությունները վաղուց այլեւս սարսափ չեն ներշնչում, եւ հաղթողականներն այս տարիներին միտումնավոր ամեն բան արին, որ նրանք այլեւս երբեք իրենցից  որեւէ բան չներկայացնեն: Օլիգարխներից եւ երկրի հացն ստեղծողների՞ց: Բայց նրանք էլ կամ թշվառ ձայնազուրկ են, կամ նույն նապաստակի ցեղից, կամ հանդերձավորված են նիցշեական «վերջին մարդու» հանդերձով, ով սովոր էր հնարավոր ու անհնար վերջին արդարացումները գտնել` սեփական գաղափարազրկությունն ու հոգեկան սնանկությունը որպես բնականոն վիճակ ներկայացնելու համար: Սրանց սպասելը նույնն է, թե շարունակես «հին գոդոյին» սպասել…

Ուրեմն` ո՞վ պիտի փրկի անտառը` սնվելով սեփական տեսակը պահպանելու գոնե բնազդային գիտակցության ակունքից: Պատասխանը կարծես թե պարզ է թվում. մտածող քաղաքացին: Ու պետք չէ  սրդողել Ասողիկ քահանայի` ֆաշիզմի ձգտող ձեւակերպումից, թե` քաղաքացին միայն հայն է, հայն էլ` միայն քրիստոնյան, որովհետեւ եթե սրանց հայ քրիստոնյան մեռելոցապաշտ վարչապետն է, արդեն անբենթլի Կճոյանը եւ էլի էսպիսի «բարեպաշտներ», վախենամ` իրենց հետ քրիստոնեական երկնքի արքայությունն էլ չուզենամ ժառանգել:

Հետևաբար` սովորական մարդու, Հայաստանի Հանրապեությունում ապրող, այստեղ արարող, իր տանից հաճույքով դուրս եկող, սիրով տուն դարձող մարդու, ձեռք բերածը պահպանող, կրկնապատկող ու սերունդներին փոխանցող քաղաքացիների համախմբի անհրաժեշտությունը կա` անկախ կրոնական հավատամքից, զբաղմունքի տեսակից, ազգությունից եւ նույնիսկ` քաղաքական նախասիրությունից: Համախումբ, որը պատմության աղբանոցը կնետի մեր անկախությունն ու սուվերենությունը սեփական կալվածքի պես աճուրդի հանող զորիներին ու զորիականություն ծնող իշխանություններին: Հակառակ ցանկացած քայլ եւ կամ հապաղում` այսուհետ մեկնաբանվելու է իբրեւ դավաճանություն ընդդեմ Արցախի, Հայաստանի Հանրապետության եւ  բանականության…

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ կարդացինք ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մեկնաբանությունը` ռուսաց թագավորին ուղղված զորիական բաց նամակին: «… ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել: Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991-ին, և ցանկացած այլ տեսակետ` նշանակում է ընդամենը անձնական տեսակետ: Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով, ու վերջ»: Իհարկե, արժեր, որ ԼՂՀ-ում հենց նախագահի մակարդակով այպանվեր ղարաբաղյան ծագմամբ ռենեգատությունը, ավելին` ի լուր աշխարհի հայտարարվեր, որ ոչ ոք զորի բալայան անունով հերոս բնավ չի ճանաչում, բայց, ինչպես ասում են` այսքանն էլ բավական էր՝ հասկանալու համար, որ անհրաժեշտ տարբերակման դեպքում արցախցին եւս ՀՀ ազատ եւ անկախ քաղաքացու կողքին կլինի…

Գ.Ս.

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Հադրութի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’