‘Գոհար Սիմոնյան. Իսկ ինչո՞վ են «դրանք» Ալիեւից ավելի լավը…’

2013

Առանց սեթեւեթանքների եւ միանգամից պիտի նկատեմ, որ դե՛մ եմ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի որոշմանը, ըստ որի՝ մեր երկիրը մասնակցելու է Ադրբեջանում տեղի ունենալիք ամառային օլիմպիական խաղերին:

Եւ գիտե՞ք՝ ինչու:

Շատ պարզ պատճառով՝  որովհետեւ Բաքվի խանն այդ իրավունքն ու պատիվը ձեռք է բերել ոչ թե իր «օլիմպիական ոգու» եւ դրան հատուկ արժեքներն ու գաղափարները կրելու, այլ ընդամենը Մեծ սպորտը բիզնես դարձրած արեւմտյան առանձին պաշտոնյաների հետ հաջող գործարք կնքելու արդյունքում:

Եւ եթե այդպես է, հետաքրքիր է՝ ինչու՞ պիտի մենք մեր օլիմպիական համերաշխությունը հայտնենք եվրոպացի կաշառակեր պաշտոնյաներին: Առավել  եւս՝ Բաքվի սադիստ խանին:

Որ ի՞նչ:

Որ շարունակի Ֆեյսբուքում Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու սպառնալքիներո՞վ հանդես գալ՝ խոստանալով «արդեն Երեւանու՛մ կախել Ադրբեջանի հաղթական դրոշը»:

Թե՞ որպեսզի մեկ այլ Ռամիլ Սաֆարով գտնվի ու շատ արագ ազգային հերոս հռչակվի:

Իսկ գուցե՝ որպեսզի նրա մարդասպանները սահմանին «թարմացված օլիմպիական կրքո՞վ» սպանեն մեր զինվորներին:

Ինչու՞ է կայացվել նման որոշում՝ կոմիտեի անդամները, որ քվեարկության են դրել հարցը, կարո՞ղ են բացատրել:

Կրկնում եմ՝ ես հավատարիմ եմ քաղաքականություն, բիզնես եւ սահմաններ չճանաչող Մեծ Սպորտի ու մանավանդ՝ Օլիմպիական խաղերի կողմից հռչակված գաղափարներին:

Ավելին՝ համոզված եմ, որ իրականում, ինչ-որ իքս պահի, թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի հասարակություններն այլ ելք չեն ուենալու, քան՝ լսել, հասկանալ միմյանց եւ փորձել լուծումներ գտնել տարիներ շարունակ արյունահոսող այս հակամարտության համար:

Բայց դա բոլորովին ա՛յլ պատմություն է, եւ որեւէ կապ չունի նավթադոլարներով ստացված «պատվի» ու այն գարշելի PR-ի համար, որ պաշտոնական Բաքուն է իր համար ապահովել:

Ասեմ ավելին՝ այս պահին, երբ հենց եվրոպացի իրավապաշտպաննե՛րն են զայրացած կոչ անում  իրենց երկրներին՝ չմասնակցել Բաքվում կայանալիք խաղերին, բոլորովին չեմ հասկանում մերոնց շտապողականությունը:

Ինչու՞ եք շտապում՝ կարելի՞ է հարցնել:

Որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը «ճակատներդ պաչի՞» Թվիթերով, ինչն արդեն խիստ օպերատիվ կերպով է հասցրել անել՝ միաժամանակ հավաստիացնելով, թե պաշտոնական Բաքուն խոստացել է պատշաճ կերպով ապահովել մեր մարզիկների անվտանգությունը:

Մի հարցնող լինի՝ պարոն Ուորլիք, իսկ եթե չապահովե՞ր՝ ինչ էր անելու:

Հրապարակա՞վ են ուտելու մերոնց՝ շահիդների ծառուղում:

Նրանց, ովքեր այսպիսի չքնաղ նվե՞ր են մատուցել Բաքվի խանին…

Կարճ ասած՝ մեծ եւ շատ կոպիտ սխալ ենք թույլ տվել այս որոշմամբ, եւ հիմա չգիտեմ՝ հնարավո՞ր է, արդյոք, գործի կեսից ետ կանգնել՝ միաժամանակ փրկելով մեր դեմքը,  թե՞ մինչեւ վերջ ենք անցնելու այն վազքուղին, որ օլիմպիական չէ՛ բնավ:

 

Հ.Գ. Ի դեպ, այսօր հետաքրքիր վերտառություններով նյութեր կարդացի «ազատ-անկախ արեւմտամետների մոտ»: Իբր՝ «սրանք Հայաստանը ԵԱՏՄ տարան, Բաքու էլ կտանեն»:

Զավեշտալի չէ՝ ի՞նչ է: Ախր,  ով ասես՝ իրավունք ունի այս մասին խոսել, բայց ո՛չ դուք: Եւ գիտե՞ք՝ ինչու. որովհետեւ Սերժ Սարգսյանին «շփոթում եք» ինչ-որ անհասկանալի «սրանք»-ի հետ՝ քիչ է, բերաններդ էլ չի պտտվում՝ գոնե կեսբերան հայտարարեք, որ շատ կոնկրետ կաշառակեր «եվրոյոնջաներ» ոչնչով ավելի լավը չեն կաշառատու Բաքվի խանից: Ահա այդպե՛ս:

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Նազարբաևի, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկու մամլո քարտուղարին սգո ծաղկեպսակ են ուղարկել’