‘Գոհար Սիմոնյան. Իրան-ԱՄՆ ալյանսը նոր հորիզոններ կբացի Հայաստանի առաջ’

2197

Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց շատ հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանի համար աշխարհաքաղաքական այնպիսի նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որի մասին նույնիսկ ամիսներ առաջ էր անհնար երազել:

Իհարկե, դրա համար, նախ եւ առաջ, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում վե՛րջ տրվի ներկայիս ավազակապետական ռեժիմի գոյությանը, որովհետեւ սրանց առկայությամբ նույնիսկ բարեբեր դաշտերն են անապատների վերածվում, կամ ինչպես Սերժ Սարգսյանն ի՛նքն էր պատկերավոր նկարագրել՝ «խիարն էլ է թարս աճում»:

Եւ, այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, հարկ է արձանագրել, որ ուղիղ մեր քթի տակ ընթանում են այնպիսի պրոցեսներ, որոնք հաստատապես կարող են լրջորեն իրավիճակ փոխել տարածաշրջանում՝ էականորեն շոշափելով մեր ազգային շահերը բացառապես դրակա՛ն առումով: Այլ խոսքով՝ Հայաստանը վերջապես կարող է նաեւ այլընտրանք էլ ունենալ իր ներկայիս շրջափակման պայմաններում:

Բանն այն է, որ երեկ Վիեննայում Իրանն ու Վեցյակը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ՌԴ-ն, Գերմանիան եւ Չինաստանը, որոշել են վերջնական բանակցությունների տեսքով փակել Իրանի «Միջուկային փաթեթի» պատմությունը եւ, կապված Իրաքում լարված դրության հետ, ջերմացնել այդ երկրի հետ նախկինում լարված հարաբերությունները՝ մեր հարեւանին դիտարկելով որպես տարածաշրջանային կայունության երաշխավոր:

Իրանի նախագահ Ռուհանին արդեն հայտարարել է, որ Վիեննայի հետ կապված՝ իրենք միայն դրական ազդանշաններ ունեն եւ սպասում են բոլորի համար կարեւոր արդյունքների: Քեթրին Էշթընի հետ հանդիպումից հետո համարյա նույն բանն է պնդել նաեւ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: Իսկ ահա անանուն դիվանագիտական աղբյուրները միջազգային ԶԼՄ-երում պնդում են, թե իրականում այլեւս քննարկվելիք որեւէ սուր խնդիր չկա: Մնում է միայն ուրանի հարստացմամբ զբաղվող մեծաքանակ գործարանների կամ, որ ավելի ճիշտ է՝ դրանցում առկա ցենտրիֆուգների կրճատման խնդիրը քննարկել, որովհետեւ Արեւմուտքում, այնուամենայնիվ, մտավախություն ունեն, որ մի օր Իրանը կրկին կանրադառնա ուրանի հարստացման հարցին: Համենայն դեպս, Ֆրանսիայի արտգործնախարար Լորիեն Ֆաբիուսը հենց այդ խնդիրն էր շեշտել՝ մի քանի օր առաջ ֆրանսիական մամուլին տված իր հարցազրույցներից մեկում:

Այս պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ դրա գլխավոր նախաձեռնող ԱՄՆ-ին կարծես թե ցենտրիֆուգների քանակն այլեւս չի մտահոգում: Ավելին՝ արեւմտյան, մասնավորապես՝ ամերիկյան մամուլը, վիեննական կուլուարներում ընթացած հանդիպումներից որոշ մանրամասներ է մեջտեղ բերում, որոնց համաձայն՝ այս պահին ԱՄՆ-ին ավելի շատ Իրաքում լարված դրությունն է մտահոգում, իսկ ավելի կոնկրետ՝ ռադիկալ սունիների «արշավանքները», որոնք, բնականաբար, նաեւ Իրանի կենսական շահերն են շոշափում:

Անշուշտ, եթե նույնիսկ մամուլն այդ մասին չգրեր, ակնհայտ է, որ ամերիկյան պաշտոնյաներն իրանական կողմի հետ երեկ Վիեննայում չէի՛ն կարող չքննարկել այդ հարցը: Ավելին, պետքարտուղար Քերին վաղօրոք էր հող նախապատրաստել՝  նշելով. «Մենք բաց ենք՝ Իրանի հետ քննարկումների համար: Եթե այդ երկիրը կարող է Իրաքի հետ կապված ինչ-որ կոնստրուկտիվ առաջարկ անել, կամ եթե պատրաստ է ինչ-որ բան անել՝ այդ երկրի ամբողջականությունն ու սուվերենությունը հարգելու պայմանով»:

Ստացվում է՝ Քերին չի բացառում  նույնիսկ ռազմական համագործակցությունն Իրանի հետ, իսկ սա արդեն, համաձայնեք, իրոք աննախադեպ բան է՝ բառի ամենաիսկական եւ չարժեզրկված իմաստով: Մանավանդ որ՝ Իրանի նախագահ Ռուհանին էլ ակնարկել է, թե հնարավոր է՝ իրենք մտածեն այդ ուղղությամբ: «Հնարավոր է՝ մենք իսկապես էլ մտածենք (ամերիկյան կողմի հետ–հեղ.) համագործակցության մասին, եթե տեսնենք, որ ԱՄՆ իսկապես ընդդիմանում է Իրաքում կամ մեկ այլ տեղ ահաբեկչական խմբավորումներին»,- շաբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահը եւ ակնարկել, թե իր երկիրը կարող է նաեւ էներգետիկ պլանում այլընտրանք լինել Արեւմուտքի համար, որի մասին այդ կողմերում այդչափ խոսում են:

Դե ասեք հիմա՝ ինչո՞վ սա նոր իրավիճակ չի նշանակում ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Եւ եթե ամեն բան հաջողվի, այսինքն՝  տեղի ունենա Իրան-առաջադեմ աշխարհ համաձայնությունը, ինչի առիթով, ի դեպ, ռուսական կողմն ակնհայտորեն այնքան էլ գոհ չէ, կամ գոնե՝ զուսպ է չափազանց, ստացվում է, որ Հրվ. Կովկասում Թեհրանի հիմնական դաշնակից Հայաստանի առջեւ էլ են նոր հորիզոններ երեւում ամե՛ն իմաստով:

Անշուշտ, այս իշխանությունները շատ բան են արել, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերություններն այս ընթացքում ոչ միայն չզարգանան, այլեւ մի բան էլ՝ վատթարանան, կամ ուղղակի ինքնահոսի վիճակում հայտնվեն, բայց ակնհայտ է նաեւ, որ խելքը գլխին իշխանությունների եւ նորմալ քաղաքականության վարման պարագային մենք նույնիսկ կարող ենք ավելին ունենալ, քան կարելի է հենց այս պահին երեւակայել…

Ադրբեջանում, ի միջի այլոց, այս իմաստով արդեն խուճապի մեջ են: Նրանք վստահ են, որ «հյուսիսային Ադրբեջանից» եւ մնացած ամեն ինչից բացի՝ Իրանում չեն մոռացել հատկապես Ալիեւի այն հայտարարությունը, համաձայն որի՝ «եթե ԱՄՆ-ն որոշի հարվածել Իրանին, դաշնակից Ադրբեջանը ամենայն լրջությամբ կքննարկի՝ իր երկրի տարածքը տրամադրելու մասին»: Շատ ուշադիր են հետեւում դեպքերի ընթացքին նաեւ Թուրքիայում: Իսկ ահա «Ռոսբալտը», էլի՛ ուրիշ լրատվամիջոցներ գրում են, թե Թուրքիայի հրահրմամբ Բաքվի ակտիվացումը սահմանի երկայնքով՝ նպատակ ունի նաեւ այս բանակցությունների արդյունքում ձեռք բերվելիք հաջողությունները կասեցնել՝ նախապես տարածաշրջանում վառոդի հոտ գցելով:  Չխոսենք արդեն ԱՄՆ երկու խոշոր դաշնակիցների՝ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի մասին, որոնք ուղղակի շնչակտուր են լինում Իրան-ԱՄՆ ալյանսի մտքից անգամ:

Կհաջողի՞ ԱՄՆ-ն դուրս պրծնել այս կապկանից՝ դժվար է ասել: Բայց որ նա կարծես  այլ ելք չունի, քան Իրանի հետ  բարեկամությունը, ոնց որ թե դա էլ է ակնհայտ: Արդյունքում, հաջողության հասնելու համար, Հայաստանն էլ ի՛ր հերթին պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկի: Ինչպես արդեն նշեցինք՝ անհրաժեշտ է ժամ առաջ հեռացնել իշխանությունից Սերժ Սարգսյանին ու նրա այնպիսի հացկատակների, ինչպիսին, օրինակ, Հերմինե Նաղդալյանն է:

Սույն տիկինը փոխանակ գետինը մտնի «բարոյականություն» բառն անգամ արտասանելիս, որոշել է դասեր տալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ նրան հիշեցնելով «ցուրտումութ տարիները»: Եւ որեւէ մեկը չկա, որ ասի՝ Ի՞նչ մեղք էինք գործել, ախր, այս եւ մեր նախորդ կյանքերում, որ մեր երկրի ղեկավարը Սերժը, իսկ ԱԺ փոխնախագահը դու՛ լինեիր:

Ցնորամի՛տ՝ ասեին, դրանք «ցուրտումթի՞», թե՞ հաղթանակի տարիներ էին: Հաղթանակի, որոնք դուք ահա ձեր ավազակախմբով մինչեւ վերջին կաթիլը մսխեցիք…

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Իրանի նախագահը հետեւում է ԱԱ 2014-ի խաղերին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ մամուլը Իրաքի հյուսիսում իսլամիստների հարձակումներն անվանում է բլիցկրիգ’