‘Գոհար Սիմոնյան. Իր լրումին սպասող Ազատության հրապարակ’

2658

Մարտի 1-ին հաշված օրեր են մնացել: Եւ բացի նրանից, որ ցայսօր այդ քստմնելի ոճրագործության հեղինակներն ու կատարողներն անպատիժ կերպով Աստծո տված լույսն են վայելում ազատության մեջ ու կաշեպատ բազկաթոռներին թիկնած, մենք պիտի համարձակություն ունենանք ձեզ հետ միասին արձանագրելու, որ վերջին «պարտադրված զինադադարն» իրականում նույն այդ Մարտի 1-ի շարունակությունն էր:

Ավելին՝ սա իր քաղաքական հետեւանքներով Մարտի 1-ից էլ հեռուն գնացող ողբերգություն էր, որովհետեւ վարչակազմն այսպիսով ոչ միայն կարողացավ լեգիտիմացնել քաղաքական պայքարը տեռորով եւ արյամբ փոխարինելու՝ իր դժվար թաքցվող կիրքը, այլեւ, որ ամենասարսափելին է, իր քարոզչական սպասյակների միջոցով կարողացավ հասնել նրան, որ որոշ անմեղսունակներ «ալելույաներ եւ օվսաննաներ հնչեցնեն» ԲՀԿ-ի «կապիտուլյացիայի», «ձեռք բերված կոնսենսուսի» եւ ուրեմն՝ նաեւ մեր չթափվա՛ծ արյան առիթով…

Իրավիճակը, սակայն, որքան էլ մռայլ, իմ հաստատ համոզմամբ՝ ամենեւին էլ «վախճանաբանականներից» չէ:

Դուրս եկեք փողոց, շփվեք ամենասովորական մարդկանց հետ, լսեք նրանց զրույցը շուկաներում ու երթուղայիններում եւ, թե դեռ ի վիճակի եք, զարմացե՛ք դատողությունների այն հստակության եւ առողջության առիթով, որ, ի տարբերություն հրապարակներում հնչող նողկալի «վերլուծական մտքի»՝ այս բռնադատված ժողովրդի շրջանում է տիրում:

Արձանագրենք, ուրեմն, որ եթե ՀՀԿ-ին թվում է՝ իրենք վերջնականապես «մաքրեցին քաղաքական դաշտը եւ ամեն մեկին դրին այն տեղում, որը նրան հասնում էր», չարաչար սխալվում են:

Իրենք ընդամենը մինչեւ վերջ ջրի երես հանեցին իրե՛նց  իսկ դատապարտվածության աստիճանն ու բոլոր այն հին ու նոր «հաճախորդներին», ովքեր, չգիտեմ էլ՝ ինչու էին ենթադրել, թե անցնելու՛ են հայտնի «քառասնօրյա շեմը»…

Նորածնից մինչեւ մահվան շունչն արդեն բերանում զգացող ծերուկ՝ բոլորն ամեն ինչ գիտեն, այսինքն: Թաքցնելու ոչ այլեւս որեւէ բան կա, ոչ՝ հնարավորություն:

Եւ եթե հենց սա՛ էր այն «մաքրությունը», որն ուզում էր ՀՀԿ-ն սկսել մեր երկրում, շնորհավորում ենք: Նա լիովին կատարեց իր գործը մեր ազգաբնակչության առջեւ՝ միաժամանակ մինչեւ վերջին տողը գրելով մեր Ազատության ու իր Դատապարտության պատմությունը:

Այսքանից հետո մեզ, ուրեմն, ի՞նչ է մնում՝ Մարտի 1-ին լինել այնտեղ, որտեղ մեր անգարուն տարին «չաճող լուսին դարձրին»:

Կիսա՛տ թողին:

Միևնույն է, իր  խոսքն ասելու է ժողովուրդը, ում անհնա՛ր է վերջնական կապիտուլյացիայի ենթարկել, եւ ում արյունը երբեք ջուր չի  դառնա:

Ազատության հրապարակի՛ ժողովուրդը:

 

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Եթե լսեինք «Հայռուսգազարդ»-ին, գազի գինն ավելի բարձր կլիներ’
Հաջորդ հոդվածը‘Վերանորոգման նպատակով ատոմակայանի աշխատանքի դադարեցումը կազդի սակագնի վրա’