‘Գոհար Սիմոնյան. Կառավարությու՞ն եք, թե՞ հոգեառ հրեշտակ կամ՝ բախտ նայող’

3720

Այս իշխանությունն իսկական պատուհաս է դարձել մեր ժողովրդի համար: Բացի այն, որ իշխանագողերը ճանապարհ են հարթել Մարտի 1-ի արյամբ եւ այս ընթացքում բացարձակապես մատը մատին չեն տվել հանրության «թողությանն արժանանալու» ու նրա աչքին գոնե մի նշանակետ լեգիտիմացվելու համար, դեռ մի բան էլ՝ առտնին կյանքն են կատարյալ դժոխք դարձրել:

Ընդամենը երեք ամսվա ընթացքում, օրինակ, հասցրել են թանկացնել ոչ միայն գազը, էլեկտրաէներգիան, որոնք անպայմա՛ն շղթայական ռեակցիայով իրենց հետ դեռ հավելյալ գնաճ են բերելու մնացած բոլոր ոլորտներում, ոչ միայն  ավերել են առանց այդ էլ հազիվհազ շնչող փոքր  ու միջին բիզնեսը՝ Շրջանառության հարկը 3.5%-ից դարձնելով 5%,  այսպես կոչված՝ վրադիր հարկերով ոչ միայն օր ու արեւ չեն տալիս դեռեւս շնչող այնպիսի առանձին ոլորտների, ինչպիսին, օրինակ՝ ոսկերչությունն է, հիմա էլ անցան վառելիքին, խմիչքին եւ ծխախոտին:

Բնականաբար՝ «բյուջեին փող է պետք» տխմարության տիրաժավորմամբ ու, իբր՝ հիմնավորմամբ:

Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե բյուջեն է մարդկանց համար, այլ մարդիկ՝ սրանց ձեռքին «դանայան տակառ» դարձած բյուջեի: Կամ՝ ոչ թե առկա տնտեսությունն է բյուջե ձեւավորում, այլ բյուջեն է ինչ-որ երեւակայական, ծլող-ծաղկող երկրի տնտեսություն «պարտադրում»…

«Ակցիզային հարկի մասին» նոր օրինագիծը, որ երեկ քննադատվեց նույնիսկ այնպիսի հլու-հնազանդի կողմից, ինչպիսին Խոսրով Հարությունյանն է, եւ այսօր արդեն դակվեց Ազգային ժողովում, դրա լավագույն ապացույցն է:

Դժվար է ասել՝ ում հանճարեղ ուղեղում է նման միտք ծագել՝ 1000 խորանարդ մետր տարածք ունեցող գազալցակայանների համար 8.400 ակցիզային հարկ ֆիքսելու, բայց փաստ է, որ ծագել է: Եւ այդ անհաջող տքնանքն ահա, առանց հավելյալ դիտարկումների, մեր տնտեսության համար նշանակում է ուղիղ 8.4% գնաճ:

Չխոսենք արդեն այն մասին, որ սրա արդյունքում դժվարանալու է ոչ միայն պարտքով դիզվառելիք վերցնող գյուղացու կյանքը, այլեւ, շատ հնարավոր է, թանկանալու է քաղաքային տրանսպորտը: Եւ այս անգամ արդեն հանրությունը ոչինչ չի կարողանալու անել դրա դեմ: Պարզ հաշվարկ է՝ թանկ գազ են լցնում, թանկ էլ ուղեւորափոխադրում են իրականացնելու, եթե, իհարկե, մեր երթուղայիններում կատարվող «շալակթռնոցին» կարելի է ուղեւորափոխադրում համարել…

Նույն կերպ՝ մոտավորապես մինչեւ 10%, ակցիզային հարկի ավելացման արդյունքում, ցնցումների առաջ է կանգնած նաեւ սիգարետի եւ ալկոհոլային խմիչքների շուկան, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն ներքին սպառողի, այլեւ դրսի՛ շուկաների համար: Ի վերջո, մեր գինին, օրինակ, առանց այդ էլ մրցունակ չէր նույնիսկ ԱՊՀ շուկայում, եւ եթե հիմա թանկանան նաեւ տեղական գինին, կոնյակը, օղին, դեռեւս Վրաստան արտահանվող սիգարետը, դժվար է ասել, թե ինչ է սպասվում տնտեսվարողին: Տեղական սպառողին սպասվող թանկացումը դեռ մի կողմ դնենք…

Բայց այս ամենն, իհարկե, կառավարությանը չի՛ հետաքրքրում. նրան ընդամենը ինը միլիարդ դրամ հավելյալ հավաքագրում է անհրաժեշտ, եւ ինչպես օրինագիծը ԱԺ-ում ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էր նկատել՝ «Էդ ինը միլիարդը քիչ փող չի, որ ասենք՝ հե՛չ: Էդ գումարով լիքը առաջնահերթ ծախսեր կարելի է կատարել՝ ինը միլիարդը որպես եկամուտ ունենալու տեսանկյունից, ինչն ավելի  էական է, քան ոչ էական հնարավոր թանկացումը»:

Նկատեցիք, չէ՞, որ սրանց ուղեղը տենդի մեջ միայն մի ուղղությամբ է աշխատում՝ «փող եւ եկամուտ»:

Ինչպես, ինչ ազդեցությամբ, ինչ ավերածությունների գնով՝ էական չէ, որովհետեւ հերթական անգամ ոչ մի հաշվարկ չկա մեջտեղում: Միայն բախտ նայողի մոտեցում՝ «Հնարավոր է՝ թանկանա, հնարավոր է՝ ոչ, ի՞նչ է նշանակում երաշխավորել, որ ուրիշ ոչ մի բան չի՛ թանկանա…դա տեղին չէ, կարող է նաեւ չթանկանալ»:

Ահա այսպիսի միրումյանական, իսկ իրականում՝ իշխանական մոտեցում եւ տրամաբանություն: Ու թե ինչպես է մեր հանրությունն այս «հոգեառ հրեշտակներին ու բեխաբար բախտ նայողներին» մեկ ժամ անգամ իրենց տեղերում հանդուրժում՝ կատարյալ հանելուկ է:

Նախորդ հոդվածը‘Ամստերդամում ռոբոտները պողպատե կամուրջ կկառուցեն՝ օգտագործելով 3Դ տպիչ ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’