‘Գոհար Սիմոնյան. «Կատարելություն, կամ դրան մոտ մի բան»՝ Սերժի հագով…’

2171

-Թառռոն:
                                                     
Չէ մի չո՛ռ:
                                                            
Կախաղա՛ն:
                                                      —
Ցի՛րկ:
                                                
Թամա՛մ թամաշա:

Եղիշե Չարենց

                                                                                                             Կապկազ թամաշա

Ռեժիմի այն բացատրությունը, թե կյանքը նոր պահանջներ է թելադրում բոլորիս, եւ հենց դրանով է պայմանավորված Սահմանադրությունը բարելավելու՝ իշխանության ձգտումը, պարզապես զավեշտալի «ֆիլոս-սոկրատություն է»՝ ոչինչ  ավելի:

Կյանքն ինքնին ամեն վայրկյան է փոփոխվում, իսկ յուրաքանչյուր օր, բնականաբար, կարելի է նաեւ մարտահրավեր ընկալել, հետո՞ ինչ:

Մի՞թե դա նշանակում է, որ տեղից վեր կացողն իրեն պիտի իրավունք վերապահի փոփոխել երկրի Մայր օրենքը հենց այդպիսի՛ հիմքով: Եւ այն էլ մի պարագայում, երբ փոփոխողներն իրե՛նք են իշխանագող եւ պետականության, կառավարման, Սահմանադրության հետ նույնքան ուղիղ կապ ունեն, որքան հայտնի կենդանին ծանրաձողի հետ…

Գալով կատարելության փնտրտուքին կամ, ինչպես ՍԴ նախագահն էր ասում՝ «առաջ եկած հարցերի՝ կատարյալին մոտ պատասխաններ գտնելուն», գրողը տանի՛, Ադամից ու Եվայից հետո այս արեգակի տակ այդ ե՞րբ է «կատարյալին մոտ» մի բան տեսնվել, որ հիմա՛ լինի: Թե՞ Գագիկ Հարությունյանը որոշել է միանալ խորհրդապաշտների բանակին՝ Սահմանադրությունը շփոթելով հայտնի ու այդպես էլ անհայտ մնացած «փիլիսոփայական քարի» հետ…

Եւ ընդհանրապես, այդ ի՞նչ նոր խնդիրներ են առաջացել  մեր երկրում, որոնք անհնար է լուծել՝ առանց Սահմանադրությանը ձեռք զարկելու: Ի՞նչ է նշանակում թմբկահարվող այն ցնորքը, թե այս Սահմանադրությունն իրականում ներբող է միակուսակցականությանը:

Կներեք, Մելիք-Ադամյան փողոցում որոշել են վերջապես իշխանությունը հանձնել ժողովրդին՝ ինչպես Սահմանադրությու՛նն է պարտադրում, եւ ձեւը չե՞ն գտնում՝ առանց այն փոփոխելու: Թե՞ հաջորդ ընտրություններին փոփոխված Սահմանադրությունը հայտնի Արշակ Սադոյանի ասած «բիլակավոր տղա է դառնալու» եւ տեղում կոտրելու է բոլոր նրանց, ովքեր փորձեն ու կեղծեն ընտրությունները: Հանրապետականների՛ն, այսինքն: Բա էլ ու՞մ ուրիշ…

Կամ՝ ո՞վ է ասել, թե նախագահական համակարգն ինքնին վատն է, ու խորհրդարանականը՝ հրաշք:

Համակարգը, «սիրելիներս», ամենավերջին «ներդրումն ունի» այս գործում, որովհետեւ, ինչպես գիտենք, օրինակ՝ Իսրայելում, ցայսօր Սահմանադրություն էլ չկա՝ որպես այդպիսին, բայց դա չէր խանգարում, որ նախագահ Մոշե Քացավը հայտնվեր դատարանում ու պատասխան տար, թե ինչու է իր այդ առաջացած տարիքում այդչափ անժուժկալ սեփական քարտուղարուհիների հետ հարաբերություններում…

Բա տեսնու՞մ եք, իսկ դուք «ֆիլոս-սոկրատություն եք անում», թե՝ կյանքը փոխվում է, ամեն բան հոսում է, Սահմանադրությու՞նն ինչու անշարժ մնա:

Իսկ ո՞վ ասաց, որ պիտի անշարժ մնա, դառնա հուշարձան՝ պահպանվող նախարարուհի Հասմիկի կողմից (մի պահպանողն էլ լինի…): Գուցեեւ պիտի փոխվի, բայց պիտի հասկանա՛լ՝ ինչ, ինչպես եւ մանավանդ՝ ովքեր այն պիտի փոխեն: Համենայն դեպս՝ ո՛չ դուք:

Ի վերջո՝ մեկն էլ կար, ում «կուսակցությունն իր ժողովուրդն էր»: Նա՛ էլ էր դժգոհ Սահմանադրությունից, նա էլ էր «կատարելության մասին խորհրդածում»:

Ավելին՝ կոնկրետ հանձնաժողով էր կազմել, լրագրողներ էլ էր հրավիրում Բաղրամյան 26, որպեսզի ամենքը թափանցիկորեն տեսնեին, թե ինչպես է փոփոխվում-բարելավվում մեր կյանքը, ինչպես են իշխանության բոլոր ճյուղերը շտկում իրենց կորացած մեջքը-հավասարակշռվում, ինչպես է ինքը՝ արդարամիտը,  կամովին հրաժարվում իր լիազորություններից՝ հօգուտ կառավարության ու Ազգային ժողովի:

Եւ ի՞նչ, բարելավվե՞ց մեր կյանքը, գործադիրը, խորհրդարանն ու դատական համակարգը տարանջատվեցի՞ն Բաղրամյան 26-ից՝ բոլորիս զարմացնելով իրենց անկախությամբ ու պրոդուկտիվությամբ: Թե՞ փոփոխված Սահմանադրությունը Մարտի 1-ին մեզ վրա կրակողների ձե՛ռքը բռնեց:

Ավելին՝ նույն Գագիկ Հարությունյանը, ով մի անգամ արդեն կատարյալ հեղաշրջման մասնակից էր եղել,  համարձակություն ունեցա՞վ նույն ջանասիրությամբ կանգնել բռնաբարված Սահմանադրության պաշտպանության դիրքերում եւ ուղիղ տեքստով ասել այն, ինչ պարտավոր էր ասել՝ «Պարոն Սերժ Սարգսյան, դուք ուզուրպատոր եք, ես, իբրև ՍԴ նախագահ, պարտավո՛ր եմ գոնե մեկ անգամ հարգել իմ պետությունը, Սահմանադրությունը եւ իմ դիրքը»:

Իհարկե՝ ոչ: Փոխարենը հիմա վարձու կաքավողների հետ միասին դռնեդուռ է ընկել եւ գյուղ-ավան չհարցնելով՝ կատարելության նոր չափանիշներ է քարոզում: Կատարելություն կամ դրան մոտ մի բան՝ Սերժի հագով:

Սպանե՛ք ինձ՝ երեւակայությունս չի հերիքի էդ կարգի մի բան սրանց՝  բազմահազար կյանքեր ծնվելուց ու բարեփոխվելուց հետո էլ պատկերացնել…

Նախորդ հոդվածը‘ «Air France»-ը հերքում է Փարիզ-Երեւան չվերթի օդանավում խնդիրների առկայության մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Դենիել Ստարիջ.«Պետք է շատ աշխատեմ, որպեսզի փոխարինեմ Սուարեսին»’