‘Գոհար Սիմոնյան. Կլինի՞ «վիզ դնեք, որ էլ վիզ չդնեք»…’

1964

Այս օրերին, երբ Հայաստանի բոլոր բնակավայրերից մամուլն, այսպես ասած, օպերատիվ տվյալներ է մեջտեղ բերում բնակչության խուճապի, նրան հարստահարող ֆեոդալների, համատարած թանկացումների եւ նույնիսկ՝ մի քանի օր փակված խանութների ու դեղատների վերաբերյալ, պարզվում է՝ Հայաստանում կա մի առանձին, ինքնուրույն կյանքով ապրող եւ ոչնչից չազդվող բնակավայր, որտեղ, հակառակ ներկայացվող փաստերին՝ «որեւէ թանկացում տեղի չի ունեցել»:

Եւ գիտե՞ք՝ ինչու:

Ո՛չ այն պատճառով, որ Կենտրոնական բանկը որոշել է գների կայունացման «լոկալ գործունեություն ծավալել» Էջմիածնում, կամ որ այստեղ բոլոր խանութպաններն ու գործարարները որոշել են միահամուռ կերպով  «վնասով աշխատել»՝ հօգուտ սպառողի:

Գների կայուն մակարդակը պահպանելու համար այստեղ ընդամենը «վի՛զ են դրել», իսկ «վիզ դնողն էլ», պարզվում է, գեներալ Մանվել Գրիգորյանն է, ով իր համակուսակից, համաքաղաքացի եւ համակոչումակիր Սեյրան Սարոյանի նմանությամբ՝  երեկ խիստ անկեղծությամբ է աչքի ընկել Ազգային ժողովում:

«Շատ վատ եմ վերաբերվում թանկացումներին, ո՞նց պիտի վերաբերվեմ: Ինչ վերաբերվում է Էջմիածնին, ապա լուրերը, թե խանութներ են փակվել եւ այլն, չեն համապատասխանում իրականությանը: Էջմիածնում խանութ չի փակվել, անձամբ մենք վիզ ենք դրել, ու անգամ հացը տասը դրամ չի թանկացել, չե՛նք թողել»,- լրագրողների առջեւ հայտարարել է Գրիգորյանը:

Հիմա մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իրականում, ինչպես ամենուրեք, Էջմիածնում էլ ամեն բան թանկացել է, եւ ինչպես մի քանի լրատվամիջոցների հրապարակած նյութերի ներքո արված «քոմենթներում» էինք կարդում՝ «հացը շատ էլ լավ թանկացել ա ու հենց էս պահին 260 դրամ  ա»:

Եւ մի կողմ դնենք, որովհետեւ մի տեսակ անհարմար էլ է գեներալ մարդուն, ով նաեւ արցախյան պատերազմ է շահել, մեղադրել պարզ ստախոսության մեջ:

Ընդունենք՝ գեներալն ի՛նքն է ճշմարիտ. ոչ մի թանկացում տեղի չի ունեցել, իսկ հակառակը պնդողներն էլ «շա՛տ բան են ասում», որովհետեւ  «չար, վատ լեզուներ են»: Այ՝ գեներալ Մանվելն ասում է՝ «Ուզու՞մ եք, հիմա ես էլ հարյուր հազար մարդ բերեմ, որ հակառակն ասեն»:

Բայց այդ դեպքում մենք էլի ՛ խնդիր ունենք, որի լուծման համար, հաստա՛տ արժի «վիզ դնել»:  Եւ գիտե՞ք՝ որն է այդ խնդիրը:

Այն, որ հնարավորինս արագ մենք պիտի այնպիսի իշխանություններ ձեւավորենք ազատ-արդար ընտրությունների արդյունքում եւ այնպիսի երկիր, որտեղ ոչ մի Մանվել Գրիգորյան չկարողանա եւ իրեն իրավունք չվերապահի «վիզ դնել» որեւէ խնդրի կարգավորման համար:

Որքան էլ այդ խնդրի լուծումը «արդարացի» դիտարկվի հանրության այս կամ հատվածի համար, եւ որքան էլ այն կոնկրետ խոցելի խմբերի «սրտին յուղ լցնի»:

Հակառակ դեպքում դժվար է ասել, թե ինչ կմնա մեր երկրից, եթե, մի կողմից՝ լֆիկները, մյուս կողմից՝ գեներալները եւ սրանց վերեւում՝ Բաղրամյան 26-ը, շարունակեն «վիզ դնել»:

Ավելին ասենք՝  եթե գեներալ Մանվելն այդքան կարեւորում է «վիզ դնելը», եւ դա պարտադիր պայման է գեներալության, տղամարդկության եւ էլի՝ չգիտեմ, թե ինչի, լավ կլինի «վիզ դնի» եւ Սերժ Սարգսյանից պահանջի այն «լավը», ինչը նա խոստացել էր սրանից ուղիղ 11 ամիս առաջ՝ Մանվել Գրիգորյանի գլխավորած Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի ընթացքում:

Ինչպես հիշում եք՝ այդ համագումարի ընթացքում նաեւ հարցեր էին հնչել, որոնց Սերժ Սարգսյանը պատասխանել էր շատ կոնկրետ խոստումներով, ընդ որում՝ թե՛ ամբողջ ժողովրդին, թե՛ կոնկրետ խմբերին ուղղված, եւ ահա թե ինչ էր պատասխանել հարցերից մեկին.

— Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարցերի պատասխաններից մեկի ժամանակ Դուք խոսեցիք մեր տնտեսության ներկա իրավիճակի մասին: Իմ հարցը հետևյալն է՝ ի՞նչ կկանխատեսեք, ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության զարգացումը հաջորդ տարիներին: Շնորհակալություն: Մեսրոպ Մանուկյան — ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս

Սերժ Սարգսյան — Կարծում եմ՝ լավ կլինի, Մեսրոպ ջան, իրոք, լավ է լինելու: Ինչո՞ւ, որովհետև, կարծում եմ, մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ: Ինչքան էլ մենք ասենք, որ Մաքսային միությանն անդամակցությունն անցել է հարթ, առանց որեւէ խնդիրների, այնուհանդերձ, հասարակության մեջ եւ ներդրողների համար անորոշություն կար, թե ի՞նչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի՞ է բերելու եւ այլն: Մենք արդեն ունենք որոշակիություն, ունենք կոնկրետ ծրագրեր, եւ այս որոշակիությունը, կոնկրետ ծրագրերը մեզ հուշում են, որ կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ:

Եթե 2013 թվականին մենք մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ֆոնին ունեցել ենք արտահանման աճ՝ 7,2 տոկոս, ապա Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետեւ այդ 7,2 տոկոսի մի առյուծի բաժինն ընկնում է հենց Մաքսային միության երկրներին, Ռուսաստանի Դաշնությանը:

Կոնկրետ, օրինակ, 2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն մենք արտահանումն ավելացրել ենք 20 տոկոսով, եւ այդ հնարավորությունը հիմա դարձել է անսպառ՝ ահռելի շուկա: 3 միլիոնանոց ժողովրդի համար, մեր տնտեսության համար բացվել է գրեթե 200-միլիոնանոց շուկա՝ գրեթե նույն հնարավորություններով: Մենք անպայման օգտվելու ենք դրանից: Բացի այդ, այս ժամանակահատվածի համար մենք ունենք ծրագրեր տեխնոլոգիաների բնագավառում, որ ավանդաբար Հայաստանում ամեն տարի աճում է 15-20 տոկոս: 2014 թվականին ավարտելու ենք լեռնաаրդյունաբերության ոլորտում մի ծրագիր՝ մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում դրա ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում: Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան՝ մեծ պղնձաձուլարան, ինչն իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով: Եթե չունենանք՝ չենք կարող անել: Այսինքն՝ լեռնաարդյունահանման ոլորտում մենք ունենալու ենք զգալի աճ:

Մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում: Գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում՝ հին «Նաիրիտի» գործարկում: Սա ևս շատ մեծ հնարավորություն է ընձեռնելու մեզ:

Հաջորդը՝ 2014 թվականին արդեն առարկայական է դառնալու 2013 թվականից սկսած մեծ ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է 2019 թվականին ունենալ 50 հազար տոննա ձկան արտադրություն եւ վերամշակում: Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է ու նաև մեծ քանակով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում:

Մենք ունենք լուրջ ծրագրեր ջերմոցաշինության զարգացման գործում: Մենք որոշակի հաջողություններ ունեցանք 2013 թվականին. հենց նաեւ դրա շնորհիվ աճեց արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: 2014 թվականին այստեղ բավականաչափ ավելացում ենք ունենալու:

Մենք ունենք ծրագրեր թեթև արդյունաբերության ոլորտում: Մեր տնտեսական աճի մեջ թեթև արդյունաբերության աճը բավականաչափ տեղ ունի և այսպես շարունակ շատ երկար կարող եմ թվարկել: Այնպես որ, ես ձեր ասած 2014-ին եւ ապագա տարիներին տնտեսական շատ լավ հաջողություններ եմ տեսնում:

Նախորդ հոդվածը‘Երբ կոալիցիան «ուտում էր», Արթուր Բաղդասարյանը առողջ ապրելակերպ էր քարոզում. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Թեւանիկի» ոդիսականը՝ 2014-ին ‘